>

Որդու համաձայնությունը վերջնական չստացած, տկն Կարինեն շտապել է Թատերական ինստիտուտ և հավաքել ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը։

«Սկզբում Բենն էլ կասկածով էր մոտենում հարցին, ասում էր ես կկարողանա՞մ, թե՞ չէ։ Ես ասում էի՝ այո՛, ինչու չես կարողանա։ Ընդունելությանն ընդառաջ ասացին` պետք է շատ աշխատեք, մենք այդ աշխատելու ժամանակը չունեինք, բայց Բենն իր ուժերով, աշխատասիրությամբ նա կարողացավ ընդունվել»։

Դերասանին ոգևորող մայրիկը նաև նրա քննադատն է՝ բաց չի թողնում ոչ մի եթեր։ Տկն Կարինեն ժպիտով նկատեց, որ առանձնացնում է ոչ միայն որդու, այլև նրա խաղընկերների թերացումները:) «Գուցե դա կապված է ծնողական էգոիզմի հետ, բայց միշտ մտածում եմ, որ իմ երեխան ավելի լավ է խաղում, ավելի լավ դերասան է»,- ժպիտով ու հպարտությամբ ասաց նա։





Ավո Խալաթյանի մայրիկն ասում է`որդու ամենամեծ քննադատն է





Դերասանուհի Փիրուզա Խալաթյանն Ավո Խալաթյանի մայրիկն է: Որդու հետ կապված մանկության յուրաքանչյուր հիշողություն դերասանուհի մայրիկը պատմում է գերէմոցիոնալ։ Ավոն, մայրիկի խոսքով, եղել է չարաճճի երեխա։

«Շատ հաճախ ծնողները ֆետիշացնում են իրենց երեխաներին, հատկապես միակ երեխաներին։ Ես նման ախտանիշ երբեք չեմ ունեցել։ Մենք ապրում ենք Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ՝ «արվեստագետների շենքում»։ Ավիկը 4-5 տարեկան էր, Հրազդան մարզադաշտում ֆուտբոլային հանդիպում կար։ Պարզ է, չէ՞, թե ինչ իրարանցում էր այդ տարածքում՝ մարդիկ ավտոմեքենաները կայանում էին, երկրպագուները խմբերով գնում էին դեպի մարզադաշտ։ Երեխայիս հետ արդեն հասել էինք կոշիկի խանութ ու մինչ ես իր համար կոշիկ էի նայում, նկատեցի, որ Ավիկը չկա։ Մտածում էի այդ բազմության մեջ ինչ պիտի անի երեխան, ինչպես պետք է գտնենք նրան։ Ես գոռում էի, ճչում, մի կերպ հասա մեր բակն ու ասում եմ Ավիկս չկա։ Հարևանները միացան ինձ, փորձում էինք գտնել նրան։  Դա մոտ 10-15 րոպե է տևել, բայց ինձ շատ երկար թվաց։ Հետո բակի երեխաները գոռալով եկան, թե Ավիկին գտել ենք։ Նա շատ հանգիստ, իր համար գետնանցումով անցել ու փորձել էր շենքի մոտ հասնել,- պատմեց դերասանուհին ու, արցունքները մաքրելով ավելացրեց,– երբ աստիճանների մոտ տեսա նրան, անկարողությունից ծնկի է եկել և արտասվել»։

Դերասանի մայրիկն ավելացրեց, որ չնայած փոքրիկ չարաճճիություններին, որդին վտանգավոր որևէ բան չի արել, որի համար մայրը կամաչեր կամ ներողություն կխնդրեր։


Մայրիկը որդու համար երաժշտական ապագա էր կանխատեսու ու ցանկանում, բայց Ավոն սկզբում նախընտրել է սպորտը, Հանրապետության մակարդակով լողի փոխչեմպիոն է եղել. «Եղավ ընթացք, երբ ուշադրությունը սևեռեց նկարչության կողմ, սկսեցինք մտածել, որ հայրիկի մասնագիտությամբ է ուզում շարունակել։ Բայց դպրոցում սովորելու վերջին տարում որոշեց, որ գնալ Թատերական ինստիտուտ։ Հայոց բանակում  ծառայելուց հետո վերադարձավ և արդեն էլ ավելի հագեցած գրաֆիկով սկսեց խաղալ թատրոնում։ Ինձ մնում էր միայն ուրախանալ նրա հաջողություններով»։

Դերասանուհին անկեղծացավ, որ մասնագիտական տեսանկյունից հաճախ է քննադատում որդուն, ինչից Ավոն  դժգոհում է․ «Ես Ավիկի ամենամեծ քննադատն եմ, ինքը դրանից միշտ նեղսրտում է և ասում, թե դու ինձ միայն քննադատում ես, մի լավ բան չես ասի։ Իհարկե, ես նախընտրում եմ միշտ ասել այն, ինչը հանկարծ կարող է ուրիշը նկատել և ասել։ Ես չեմ ուզում, որ մեկ ուրիշը դիտողություն անի երեխայիս, ուզում եմ, որ անթերի լինի։ Փորձերին եմ ներկա լինում, առաջնախաղերին անպայման ընտանիքով ենք լինում։ Ես էլ, Նունեն էլ, ոգևորում ենք իր հաջողությւոններից»։

