>

Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է դրա միայն առաջին փուլը: Ալիեւի հայտարարությունը մի կողմից նրա ավանդական ռազմական հռետորաբանությունն է, որպիսին հայկական կողմը լսել է տարիներ շարունակ, իսկ որոշակի փուլերում էլ ստիպված է եղել հակազդել դրա գործնական դրսեւորմանը:

Մյուս կողմից, Ալիեւի հայտարարությունն ունի թերեւս հատկանշական տարբերություն: Համենայն դեպս հետաքրքիր է, թե ի՞նչ «առաջին փուլի ավարտի» մասին է խոսքը: Եվ հատկանշական է, որ այդ հայտարարությունը հնչում է Վիեննայի հանդիպումից հետո, Հայաստանի պաշտպանության նախարարի ու վարչապետի հայտարարությունների ֆոնին՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքի մասին, եւ ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի ֆոնին, որ Ալիեւն ունեցել է ապրիլի 2-ին: Ի դեպ, ապրիլի 1-ին էլ Պուտինը խոսել էր Փաշինյանի հետ:





Ընդ որում, եւս մի հատկանշական տարբերություն այդ առումով: Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հայաստանի վարչապետը Մոսկվային շնորհակալություն է հայտնել միջնորդական ջանքի համար: Ալիեւի հետ հեռախոսազրույցի մասին Կրեմլի հաղորդագրության մեջ Ալիեւի շնորհակալության մասին՝ ոչինչ: Արդյոք դա նշանակում է, որ Ալիեւը չունի դրա առիթը կամ պատճառը՝ Վիեննայից հետո մասնավորապես եւ թավշյա հեղափոխությունից հետո ընդհանրապես:





Անցնող մեկ տարվա ընթացքում հայկական կողմն, օգտագործելով լեգիտիմ իշխանության հանգամանքը, ձեւակերպել է կարգավորման գործընթացի օրակարգային մի շարք հարցեր՝ Արցախի սուբյեկտությունից մինչեւ իրավիճակի կայունության եւ պատերազմի զսպման համար Ռուսաստանի պատասխանատվությունը, զուգահեռ հետաքրքիր օրակարգեր առաջ բերելով եվրասիական եւ մերձավորարեւելյան ուղղություններում:

Վիեննայի հանդիպումը գործնականում այդ լայն քաղաքականության հանրագումարային որոշակի հանգրվան էր, եւ ոչ միայն արցախյան գործընթացում բարձր մակարդակի հերթական հանդիպում: Ահա այդ համատեքստում է հատկանշական Ալիեւի հայտարարության առանձնահատկությունը՝ պատերազմի շարունակության, բայց «Հայաստանի հետ պատերազմի առաջին փուլի ավարտի» մասին:


Տպավորություն է, որ Ալիեւն իր զինվորականությանն ու հանրությանը փորձում է բացատրել, թե ինչու համենայն դեպս որոշակի ժամանակահատված պետք է դե ֆակտո զերծ մնա «ռազմական ռեժիմի» քաղաքականությունից, մյուս կողմից հավաստիացնելով, որ դա ընդմիշտ չէ:



Ինքնին հասկանալի է, որ Ալիեւն էլ խաղում է, սակայն ստիպված է խաղալ այդ կերպ, հայտարարելով «առաջին փուլի ավարտը»:

Դա իհարկե ամենեւին չի նշանակում, որ հայկական կողմի համար կարող է որեւէ ավարտուն փուլի բաժանվել պատերազմի պատրաստվելը՝ խաղաղության գլխավոր գրավականը: Հայաստանի համար այդ փուլը պետք է լինի անվերջ, անկախ քաղաքական մթնոլորտից եւ բովանդակությունից: Ի վերջո, նաեւ այդ պատրաստությունն է ապահովում մթնոլորտ եւ օրակարգ ձեւավորելու նպատակների իրագործման արդյունավետությունը: Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հայտարարել է, որ քանի քաղաքական առումով չկա վերջնական կարգավորում, մենք պետք է մշտապես պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Դա Հայաստանի համար պետք է լինի աքսիոմ եւ պրակտիկա միաժամանակ:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->