>

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը, որն ավելի լայն լսարանին հայտնի դարձավ «Նռան հատիկ» հեռուստասերիալում մարմնավորելով գլխավոր հերոսուհուն՝ նախագծի ավարտից հետո ամբողջ ժամանակը տրամադրում է երաժշտությանն ու երաժշտական նախագծերի իրագործմանը։ Բացի ստեղծագործական նորությունները, երգչուհին վերջերս իրականացրել է իր վաղեմի ցանկություններից մեկը՝ կտրել է մազերն ու երկրպագուներին ներկայացել նոր ոճով։

Tert.am Life-ի հետ Ռոզան զրուցել է ինչպես ոճափոխության, այնպես էլ սպասվող նորության մասին։

««Նռան հատիկ»–ից հետո միանգամից ցանկություն առաջացավ կերպարումս որևէ բան փոխել, ինչ-որ նոր բան անել։  Մազերս կտրելու միտք վաղուց ունեի, բայց չէի իրագործում, քանի որ  հեռուստասերիալը պետք է ավարտվեր։ Պետք է կերպարիցս դուրս գայի, նոր իրականացնեի ոճային որևէ փոփոխություն։ Երբ հեռուստասերիալն ավարտվեց, սանրվածքս, վերջապես, փոխեցի»,- ժպիտով ասաց Ռոզան ու ավելացրեց, որ նման սանրվածք վերջին անգամ ունեցել է դպրոցական տարիքում, երբ հինգերորդ դասարան էր։





«Կարճ մազերով մի լուսանկար ունեմ, որը շատ է տպավորվել` մայրիկիս հետ եմ, ես դաշնամուրի մոտ եմ նստած։ Այդ ժամանակ արդեն սկսել էի հաճախել երաժշտական դպրոց։ Դրանից հետո մազերս միշտ երկար էի պահում, բայց վերջին շրջանում հոգնել էի երկարությունից։ Նոր սանրվածքով ինձ շատ լավ եմ զգում, նաև հարմար է։ Դեռ չի հոգնեցրել՝ ինձ ամեն ինչ շատ է դուր գալիս»,– ասաց երգչուհին։





Ոճափոխությունը Ռոզա Ֆիլբերգի միակ նորությունը չէ։ Նա ծիծաղելով նշեց, որ թեև որոշել էր հանգստանալ, շարունակում է հնարավորինս շատ ժամանակ տրամադրել երաժշտական նախագծերին։


Առջևում նոր տեսահոլովակն է «Пополам» երգի հիման վրա։ Նոր աշխատանքի  երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է, բառերը գրել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Բորիս Շվարցմանը։ Ռոզան նկատեց, որ հիմա գլխավոր հերոսի դերակատարին է փնտրում։

«Նոր տեսահոլովակի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, ամեն ինչ պատրաստ է, բայց մի շատ կարևոր հարց կա՝ ո՞վ կլինի իմ գլխավոր հերոսը։ Կոնկրետ չափանիշներ չկան, թե ինչպիսին պետք է լինի նա, բայց ուզում եմ աշխատել տաղանդավոր դերասանի, գեղեցիկ, առնական, սպորտային կազմվածքով հայ տղամարդու հետ, որն ունի ներքին կրակ, որպեսզի էկրանից այն կողմ էլ զգացվի այդ ջերմությունը,- ծիծաղով ու ոգևորությամբ նկարագրեց Ռոզան, ապա նշեց,- ցանկանում եմ ունենալ նույն արդյունքը, որը կարողացանք ստանալ իմ վերջին՝  «В белом самолете» երգի տեսահոլովակի դեպքում։ Այն դեպքում համագործակցել էի իմ լավ ընկեր Հայկ Չոմոյանի հետ։ Երգն էլ, տեսահոլովակն էլ բավականին հաջող ստացվեցին, ավելի քան ութ միլիոն դիտում ունենք, ինչը մեր ամբողջ թիմի և, իհարկե, իմ գլխավոր հերոսի՝ Հայկ Չոմոյանի ձեռքբերումն է»։



Որպես դերասանուհի` առաջիկայում Ռոզային չենք տեսնի։ Ըստ նրա` պատճառը ոչ թե առաջարկների բացակայությունն է, այլ երաժշտական նոր նախագծերը։ «Հեռուստասերիալում նկարահանվելու մի քանի առաջարկ արդեն ստացել եմ, առաջարկ եղել է նաև այն ժամանակ, երբ դեռ նկարահանվում էի։  Սակայն որոշել եմ դադար վերցնել։ Բացի ցանկություն չունենալս, ըստ իս, առաջարկված դերերն ինձ չեն համապատասխանել, ինքս ինձ այդ կերպարներում չեմ տեսել,- ասաց Ռոզան՝ հավելելով, որ նման երկարատև աշխատանքային առօրյային հաջորդող դադարն անհրաժեշտություն է։ –Հագեցած գրաֆիկից ու նկարահանումներից հետո ինձ մոտ փոքր-ինչ անսովոր իրավիճակ է՝  կարծես  մի բան պակաս է, բայց և հոգնած էի։ Որոշ ժամանակ անց, եթե համար ստեղծագործական տեսանկյունից հետաքրքիր, լավ ու համապատասխան առաջարկ լինի, կհամաձայնեմ։ Ուզում եմ այդ առաջարկը լինի սեպտեմբերին, որովհետև  ամռանը նույնպես գերծանրաբեռնված եմ երաժշտական նախագծերով՝ արտերկրում համերգներ ու ելույթներ եմ նախատեսել»։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->