>

Հայտնի ծնողները սոցցանցային տիրույթում, երբեմն, քննադատության են արժանանում իրենց երեխաներին շոուբիզնես ուղղորդելու և նրանց հայտնի դարձնելու փորձերի համար: Վերջերս Սարգիս և Մանո Գրիգորյանների, Գոհար Հարությունյանի, Նելլի Պողոսյանի և Րաֆֆի Սաֆարյանի դուստրերը մասնակցեցին մանկական նորաձևության ցուցադրության, ինչից հետո Tert.am Life-ը զրուցել է մայրիկների հետ և պարզել, թե նրանք ինչպես են կազմակերպում երեխաների առօրյան, որքանով է փոքրիկներին խանգարում հայտնի լինելը և իրենք ինչպես են վերաբերվում մեղադրանքին, թե հայտնությունն ու հագեցած գրաֆիկը երեխային կարող են զրկել մանկությունից:

«Աղջիկներիցս ոչ մեկին չեմ փորձում առաջ տանել». Մանո Գրիգորյան

Սարգիս և Մանո Գրիգորյանների երկու աղջիկներն էլ հասցրել են հայտնի դառնալ հանրությանը: Յանան ոչ միայն սոցցանցային տիրույթում է ակտիվ, այլև ունի տեսահոլովակ և հայրիկի հետ նկարահանվել է ֆիլմերում: Մանոյի խոսքով իրենք, որպես պատասխանատու ծնողներ դուստրերին փորձում են չզրկել հետաքրքրություններից և սիրելի որևէ բանով զբաղվելու հնարավորությունից:

«Կարծում եմ`մարդը որքան զբաղված է լինում, այդքան ավելի ճիշտ ու հստակ է կարողանում կառավարել իր ժամանակը։ Յանայի ամբողջական շաբաթը բավականին հագեցած է՝ ամեն ժամն իր մոտ գրված է՝ առավոտյան դպրոց, մեկ ժամ հանգիստ, հետո պարի,  հետո պարապմունքներ, դասեր, հաջորդիվ վոկալ և միայն կիրակի է, որ երեխաները հանգիստ ու ազատ օր են ունենում։ Չկա մի բան, որը ցանկության դեպքում հնարավոր չլինի ներառել գրաֆիկումդ և հասցնել։ Իրենց արած գործն ինչ է՝ պետք է դասերը  պատրաստեն, մյուս դասերին հասցնեն: Փորձում ենք նրանց ճիշտ ուղղություն տալ վաղվա օրվա համար, ուզում ենք ավելի շատ խմբակների հաճախեն, որպեսզի զարգանան։ Իսկ հայտնիությունը կամ ինչ-որ հասցնել-չհասցնելու հարցը այնքան էլ խնդիր չէ»,- ասաց Մանոն։





Համացանցային մեկնաբանություններին, երբեմն էլ մեղադրանքներին ի պատասխան Մանոն ասաց, որ կարդում է ու զարմանում, թե ինչպես են մարդիկ միայն լուսանկարներից ենթադրություններ անում. «Չեմ ցանկանում, որ հասարակության մեջ այնպիսի կարծիք ստեղծվի, որ ես ինչ-որ տարբերություն եմ դնում աղջիկներիս միջև և փորձում եմ առաջ տանել Յանային։ Ես աղջիկներիցս ոչ մեկին չեմ փորձում առաջ տանել։ Իմ դուստրերն անում են այն, ինչ իսկապես սիրում են՝ մեկը մի քիչ շատ, մյուսը` քիչ»:





Մանոյի խոսքով` հագեցած գրաֆիկից դստրերը, երբեմն, հոգնում են և դժգոհում, բայց ինքը վստահ է՝ կգա օրն ու աղջիկներն իրենցից շնորհակալ կլինեն հագեցած գրաֆիկով մանկություն ունենալու համար: Ըստ նրա` հայտնի լինելը պարտավորեցնող է երեխաների համար։

