>

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները կքննվեն հունիսի 12-ին:

Գործի քննությունը վարույթ է ընդունվել, այն մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին: Քոչարյանի պաշտպանական թիմն արդեն փորձել է հանրային կարծիք ձևավորել, թե Դանիելյանը մի դատավոր է, որն ամենից շատ է կաշկանդված դատախազության կապանքներով։

Այլ խոսքով՝ երկրորդ նախագահի թիմը նախապատրաստվում է դատարանի «ոչ լեգիտիմ» որոշմանը՝ հայտարարելով, թե գործադիր իշխանության կողմից դատարանների վրա իրականացվող տոտալ ճնշումների պարագայում երկրորդ նախագահի հետ կապված որևէ վճիռ օրինական լինել չի կարող։

Բնավ չեմ խրախուսում դատարանների մուտքերը շրջափակելու Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ, չմտածված նախաձեռնությունը, սակայն դեմագոգիկ եմ համարում Քոչարյանի պաշտպանների պնդումները։




Քոչարյանի զոհերը

Օրինակ՝ այսօր դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ նրա փաստաբանների դիմումը՝ որոշելով, որ Քոչարյանի իրավունքը խախտվել է:


Այլ խոսքով՝ եթե գործադիրը նման աննախադեպ ճնշում բանեցներ դատարանների վրա, չէինք ունենա նաև այս վճիռը, որը փաստացի վերականգնել է երկրորդ նախագահի ոտնահարված իրավունքը։




Մնում է ենթադրել, որ Քոչարյանի թիմը համոզված է նրա մոտալուտ կալանավորման անխուսափելիության հարցում, ու խնդիրն ամենևին էլ այն չէ, որ Հայաստանում տոտալ ճնշումների մթնոլորտ է։

Այլ բան է, որ երկրորդ նախագահի փաստաբանները կարող են օգտվել ՀՔԾ-ի կամ քաղաքական իշխանության սխալներից, մեկ այլ խնդիր, որ երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքն այնքան հիմնավոր է, որ որևէ անաչառ դատավոր ուղղորդումների կարիք չունի։

Խնդիրն ունի նաև քաղաքական, հանրային ընկալման բաղադրիչ։

Ռոբերտ Քոչարյանն ավելի շատ մեկուսացված է հենց ազատության մեջ, որովհետև այդ ժամանակ ավելի ակտուալ է դառնում հանրային կոնսոլիդացիան՝ նրան քրեական հետապնդման ենթարկելու և ճաղերի հետևում պահելու հարցում, ինչը միայն ուժեղացնում է գործող իշխանության դիրքերը։


Պատահական չէ, որ երկրորդ նախագահը մեկուսարանից պոռոտախոսում է ընդդիմադիր լուրջ առանցք ձևավորելու անհրաժեշտության թեմայով, իսկ ազատության մեջ հայտնվելուց հետո «մոռանում» է քաղաքականության մասին։

Այս հարթության վրա Ռոբերտ Քոչարյանն ամբողջովին մեկուսացված է, ընդ որում՝ նույնիսկ այն ուժերի կողմից, որոնց հետ ժամանակին համագործակցել է, էլ չենք խոսում այն մասին, որ նա ամբողջովին զրկված է հանրային վստահության ռեսուրսից։

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հստակ հայտարարել են, որ իրենց օրակարգում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու հարց գոյություն չունի։ Այսօր «լռության ուխտը» խախտել է նաև ՀՀԿ-ն։

Հայաստանի Հանրապետական կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի միջև քաղաքական համագործակցության ծրագիր այս պահին չկա, ապագային միտված համագործակցության ծրագիր նույնպես չի մշակվում, իսկ օրերս էլ կայացած Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպումը զուրկ էր քաղաքական օրակարգից,

լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը վերջին շրջանում Սերժ Սարգսյանի հետ ամենաասոցացվող կուսակցականն է, եթե նկատի ունենաք այն հանգամանքը, որ գրեթե օնլայն ռեժիմով լուսաբանում էր երրորդ նախագահի արցախյան վերջին այցը։


Դեռ ավելին՝ ՀՀԿ փոխնախագահն ավելի հեռուն է գնացել ու ասել է, որ անգամ Ռոբերտ Քոչարյանը դեռևս չի նախաձեռնել քաղաքական գործընթաց։ «Կա ինտերվյու, կա խոսք:

Պրոցես չկա, ծրագիր չկա»,- ասել է Աշոտյանն, ըստ էության, իր կարծիքով՝ նույնանալով հանրային տարածում ստացած այն դիրքորոշման հետ, որ Քոչարյանն ապաքաղաքական կերպար է։

Բացարձակապես պատահական չէ, որ ՀՀԿ-ն իր դիրքորոշումը հստակեցնում է Վերաքննիչ դատարանի նիստի շեմին՝ Քոչարյանի հնարավոր կալանքից առաջ՝ ըստ էության կայացնելով Քոչարյանի տոտալ մեկուսացման վերդիկտը։

Գուցե ՀՀԿ-ում չափազանցված ակնկալիքներ ունեին Քոչարյանի ազատության մեջ հայտնվելու փաստից ու հիմա հիասթափված են նրա անգործությունից ու յուրօրինակ վրեժ են լուծում։

Սա էլ, իհարկե, վարկած է, սակայն ավելի տրամաբանական է մտածել, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի շահերն ամեն դեպքում հակադրվում են։

Ի վերջո, ՀՀԿ առաջնորդը հետհեղափոխական ստատուս-քվոյի գործուն մասնակից է՝ իր «ես սխալվեցի, Նիկոլը ճիշտ էր» բանաձևով, իսկ Քոչարյանը՝ այդ ստատուս-քվոյի զոհը։

Տվյալ պարագայում, Նիկոլ Փաշինյանի «ճիշտը» ենթադրում է Ռոբերտ Քոչարյանի անազատություն ու Սերժ Սարգսյանի քաղաքական լռություն՝ որպես հին համակարգի պարտության ու հեղափոխության անշրջելիության առարկայացում։

Աղբյուրը՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->