>

Այսօր Սուրբ Սարգիս զորավարի օրն է: Ինչպես գիտեք, սիրո բարեխոսի տոնին նախորդող գիշերն, ըստ ավանդույթի, չամուսնացած աղջիկներն ու տղաներն աղի բլիթ են ուտում իրենց ընտրյալին երազում տեսնելու ակնկալիքով:

Ու մինչ դուք արթնացել ու փորձում եք հիշել` ի՞նչ երազ եք տեսել, և ո՞վ է եղել այն խորհրդավոր անձնավորությունը, որը մի բաժակ ջուր է առաջարկել աղի բլիթի առաջացրած ծարավը հագեցնելու համար, կամ  հարցուփորձ եք անում մտերիմներին իրենց տեսած երազի մասին, BlogNews.am-ը փորձել է պարզել, թե ինչ «ազդեցություն» է ունեցել աղի բլիթը չամուսնացած հայտնիների վրա:

Հասմիկ  Խոջյանն առիթ ունի հավատալու տոնի խորհրդին




Քոչարյանի զոհերը

Ամեն տարի ուտում եմ, քանի որ եղբայրս ինձնից շատ մեծ է, ու քանի դեռ նա ամուսնացած չէր, նրան ընկերակցելու համար ես էլ էի փորձում, ու այդպես սովորություն է դարձել, ամեն տարի ուտում եմ։ Առիթ ունեմ հավատալու տոնի խորհրդին, որովհետև մայրիկս հայրիկիս տեսել է իր երազում։ Երեկ էլ, իհարկե, փորձել եմ ու այն մարդկանց թվին եմ պատկանում, ովքեր միշտ գունավոր երազներ են տեսնում, բայց աղի բլիթի օրերին, այս տարի՝ ևս, չեմ հիշում՝ ինչ եմ տեսել երազումս։ Առավոտյան արթնացել եմ ու մտածում եմ՝ ինչո՞ւ, գոնե հիշեիր մի բան։


Հարցի համար՝ ինչ անե՞լ՝ աղի բլիթներ թխել ու երազներին հավատա՞լ, թե՞ կարմիր սրտիկներ գնել, գեղեցիկ փաթեթավորել ու սիրային քառյակներով սիրելիին նվիրել, Հասմիկն ունի իր տարբերակը. «Երբ մարդը սիրում է ու սիրված է, ինձ համար տարբերություն չկա տոների միջև, ու կապ չունի՝ որն է նշում։ Կարծում եմ, որ երկուսն էլ պետք է նշել, որովհետև ամեն օրն է պետք տոն դարձնել սիրելիի համար»։





Նորայր Եղյանը մոռացել է ու քնելուց առաջ մի մեծ բաժակ ջուր է խմել

Սուրբ Սարգսի խորհրդին հավատում եմ, որովհետև դա տարիներով եկած ավանդույթ է։ Երեկ էլ կերել եմ աղի բլիթ, ուղղակի վերջին պահին մոռացա ու մեծ բաժակ ջուր եմ խմել մինչև քնելս։ Չնայած ինձ թվում է, որ ջուր խմել կամ չխմելն այդքան էլ էական չէ․ եթե պետք է տեսնես նրան, ուրեմն՝ հաստատ կտեսնես։ Երազս այնքան էլ լավ չեմ հիշում, բայց ինչ-որ բաներ եղել են, երևի օրվա ընթացքում կամաց-կամաց կհիշեմ։

Նորայրի համոզմամբ էլ՝ սիրո համար չպետք է հատուկ օր լինի, տարվա բոլոր օրերն անխտիր պետք է սիրով լցված լինեն։

Էրմինա Զախարովան երազում սպանություն է տեսել


Ես չեմ փորձում աղի բլիթ, քանի որ չեմ հավատում տոնի խորհրդին, բացի այդ՝ աղի բլիթի համն ինձ դուր չի գալիս։ Ոչ մի անգամ կյանքում չեմ փորձել ու կարծում եմ՝ չեմ էլ փորձի, նույնիսկ հետաքրքրության համար։

