>

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը հաղորդավար, դերասան, շոումեն Սուրեն Փահլեւանյանն է: Մենք զրուցել ենք նրա ստեղծագործական կյանքի, նոր ծրագրերի մասին: Սուրենը պատմել է, որ «Կարմիր բլուր»-ում նկարահանվելուց հետո մի փոքր դադար է վերցրել, որեւէ նախագծում չի նկարահանվում, որպեսզի հեռուստադիտողներն էլ կարոտեն իրեն:

Փոխարենը երեւանյան ակումբներից մեկում հանդես է գալիս որպես գեղարվեստական ղեկավար եւ շոումեն: Մենք Սուրենի հետ զրուցել ենք նաեւ հայաստանյան ներքին քաղաքական կյանքի մասին: Նա խոստովանել է, որ քաղաքականությամբ, առհասարակ, հետաքրքրված չէ, ափսոսում է իր ժամանակը ծախսել նման բաների վրա:

-Սուրե՛ն, որքանով տեղյակ եմ, «Կարմիր բլուր» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո դեռ չեք հասցրել որեւէ նախագծում ընգրկվել, այդպե՞ս է:




Քոչարյանի զոհերը

-Այո՛, ուզում եմ, որ հեռուստադիտողներն ինձնից մի քիչ հանգստանան, որպեսզի հաջորդիվ նոր կերպարս ստացված լինի: Հիմա երեւանյան ակումբներից մեկում հանդես եմ գալիս որպես շոումեն եւ գեղարվեստական ղեկավար: Մինչ այդ որպես շոումեն էլի էի աշխատել մի շարք ակումբներում, բայց գեղարվեստական ղեկավարի աշխատանքն ինձ համար նորություն էր:


-Կա՞ մի նախագիծ, որը կուզեիք անպայման իրականացնել Հայաստանում:





-Մի քանի այդպիսի նախագիծ կա, բայց որքան էլ մտածում եմ, հասկանում եմ, որ դրանք երբեք էլ կյանքի չեն կոչվի: Նախագծեր կան, որ միայն քասթինգի համար հարյուր հազարավոր մարդիկ են պետք, հասկանու՞մ եք, դրանք Հայաստանի համար չեն: Այդ պատճառով էլ դրանք պարզապես մնում են երազանքներ: Ես հիմա մի գործով էլ եմ զբաղված. հանդիսանում եմ «Արցախի ձայներ»-ից հայտնի երգիչ Պարույր Գրիգորյանի պրոդյուսերը: Նոր երգերի վրա ենք աշխատում այս պահին:

-Սուրե՛ն, իսկ հայաստանյան ներքին քաղաքական կյանքով հետաքրքրվո՞ւմ եք: Հեղափոխությունից առաջ ակնկալիքներ ունեի՞ք, եթե այո, դրանք իրականանո՞ւմ են:

-Ճիշտը եթե ուզում եք իմանալ, ես հեղափոխություն չեմ զգացել, դրան մասնակից չեմ եղել եւ երբեք քաղաքականությամբ չեմ հետաքրքրվել: Ազնիվ խոսք եմ ասում: Հեղափոխության օրերին մեր բակի մոտ ճանապարհներ էին փակել, խորոված էին անում. դա ինձ վրա ոչ մի ազդեցություն չէր թողնում: Հիմա էլ ոչ մի բան չեմ զգում: Աշխարհում 7 միլիարդ մարդ կա: Ես մտածում եմ, որ ես այդ 7 միլիարդից մեկն եմ, ոչ թե մի քանի միլիոնից մեկը: Ես ավելի շատ մտածում եմ աշխարհի, բնության մասին…

-Ձեզ կոսմոպոլիտ եք համարո՞ւմ:


-Ինչպես կուզեք, անվանեք: Ինձ շատ ավելի հետաքրքիր է գլոբալ տաքացման, փղերի ոչնչացման թեման, իսկ թե մեր քաղաքապետն ով է կամ քաղաքային ավտոբուսը լավն է, թե չէ, շատ քիչ է ինձ հետաքրքրում:

-Բայց չէ՞ որ հենց Ձեր կենսաձեւը սերտորեն կապված է այն հանգամանքից, թե ով է ղեկավարում երկիրը կամ թե ինչ վիճակում է, ասենք, քաղաքային տրանսպորտը:

-Դրանից է կախված, բայց որ մի քիչ խորանանք, կհասկանանք, որ աշխարհը պետք է թույլ տա, որ Հայաստանը լավ լինի, ոչ թե մեկը, մյուսը կամ հարեւանս: Դրա համար չեմ խորանում այդ ամենում, ափսոսում եմ ժամանակս, հատկապես, որ գիտակցում եմ՝ ոչինչ չեմ կարող փոխել:



-Հիմա շատերը կմտածեն, որ Դուք անտարբեր եք Հայաստանի ճակատագրի հանդեպ:

– Թող մի հոգի էլ անտարբեր լինի: Հիմա շատերն իրենց փոքրիկ մեկնաբանություններով ուղղակի խանգարում են մնացածին: Հիմա եթե ես Հայաստանի մասին խոսեմ, խանգարելու եմ: Ինչ անելու են, թող անեն:

-Ձեր դստեր ապագան տեսնո՞ւմ եք Հայաստանում:

-Այո, տեսնում եմ: Իմ երեխան էլ է մեծանում այդ դաստիարակությամբ, որ աշխարհում 7 միլիարդ մարդ կա, աշխարհը միայն Հայաստանով չի սահմանափակվում: Նա լեզուներ կսովորի, շփումներ կհաստատի, ավելի լան կմտածի:

-Իսկ կա՞ մի բան, որ մեր երկրում կուզեք անպայման փոխել:

-Ամեն դեպքում, պետք չէ ուրանալ այն ամենը, ինչ ժամանակին արել-դրել են ու երկիրը հասցրել այս օրվան: Պետք է տիրություն անենք այն, ինչ ժառանգել ենք, եւ ապրենք, արարենք՝ մեր սերունդներին թողնելով արժեքներ:

Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->