Զիրոյանի մայրիկն ասում է` ինչքան էլ գովում է որդուն, չի ամուսնանում

Վահե Զիրոյանը, որն արդեն ներկայանում է Զիրոյան բեմական անվամբ, խելոք երեխա է եղել։ Մայրիկը` Մարինե Մկրտչյանը, հումորով հիշեց որդու մանկությունը, պատակեկությունն ու այն օրը, երբ որդուն պատահաբար «բռնացրեց» ընկերների հետ ծխելուց։



«Տղայիս քթի միջնապատը փոքր-ինչ թեք էր, երբ դա սկսեց խանգարել շնչառությանը, որոշեցինք վիրահատել։ Բժիշկն ասաց, որ կոտրվածք է ունի, բայց ես չգիտեի, որ իր քիթը կոտրված է եղել, որովհետև փոքր տարիքում, համենայն դեպս, տանը շատ հանգիստ, խելոք երեխա էր։ Զարմացել էի, որ ոչ թե մի տեղից կոտրվածք ուներ, այլ մի քանի։ Փաստորեն, դպրոցույմ է կոտրել քիթը, իսկ ինքը տանն ինչ-որ բան ասելու սովորություն չուներ, հատկապես, եթե խոսքը իրենց տղայական հարցերի մասին էր»,- հիշեց մայրիկը։

Մանկության տարիներին տկն Մարինեն մի անգամ է շատ բարկացել։ Մեզ հետ զրույցում էլ մի քիչ բարկացած վերհիշեց միջադեպը։ «Սպիտակ վերնաշապիկով ուղարկել էի դպրոց, տուն գալիս նկատեցի, որ մեջքին մի ամբողջ կոշիկի տեղ է տպված։ Վա՜յ, ոնց էի ջղայնացել խփողի վրա, ոնց էի վատաբանում։ Ես իրոք չէի պատկերացնում, որ իմ երեխային ինչ-որ մեկը կարող էր խփել։ Տղա է, դա բնական էր, բայց, որպես ծնող չէի պատկերացնում»,- ասաց դերասանի մայրիկը՝ հավելելով, որ որդին տեսակով հանդուրժող ու զուսպ է, բայց թե դրսում իրեն ինչպես է պահում, չի կարող ասել։

Վահեն միանգամից չի որոշել դերասան դառնալ։ Նախ` խոհարարությամբ է զբաղվել։ «Փոքր տարիքում հետվիրահատական բարդություններ եղան իր մոտ, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հակացուցված էր։ Ես որոշեցի, որ իրեն տանել խոհարարական դասընթացների, սկզբում սիրով ուսումնասիրում էր այդ մասնագիտությունը, հետո երկար կանգնելու հետ կապված էլ խնդիր եղավ։ Իրեն շատ ոլորտներում է փորձել, անգամ  հացի փռում է աշխատել,- պատմեց տկն Մարինեն ու ծիծաղելով հավելեց,- դա կապված էր նրա հետ, որ ինքը սկսել էր ծխել, ես էլ տեղյակ չէի։ Որպեսզի, ինձանից ծխախոտի գումար չուզի, աշխատանք է գտել։ Ինձանից գումար չէր ուզում, վաղ շրջանից արդեն ինքնուրույն էր։ Արդեն ուսանող էր, տղաներով դուրս եկան մեր տան պատշգամբ ու այդ ժամանակ հասկացա, որ ծխում է։ Առհասարակ շատ լավ կողմեր ունի՝ հիշաչար չի, ասում է մտածածն ու վերջ՝ անցավ։ Չարություն չունի։ Ընկերության մեջ շատ նվիրված է, ազնիվ, մաքուր ու անշահախնդիր»։

Մայրիկը շեշտեց, որ որդու կողքին կլիներ մասնագիտական ցանկացած ընտրության դեպքում։ «Ինձ հաճախ են կողքից ասում, թե տղադ ինչ լավ է խաղում, ինչ հաջող է ստացվում ու ես միշտ նույն ձևով եմ արձագանքում՝ ի՞նչն է խաղում։ Պատճառն այն է, որ ինքը կայնքում այդպես էլ կա՝ բռնկվող, հուզմունքով։ Դուրսը, տանը, բեմին, էկրանին՝ ինքն այնպիսին է, ինչպիսին կա։ Երբ բեմ է բարձրանում, աչքին էլ ոչ մի բան չի գալիս։ Երևի,  չի փորձում խաղալ, անում է այն, ինչ այդ պահին զգում է ու ամբողջությամբ մտնում է կերպարի մեջ, դրա համար էլ ամեն ինչ շատ լավ է ստացվում»,– նեց մայրիկը։

Հիացմունքով նայելով հեռվում լուսանկարվող որդուն նա ժպիտով ու հպարտությամբ ասաց․ «Տղաս շատ լավն է, ես հպարտանում եմ իրենով՝ մեռնեմ ջանին։ Դե ինձ է քաշել,- կատակեց մայրիկն ու հավելեց,- այսքան գովում եմ, բայց չի ամուսնանում»։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->