>

Տաքուկ, մտերմիկ, անսահման ջերմ, բայց առանց աղմուկի, ավելորդ ճոխությունների. այսպես է անցել Սոֆի Մխեյանի 35–ամյակի օրը, որի ընթացքում լուսանկարել սիրող երգչուհին չի հասցրել նույնիսկ մի քանի պահ ֆիքսել։ Շեշտում է` օրն այնքան ջերմ էր, որ հեռախոսը ձեռքը վերցնելու ժամանակ չի եղել։ Սա եղել է նաև տոնական երեկոյի լավագույն գրավականներից մեկը, ինչը շատ է ոգևորել հոբելյարին։

Հաճելի անակնկալներով ու հուզիչ շնորհավորանքներով լի օրվա մանրամասները Սոֆին պատմել է Tert.am Life-ին։

Սոֆիի համար տոնական տրամադրությունը սկսվել է ավելի վաղ. «Պետք է սկսեմ նախորդ օրերեց, որովհետև ապրիլի 5-ից Գյումրիում էինք, որտեղ ապրիլի 6-ին «Համի ուժի» նկարահանում ունեինք։ Ապրիլի 7–ը տոնական տրամադրությամբ անցկացրինք այնտեղ ու վերադառնալիս հայտնվեցի շատ գեղեցիկ  մի վայրում` Դաշտադեմի ամրոցում, որը գտնվում է Թալինում։ Հետաքրքիր ու տոնական էմոցիաներով չհասկացա` ինչպես ապրիլյոթյան շնորհավորանքները վերածվեցին ապրիլության` ծննդյան շնորհավորանքների»։









Հոբելյարը նկատեց, որ շնորհավորանքների տարափը սկսվել է կեսգիշերից։ Նվերների, ծաղկեփնջերի, ջերմության պակաս նա չի ունեցել։ Շնորհավորանքներն ու բարեմաղթանքները շատ են եղել, սակայն համացանցային շնորհավորանքներից երկուսը Սոֆիին ավելի են տպավորել։ Բնական ու իսկական Սոֆիի մասին պատմող Նազենիի գրառումը, պայքարող ու բոլորին տիրություն անող Սոֆիի մասին Սյունե Սևադայի պատմությունը հոբելյարին հուզել են։

«Միշտ դժվարանում եմ Նազենիին հայտնել շնորհակալությունս, որովհետև ֆանտաստիկ է նկարագրում իր ասելիքը։ Քույր, ընկեր, հարազատ մարդ լինելուց բացի, նա այնպես է տիրապետում խոսքի ուժին, որ ամեն անգամ սրտանց սպասում եմ իր շնորհավորանքին։ Կարդալիս էլ ակամայից հուզվում եմ։ Շատ խորն ու ջերմ էր Սյունե Սևադայի շնորհավորանքը»,– ասաց նա ու հավելեց, որ եղել են նաև ոչ հրապարակային անձնական շնորհավորանքներ, որոնք ջերմացրել են օրը։ Երգչուհին երջանիկ է, որ տարեդարձի օրն իր կողքին են եղել բոլոր հարազատ մարդիկ, որևէ մեկին չի կորցրել, միայն համալրել է ընկերական շրջապատը։

35–ամյակը Սոֆին որոշել էր տոնել մեծ միջոցառմամբ` բոլոր ընկերների հետ, սակայն օրն անցել է ավելի մտերմիկ միջավայրում։ «Հատուկ մտածված չէր երեկույթ չկազմակերպելը, ուղղակի տրամադրությունն ու իրավիճակը բերեցին նրան, որ հասկացա` արդեն ծննդյանս օրն է, իսկ ոչինչ չեմ որոշել։ Ստիպողաբար ոչինչ չարեցի, շարժվեցի օրվա թելադրանքով։ Շատ ուրախ եմ, որ այսպես ստացվեց, որովհետև շատ խաղաղ, հանգստ, միաժամանակ, լեցուն օր  ունեցա։

Երեկոյան արդեն շատ մտերիմ մարդիկ ինձ համար կազմակերպել էին փոքրիկ հավաք, որի ժամանակ ամեն ինչ շատ ազնիվ, խաղաղ, խորը, ջերմ էր։ Երջանկություն է նման մարդիկ ունենալ քո շրջապատում ու իրենց ընկերներ համարել։ Քեզ շատ ավելի պինդ ու ջերմ ես զգում, քան կարող էիր զգալ տոնախմբության դեպքում։ Չկար երաժշտություն, կային մարդիկ, որոնք հավաքվել էին ու շփվում էին իրար հետ։ Մենք հասկացանք, որ ամբողջ երեկոյի ընթացքում չենք վերցրել հեռախոս ձեռքերս։ Հաճելի է հասկանալ, որ այդքան ջերմ օր ենք ունեցել ու նույնիսկ լուսանկար չեք արել, բացառությամբ այն պահի, երբ մուրճիկով  պետք է ջարդեի շոկոլադե տորթը, որտեղ անակնկալ կար»,– ոգևորությամբ պատմեց երգչուհին։


Հայտնի ընկերներից Սոֆիի տարեդարձին ներկա են եղել Նազենի Հովհաննիսյանը, Լուսինե Թովմասյանը, Սոնա Ռուբենյանը, Հրաչ Քեշիշյանը, Նարինե Մանուկյանը, Հրանուշ Եղոյանը։ Ավետ Բարսեղյանը սպասված հյուր էր, բայց գալ չի կարողացել։

Կանայք հաճախ վախենում են թվերից։ Սոֆին էլ աղջիկ է իր հույզերով, մտավախություններով, ոգևորություններով, նրա համար էլ 35–ն ինչ–որ պահի վախեցնող է, բայց հասկանում է` ամեն տարիք ունի իր գեղեցկությունը։ Պետք է որսալ դրականն ու վայելել պահը.



«Ամեն բան հնարավոր է և ամեն ինչ սկսում է կատարվել։ Տարիներ առաջ մտածում էիր` չես մտածի տարիքի մասին, բայց գալիս է պահ, երբ սկսում ես մտածել, որովհետև հասունանում ես, իմաստնանում։ Միաժամանակ, յուրաքանչյուր տարիք ունի իր կարևորությունը։ Ես փորձում եմ չֆիքսվել տխրության վրա, քաղել դրականը, սիրում եմ իմ կյանքը, օրը, ամեն էմոցիան լցնել դրական էներգիայով»։

Երազել Սոֆին երբեք չի դադարում։ Տարեդարձի օրը, թե այլ պահի, նա մտապահում է երազանքներ ու գնում դրանց հետևից։ «Տարբեր տարիներ տարբեր նպատակներ եմ սահմանում ինձ համար, ընդ որում, ոչ միայն տարեդարձիս օրը։

Լինում են շեղումներ ոչ իմ պատճառով, իմ ցանկությամբ կամ ակամայից, բայց ես գնում եմ երազանքներիս հետևից։ Կան բաներ, որոնք կշարունակեմ անել, բաներ, որոնց կձգտեմ։ Տա Աստված, լինի այն, ինչ մտածել եմ, ես կբարձրաձայնեմ այդ մասին` անկախ նրանից փոփոխությունը կլինի անձնակա՞ն, թե՞ ստեղծագործական տիրույթում»,– եզրափակեց երգչուհին։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->