>

Մշտապես նորաձև լինելու ցանկությունը միավորում է շատ կանանց, ամեն տարին իր հետ բերում է նոր թրենդներն ու մոտեցումները և նորաձևությունից դուրս թողնում այն, ինչ նախկինում, գուցե must have էր համարվում:

Նորաձևությունը, ինչպես միշտ, բազմազանություն է ենթադրում և ունի առաջարկների մեծ շրջանակ։ Թե ինչ նոր թրենդներ կան 2019-ին, Tert.am Life-ը բացահայտել է դիզայներ Դիանա Շատվերյանի հետ զրույցում։

Դիզայները տվեց իր խորհուրդները, բայց ամենակարևորը հորդորեց  նորաձևությանը հետևելիս չդառնալ դրա զոհը: «Երբ արդեն գտնվում ես կախվածության մեջ, կարող ես գործել ամենամեծ սխալը: Երբ փորձում ես լինել շատ նորաձև, կարող ես սխալվել: Չարժե մնալ նորաձևության ազդեցության տակ։ Միշտ պետք է հաշվի առնել սեփական հնարավորությունները՝ մազի գույնը, մաշկի երանգը, տվյալ ձևը քեզ սազո՞ւմ է, թե՞ ոչ: Նորաձև լինելու հարցում ամենակարևորն ինքնագնահատականն է, երբ սկսում ես ճանաչել մարմինդ ու ավելի ճիշտ հագնվել: Հենց սկսեցիր քեզ ճիշտ ընկալել, ընդգծել առավելություններդ ու թաքցնել թերություններդ, կարող ես ճիշտ ընտրություն անել»,-ընդգծեց նա:




Քոչարյանի զոհերը

Դիանայի խոսքով` պաստելային երանգները, որոնք մի պահ մոռացության էին մատնվել, կրկին վերադառնում են նորաձևություն: Այս տարի նորաձև կլինեն երկնագույնն ու մարջանագույնը (коралловый)։ Այս գույների համադրությունը ևս շատ թրենդային է համարվում:






«Ամենատարածված երանգները՝ արծաթագույնն ու ոսկեգույնը ևս շարունակում են մնալ նորաձևության մեջ։ Մետալիկ երանգները ևս կարելի է տեսնել գարուն-ամառ հավաքածուներում թե՛ առանձին, թե՛ համադրությունների տեսքով: Լատեքսն ու կաշին շարունակում են մնալ 2019-ի նորաձևության մեջ:

Բոլոր նրանց համար, ովքեր վախենում են լատեքսից կամ կաշվից հագուստ կրել, օրինակ, ամռանը, կարող են այդ կտորներից որևէ էլեմենտ օգտագործել հագուստի մեջ ու նորաձև տեսք ունենալ: Օրինակ՝ գարնանը կարելի է լատեքսից կամ կաշվից բարակ զգեստ հագնել, վրայից թեթև, կիսաթափանցիկ մետաքսե վերնահագուստ»,-ասաց դիզայները:

Այս տարի շատ նորաձև են նաև դասական կոստյումները՝ պիջակներն իրենց տաբատներով ու միկրոշորտերը: Դրանք կարճ շորտերն են, որոնք պիջակի տակից չեն երևում: Դիզայները նկատեց, որ նորաձև է ամբողջությամբ մեկ գույնի մեջ հագնվելը, երբ կոշիկը, զգեստն ու պայուսակը մի երանգի են: Oversize կոչվող հագուստները նույնպես կշարունակեն նորաձև լինել:


Դիանան նշեց, որ Denim-ը կամ ջինսերը երբեք նորաձևությունից դուրս չեն գալու, պարզապես այս տարի առավել նորաձև կլինեն բաց երկնագույն ջինսերը: Նորաձև են նաև հովազի և այլ կենդանական պրինտերով հագուստները: Փայլփլուն զգեստները ևս նորաձև են, որոնք երեկոյան կոկտելային զգեստների ընտրության դեպքում,դիզայների խոսքով, լավագույն տարբերակներից են:



Ինչ վերաբերում է կոշիկներին, Դիանան նշեց մի քանի ակտուալ տարբերակ. «Այս տարի շատ նորաձև են կոպիտ տակացուներով կոշիկները, որոնք նույնիսկ ոտքի չափսից էլ ավելի լայն են: Դա վերաբերում է անգամ տափակ ու սպորտային կոշիկներին, իսկ բարձրակրունկների մեջ առավել նորաձև կլինեն հաստ կրունկներով կոշիկները: Այս տարի կովբոյի կոշիկներ են շատ նորաձև: Այդ ոճի կիսաճտքավոր կոշիկները կարելի է կրել նաև ամռանը թեթև զգեստների, կարճ շորիկների հետ: Ուղղակի այդ համադրութունն անելիս պետք է մի փոքր զգույշ լինել, քանի որ միշտ չէ, որ հաջող է ստացվում»:

Դիզայները նշեց, որ նորաձևությունից դուրս չի եկել նաև սպորտային կոշիկի ու զգեստների համադրությունը: Նրա խոսքով, պայուսակներից շատ նորաձև են ուսապարկերը՝ անկախ չափսից: «Առավել համարձակ և նորաձևության մեջ իրենց տեղը գտած մարդկանց խորհուրդ կտամ կրել բավականին մեծ չափսերի ուսապարկեր: Դա բավականին լուրջ աքսեսուար է, որն ամեն մարդ չի կարող ճիշտ համադրել: Նույնը վերաբերվում է մեծ չափսերի ականջօղերին: Պետք է կարողանալ դրանք համապատասխան վայրում օգտագործել, ոչ թե առօրյայում, ինչպես շատ հաճախ տեսնում ենք»,-ասաց նա:

Խոսելով հակաթրենդների մասին, դիզայները նկատեց, որ քիչ բան կա, որ կարելի է հակաթրենդ համարել։ «Այն հակաթրենդները, որոնք հակաթրենդ էին 4 կամ 5 տարի առաջ, հիմա էլ են այդպիսին, ոչինչ չի փոխվել: Կան բաներ, որոնք ուղղակի երբևէ չեն եղել նորաձևության մեջ, բայց մարդկանց թվացել է, որ դա նորաձև է և օգտագործել են: Դրա համար դրանք դժվար է անվանել հակաթրենդ: Շատ օրինակներ կարող եմ բերել, որոնք հիմա նորաձև չեն, բայց դրանք հակաթրենդ չեն համարվում, որովհետև հակաթրենդը և այս պահին ոչ նորաձև հագուստը տարբեր հասկացություններ են: Եթե վանդակավոր կտորներն այս տարի ակտուալ չեն լինելու, դա դեռ չի նշանակում, որ այն հակաթրենդ է: Անգլիական վանդակները չեն կարող դուրս գալ նորաձևությունից, իսկ օրինակ` արաբական ոճի հագուստը առօրյայում կրելը մեծամասամբ հակաթրենդ է բոլոր ժամանակներում: Հակաթրենդներից մեկն էլ շատ բաց, ճղրտված ջինսերն են»:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->