Մեր նկատառմանը, որ, այդուհանդերձ, գիշերն ունի կախարդական ուժ, ու հետաքրքիր է՝ ի՞նչ երազ է տեսել Էրմինան, դերասանուհին պատասխանում է. «Սարսափ կինոյի նմանվող ինչ-որ բան էր, որը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր նախորդ օրը եղած նկարահանումների փորձով։ Բեմադրությունը դետեկտիվ էր, ու երազումս սպանություն եմ տեսել։

Երիտասարդ դերասանուհին այն մարդկանց թվին է պատկանում, ովքեր առանձնապես չեն նշում ո՛չ Սուրբ Վալենտինը, ոչ էլ Սուրբ Սարգիսը։ Էրմինան տոներն առանձնահատուկ օրվա չի վերածում։



Գևորգ Հայրապետյանն էլ գիշերը չի քնել 

Կար ժամանակ, որ ուտում էի աղի բլիթ ու պատկերացնում, թե տեսել եմ մեկին, ով ջուր է տալիս, բայց մոտ երկու տարի է՝ չեմ փորձում։ Անկեղծ ասած՝ պատճառը զուտ զբաղվածությունն է։ Ասեմ ավելին՝ գիշերը նույնիսկ չեմ քնել ու աշխատել եմ, հիմա նոր պատրաստվում եմ քնել։ Բայց, իհարկե, դա չի խագարում հավատալ, որ կա ինչ-որ մեկն այս աշխարհում, ով սպասում է ինձ ինչ-որ տեղ։

Դերասանի կարծիքով՝ սիրո գեղեցիկ արտահայտման համար պարտադիր չէ օրացույցում հատուկ օր առանձնացնել։ Գևորգի համար ամենակարևորն այն է, որ զույգերը հավատան իրար ու հավատան այն սիրուն, որը կջարդի ամեն փակ դուռ. «Բոլոր նրանք, ովքեր սիրում են, մաղթում եմ, որ ամուր պահեն իրենց երջանկությունն ու բոլոր փորձությունների միջով անցեն միասին, չհիասթափվեն, չկոտրվեն որևէ անհաջողությունից։ Ես իմ առաջարկած բանաձևով սիրել եմ ժամանակին։ Ու գիտեք, օրեր առաջ քայլում էի փողոցում ու հանկարծ նկատեցի, որ տխուր զույգեր էլ կան։ Մեկը հեռախոսի մեջ է, մյուսը չգիտես որ կողմ է նայում։ Իրականում տղան ու աղջիկը կողք-կողքի նստած են, բայց ժամերով իրար չեն նայում։ Այնպես որ, շատ սիրեք, գնահատեք պահն ու վայելեք միմյանց ներկայությունը։

Թամարա Պետրոսյանն աղի բլիթի փոխարեն պիցցա է կերել

Ես աղի բլիթ երբեք չեմ փորձել, երևի մի անգամ, այն էլ՝ փոքր տարիքում։ Անգամ չգիտեի, որ անցած գիշերը պետք էր ուտել (ծիծաղում է)։ Բայց երեկ թարսի պես աղի պիցցա եմ կերել ու ամբողջ գիշեր ջուր էի խմում։ Երազում էլ անընդհատ ծարավում էի, ջուր էի ուզում խմել, բայց ջուր տվող չկար։ Տարբեր տղաներ կային, բայց ոչ ոք ջուր չտվեց։

Թամարան էլ այն կարծիքին է, որ հայերս այնպիսին ենք, որ ցանկացած ընթրիքից կարող ենք տոն սարքել. «Որքան էլ Սուրբ Վալենտինի տոնը հայկական չէ, բայց, միևնույն է, տարիների ընթացքում ավանդույթ է ձևավորվել, ու նշում ենք։ Երկու տոներն էլ տարբեր ուղերձներ ու նախապատմություններ ունեն։ Եթե կարելի է երկուսն էլ տոնել, ինչու ոչ, տոնենք, ուրախանանք, մեզ միայն առիթ է պետք սիրահարվելու ու սիրելու համար»։

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->