«Ըստ էության` հայտնի լինելը մասնագիտություն չէ, ոչ էլ ցուցադրական ինչ-որ վիճակ է մեզ համար։ Իմ աղջիկները ծնվել են հասարակության կողմից մի փոքր հայտնի, սիրված մարդկանց ընտանիքում, ինքնըստինքյան իրենց վրա էլ է այդ շողքն ընկնում։ Դա պարտավորեցնող է, որովհետև պետք է ճիշտ ներկայանան, խելացի լինեն, ճիշտ պահեն իրենց։ Պարբերաբար, փորձում ենք նաև քաղաքավարությունից ելնելով մասնակցել միջոցառումներին, որովհետև եթե հասարակությունը քեզ ընտրել է, պարտավոր ես նրանց ինչ-որ չափով ծառայել, միշտ ժպտալ, լինել գեղեցիկ, նորաոճ»,- ասաց Մանոն։

Մանոյի խոսքով` աղջիկները, երբեմն, կարող են դժգոհել ուշադրության կենտրոնում լինելուց, բայց իրենք  փորձում են երեխաներին զերծ պահել «աստղային վիճակներից». «Իրականում այնպես չէ, որ հայտնի լինելը հիասքանչ է: Պահեր են գալիս, երբ փոքրիկներս էլ ասում են` մամ, հոգնեցինք, շատ են նկարվում, բայց իրենց միշտ ասում եմ, որ չի կարելի այդպես ասել, եթե մարդիկ սիրում են ու ինչ-որ մեկն ուզում է նկարվել իրենց հետ, պարտավոր են ժպտալ և սիրով նկարվել ՝ որքան էլ այդ պահին հոգնած լինեն: Փորձում եմ այնպես անել, որ իրենց մեջ չլինի «Օ, ես եմ ու վերջ» վիճակը: Իրենք դեռ փոքր են, հայտնիությանն էլ խորը գիտակցաբար դեռ չեն մոտենում, բայց իրենք գիտեն, որ ամենուր ուշադրության կենտրոնում են: Իմիջիայլոց, երբեմն, իրենք էլ են ասում, որ ուշադրության կենտրոնում լինելը խանգարում է»:


«Ակնհայտ է, որ աղջիկներիս մեջ սեր կա դեպի բեմը». Գոհար Հարությունյան

Մոդել, գեղեցկության տարբեր մրցույթների տիտղոսակիր Գոհար Հարությունյանի դստրերն առաջին քայլերն են անում պոդյումին, բայց մայրիկն առայժմ աղջիկներին չի վարակել նորաձևության հանդեպ սիրով։ «Չեմ կարող ասել, որ սիրում են կամ հետաքրքրված են նորաձևությամբ, բայց ակնհայտ է, որ աղջիկներիս մեջ սեր կա դեպի բեմը։ Կարծում եմ` ամեն ինչ գեղեցիկ ու ճիշտ է, չափի մեջ։ Իհարկե, այս ամենը կախված է նաև երեխայից, եթե ինքը սիրում է, հետաքրքրված է, ունի տաղանդ, որ բեմ բարձրանա, կարող է իրեն փորձել, անտաղանդ երեխային իսկապես չի կարելի թողնել բեմ բարձրանալ։ Եթե չի սիրում, չպետք է ստիպել երեխային»,- ասաց Գոհարն ու ավելացրեց՝ աղջիկները կընտրեն իրենց համար մասնագիտություն, սակայն պոդյումն ինչպես իր համար է զբաղմունք եղել, այնպես էլ դստրերի համար միայն զբաղմունք կլինի։

«Մենք ԱՄՆ-ում չենք, մանկական միջոցառումներն այստեղ շատ հազվադեպ բնույթ են կրում և հաստատ երեխային չեն փչացնի, մանկությունից չեն կտրի։ Իհարկե, կան երկրներ, որտեղ բավականին լուրջ են վերաբերվում երեխաներին դեպի բեմ ուղղորդելուն, 24 ժամ ճանապարհորդում են։ Ես դրան դեմ եմ, որովհետև մոդելի աշխատանքով զբաղվելը, ըստ էության, ոչ մի գիտելիք չի տալիս մարդուն, իսկ երեխան հենց այդ տարիքում պետք է աճի, զարգանա, գիտելիքների պաշար հավաքի։ Մենք իրենց դասերին երբեք չենք խանգարում, երբեմն միջոցառումների մասնակցելն ուղղակի հիշարժան մի օր է դառնում իրենց համար և վերջ»,- ընդգծեց մայրիկը:

