>

Կեսօր էր, հեռախոսը զնգաց, էկրանին գրեց «Բալես»:

— Ալո, ցավդ տանեմ, Հայկ ջան, Հայկո, ալո…
— Հա, մաʹմ ջան, բարև, ո՞նց ես, աʹյ կնիկ, մի գոռա, լսում եմ… Մենք իջանք, մեʹրս…
— Փառք Աստծու, մեռնեմ սիրուն աչքերիդ…




Քոչարյանի զոհերը

Երեկոյան կողմ չզանգեց Հայկը, մայրը մտածեց, որ հոգնած է, չէ՞ որ նոր է դիրքերից իջել զորամաս, 15 օր դիրք է պահել, հեշտ չի… Մայրն այդ գիշեր հանգիստ չքնեց, գիշերն հազիվ լուսացավ:


Մի տեսակ անսովոր էր, սովորաբար, երբ որդին զորմասում է լինում, ինքը հանգիստ քնում է: «Այ քեզ բան, -մտածում էր նա,- տղես իջել ա, զորամասի տարածքում ա, էս ինչի՞ ողջ գիշեր չքնեցի»…





Առավոտյան, հարևանուհու հետ սրճում ու պատմում էր անքուն գիշերվա մասին, և մերթ ընդ մերթ հայացքն ուղղում հեռախոսի կողմը: Մի տեսակ սիրտն անհագիստ էր, հեռախոսը վերցրեց, ստուգեց, զանգի ձայնն արդյո՞ք միացված է, սեղմեց ստեղնաշարին ու նայեց «Բալես» բառին, որի կողքին գրված էր «երեկ»…

— Այ Անուշ ջան, մի տեսակ անհանգիստ ես, մի հատ զանգի:
— Հա, երևի զանգեմ… Էս ինչի՞ ա անհասանելի , էլի անհասանելի… Օ՜ֆ, մինչև հետ գա Հայկս, ես կես մարդ կդառնամ…

Քիչ անց միացնում է հեռուստացույցը, որով հրատապ լուր էին հաղորդում առավոտ շուտ. «Հակառակորդը սահմանի ողջ երկայնքով անցել է հարձակման»…


Առավոտյան շուտ տագնապ էր զորմասում, մարտական տագնապ: Ոմանք կարծում էին, թե սովորական ուսումնական տագնապ է, և ալարելով էին իրենց անկողնուց վեր կենում, բայց չէ, կարծես թե պայթյունների ձայններ են լսվում: Հայկը շտապ-շտապ հագնվեց և դեպի ելք գնաց ու մտքում մտածում էր. «Պատերազ՞մ է, դժվար թե, կարծես թե ամեն ինչ խաղաղ էր»…

Արդեն դեպի դիրք ճանապարհին էին տղերքը, արկը պայթեց զինվորներին տեղափոխող մեքենայից քիչ հեռու, ցնցումը զգացին իրենց մաշկի վրա, բայց վիրավորվելու համար բավականին հեռու էին: Հրաման տրվեց, որ մնացած ճանապարհը պետք է ոտքով անցնեն… Թշնամին կրկին հայի արյան ծարավ էր, գարնանը փոխանակ արարի, հողը մշակի, անցել է հողը վերքերով պատելու գործին: Հողը ծանր տնքում է ամեն մի հրթիռի, ականի ու արկի պայթունից, տնքում է ցավից, տնքում է ջրով ոռոգվելու փոխարեն արյամբ կրկին ներկվելու ցավից…



— Հեռախոսս ու՞ր է,- մարտի թեժ պահին հիշեց Հայկը, — լավ, դրա ժամանակը չի…
— Տղե՛րք, անցեք շրջանաձև պաշտպանության …
— Աջից են գալիս…

Բոլորն իրար ցուցում էին տալիս, բայց միևնույն է , ոչինչ չէր լսվում, կրակոցների, պայթունների ձայները խլացնում էին ամեն ինչ ու հրամանը տղերքը ոչ թե լսում էին, այլ զգում էին: Զգում էին աչքերով, մտքով, հայացքով և անցնում հրամանի կատարմանը… Հայկը կրկին հիշեց հեռախոսի մասին, բայց նա հեռախոսի մասին չէր հիշում, այլ իր մոր, պարզապես հեռախոսը պատրվակ էր… Ինչ որ բան սուրաց գլխավերևում և հաջորդ վայրկյանին պայթունի ձայն լսվեց:

Աշխարհը մթնեց, շուրջբոլորը կորավ սև փոշու մեջ, վերևից քար ու հող էր թափվում, որոնք դիպչում էին մարմնի տարբեր մասերին, սակայն ոչ մի ցավ չէր զգացվում: Այնուհետև ոտքերի մոտ Հայկը զգաց հաճելի ջերմություն, որը քիչ-քիչ տարածվեց ողջ մարմնով: Զինակից ընկերները վրա հասան, իր գոտին էին արձակում, հետո այն ոտքին կապեցին, իսկ նա լուռ հետևում էր տղերքին… Մի անասալի ցավ զգաց, ճչած ցավից, կծկվեց, բայց հաջորդ պահին իրեն պահեց…

-Զենքս ուրա՞…
-Պառկի, սպասի, ինչ զենք…

-Հանեք վիրավորին…
-Արագ…

Լուրերով ցույց են տալիս զոհերի նկարները. «Խորը վշտով ցավակցում ենք…»: Հեռուստաէկրանից ժպտում էր Հայկը, հավերժ 19 տարեկան Հայկը…

Ֆեյսբուք՝ Կարեն Հովհաննիսյան

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->