>

Երգչուհի Հասմիկ Կարապետյանն արդեն երկու տարի է` ստանձնել է հոգատար մայրիկի պարտականությունն ու ժամանակի մեծ մասը նվիրել ընտանիքին: Երգչուհին ասում է՝ դա գիտակցված ընտրություն էր, քանի որ  կնոջ կյանքում ընտանիք կազմելը շատ կարևոր է:

Tert.am Life-ի հետ զրույցում Հասմիկը պատմել է ընտանեկան կյանքի, դստեր՝ Տաթևի դաստիարակության և ամուսնու հետ հարաբերությունների մասին:

Հասմիկը նկատեց, որ կարողանում է պատվով կատարել նվիրված կնոջ ու հոգատար մայրիկի պարտականությունները, թեև չթաքցրեց առանց ամուսնու ու հարազատների աջակցության շատ ավելի դժվար կլիներ։ «Կա գերհոգնածություն, որի մասին չեմ կարող չխոսել։ Պատկերացրեք ամեն օր պետք է հասցնես և՛ տունդ մաքուր պահել, բոլոր կենցաղային գործերն անել, և՛ երեխային խնամքով զբաղվել: Դա հեշտ չէ, ինձ համար ավելի դժվար է հոգեպես, որովհետև ես արվեստի կին եմ. չստեղծագործելն ինձ համար շատ դժվար է: Այդ իսկ պատճառով իմ վիճակը մի քիչ սթրեսային է»,– ասաց նա ու հավելեց, որ ժամանակ առ ժամանակ պոռթկումներ են լինում սեփական «ես»-ը մոռացության մատնելու և ժամանակի մեծ մասը երեխային նվիրելու առումով:




Քոչարյանի զոհերը





«Դժվար է հատկապես, որ ես մինչև ամուսնությունը շատ ակտիվ եմ եղել։ Սակայն ինքս եմ ընտրել սա, որովհետև կարևորում եմ ընտանիք ունենալը: Չեմ կարծում, որ Հայաստանում արժե զոհել ընտանիքը, անձնական կյանքը հանուն կարիերայի: Ցավոք, ես շատ մեծ պատասխան չեմ ստացել իմ կարիերայի ընթացքում, որովհետև պահել եմ իմ երաժշտական որակը, ձեռագիրը: Այդուհանդերձ, կարծում եմ՝ կարիերայի ու ընտանիքի համատեղումը շատ ճիշտ է: Հնարավոր է՝ սա ուղղակի ժամանակավոր փոքրիկ, էտապ է իմ կյանքում»,- ասաց երգչուհին

Հասմիկը նկատեց, որ ամուսինն իրեն քաջալերում է, նույնիսկ հորդորում է ավելի շատ ուշադրություն դարձնել ստեղծագործական կյանքին. «Շանթը շատ է գնահատում, որ ես հոգատար մայր եմ:

Միշտ ինձ ասում՝ հիանում եմ, թե ինչպիսի մայր ես դու, սակայն ասում է՝ բավական է, Տաթևն արդեն մեծ է, դու պետք է ստեղծագործես,  քեզ ավելի շատ ժամանակ տրամադրես: Ես համաձայն եմ իր հետ, բայց կարծում եմ՝ իմ փոքրիկ աղջնակը արժանի է 5 տարի լիակատար ուշադրության մինչև մեծ բալիկ լինի»։


Երգչուհին պատմեց, որ ընտանեկան ժամանցի իրենց ամենասիրելի տարբերակը զբոսանքն է հատկապես արևային եղանակին: Ունեն նաև գեղեցիկ ընտանեկան ավանդույթ. «Ամեն կիրակի սիրում ենք երեքով եկեղեցի գնալ, մոմ վառել, ինչ-որ առումով ամեն մեկս մեզ համար լուռ աղոթք ասել, շփվել Աստծո լույսի հետ, չէ՞ որ եկեղեցին Աստծո տունն է և ամեն անգամ, երբ գնում ես, թեթևություն ես զգում: Թե՛ իմ, թե՛ ամուսնուս մոտ այդպես է: Նա շատ է սիրում այդ ավանդույթը, որովհետև իր ընտանիքում էլ են այդպես արել»:

Հասմիկի խոսքով, իր և ամուսնու միջև, ինչպես ցանկացած զույգի դեպքում, վեճեր լինում են՝ կապված նաև երեխայի խնամքի ու դաստիարակության հետ: «Դա շատ նորմալ եմ համարում: Այդպես էլ պիտի լինի, մեր դեպքում ավելի բարդ է, որովհետև Շանթն այլ երկրում, այլ մշակույթի մեջ մեծացած մարդ է, ես՝ այլ: Մեզ մոտ ընդունված է, որ ամեն ինչ մայրերը պետք է անեն, երեխայի սննդակարգի, քնի կամ խաղերի հետ կապված բոլոր հարցերն իրենք որոշեն: Տարաձայնություններ, իհարկե, լինում են, բայց ես ուրախ եմ, որ Շանթը տեսնելով, թե ես ինչքան ուշադիր մայր եմ, դադարում է ինձ հետ վիճել կամ ապացուցել, որ ինքն է ճիշտ: Իհարկե, միշտ խորհուրդներ է տալիս, որովհետև գրագետ և զարգացած մարդ է: Եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգեպես ու իր խորհուրդներով միշտ օգնում է ինձ»,- պատմեց երգչուհին։



Նրա խոսքով` Տաթևի դաստիարակության հարցում ոչ ինքը, ոչ էլ Շանթը առանձնապես խիստ չեն, քանի որ երեխան դեռ փոքր է և շատ բան չի հասկանում. «Չի կարելի այդ տարիքում ագրեսիվ տոնով խոսել երեխայի հետ, որովհետև դա լավ չէ իր նյարդերի համար: Ամեն դեպքում փորձում ենք մի քիչ խստություն մտցնել, բայց ոչ թե գոռալով կամ խիստ տոնայնությամբ, այլ հասկացնելով, որ այս կամ այն բանը լավ չէ, վնաս է»:

Արդեն երկու օր է` Տաթևը հաճախում է Զարգացման կենտրոն և օրվա 3 ժամն այնտեղ է անցկացնում: Մայրիկը նկատեց, որ նրան տնային պայմաններում զբաղեցնելն արդեն դժվար էր, քանի որ շարժուն է և շուտ է ձանձրանում:

«Ես զգացի, որ նրան ավելի շատ զբաղմունք է հարկավոր: Ես աստիճանաբար կավելացնեմ այնտեղ մնալու ժամերը, որպեսզի Տաթևիս պատրաստեմ հաջորդ էվոլյուցիոն փուլին, որը մանկապարտեզն է: Տաթևն անտարբեր չէ նկարչության հանդեպ, մատիտի ու թղթերի հանդեպ յուրահատուկ հետաքրքրություն եմ նկատել իր մոտ: Ի դեպ, քույրս մասնագիտությամբ նկարչուհի և դիմահարդար է: Կարծում եմ՝ այստեղ գեների դերն է: Երբ Տաթևը քրոջս նկարները տեսնում է, 15 րոպե ուշադիր նայում, ուսումնասիրում է: Այս տարիքում դա զարմանալի է: Զարգացման կենտրոնում նա ավելի լայն զբաղմունքներ կունենա»,- եզրափակեց երգչուհին:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->