Մայրիկի հայտնիության ստվերը փոքրիկների վրա ընկել է և երբ, Գոհարի խոսքով, արդեն սկսել են հպարտանալ իրենով։ «Ինքս երբևէ նրանց մոտ չեմ խոսել իմ հաջողությունների մասին, երբ իրենք արդեն հասունացել էին, սկսել էին հասկանալ, նայում էին, հետևում ու շատ էին ուրախանում իմ հաջողություններով։ Ես միշտ զգուշացնում եմ, որ դպրոցում հայտնիության հետ կապված խոսակցություններ չլինեն, աղջիկներիս բացատրել եմ, որ յուրաքանչյուրի համար իր մայրիկն է գեղեցկուհի, արգելել եմ, որ խոսեն գեղեցկության մասին, գնահատական տան ինչ-որ մեկի գեղեցկությանը։ Ինքս չեմ սիրում, երբ երեխաները նման թեմաներ են շոշափում, գեղեցիկ-տգեղ են ասում, բոլորն իրենց համար պետք է գեղեցիկ լինեն։ Մշակում եմ մտածելակերպ, որպեսզի երբ իրենց ասում են՝ գեղեցիկ եք, հանկարծ  չմտածեն, որ առավելություն ունեն մյուսների հանդեպ։ Այնպես որ, այս տարիքից սկսած անընդհատ փորձում ենք ճիշտ ուղու վրա դնել»,- ասաց Գոհարը։



«Մենք ընտանիքով դեմ ենք երեխաներին «առաջ բրդել» ասվածին». Նելլի Պողոսյան

Երգչուհի Նելլի Պողոսյանն այս ընթացքում հանդես է գալիս որպես մանկական նախագծերի պրոդյուսեր, սակայն ասում է, որ իր աղջիկներին շոու բիզնես ուղղորդել առայժմ չի ցանկանում, չնայած երբեմն իրեն մեղավոր է զգում, որ ուրիշ փոքրիկների համար անում է ինչ-որ բաներ, իսկ իր երեխաների համար՝ ոչ:

«Ես շատ վատ եմ վերաբերվում, երբ երեխաներին փոքր տարիքից ուղղորդում են հայտնության: Երբ մտերիմներս էլ փորձում են երեխաներին ինչ-որ կերպ առաջ տանել, միշտ ասում եմ՝ վերջ տվեք, պետք չէ «առաջ բրդել», բայց երբեմն գիտակցում եմ, որ դա ինքնըստինքյան է ստացվում: Օրինակ` ծնողն այդ ոլորտում է, երեխան դա տեսնում է, ուզում է երգել կամ հաղորդում վարել, եթե նրան համար դա չես անում, ստացվում է բոլորի համար արեցիր, քո երեխայի համար՝ ոչ»,– ասաց Նելլին։

Երգչուհու խոսքով` մի տարբերակում երեխայիդ զրկում ես այդ ամենից և մյուս տարբերակում ստացվում է, թե  առաջ տարար ասպարեզում: «Սա իսկապես այն իրավիճակն է, երբ  ինքս էլ չեմ կարող ասել, թե որն է ճիշտ, բայց մենք ընտանիքով դեմ ենք երեխաներին «առաջ բրդել» ասվածին և դրանով չենք զբաղվում»,- ասաց Նելլին:

Երգչուհու ավագ դուստրը տեսախցիկ չի սիրում, իսկ փոքրիկն այդ առումով բավականին ակտիվ է: Այնուամենայնիվ, Նելլին նշեց, որ ավագ դստեր համար երգ են գրել. «Անկեղծ, շատ լավ չի ստացվում, բայց փորձեցինք ինչ-որ քայլեր անել։ Մեծ հույսեր չեմ փայփայում, չեմ էլ կարող ասել, թե որքան կտևի նրա հետաքրքրությունը երգի հանդեպ: Քանի որ մենք դրա մեջ ենք, ուրիշ փոքրիկների համար անում ենք, իմ բալիկի համար չանելը, կարծես, հանցագործություն է, հատկապես, որ նա էլ ցանկություն հայտնեց երգելու»,- ծիծաղելով նշեց երգչուհին:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->