>

Հուլիսի 25-ին եւ 26-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում ներկայացվեց ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի «Բումերանգ» պիեսը,որի գլխավոր դերերում հանդես են գալիս հայկական թատրոնի ու կինոյի առաջատար դերասաններից Լեւոն Հարությունյանը, Լուիզա Ներսիսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Զիրոյանը, Ժաննա Հովակիմյանը եւ երիտասարդ դերասանուհիներ Եվա Զոհրաբյանն ու Միլենա Ավանեսյանը: Ներկայացման պրեմիերան եւ ֆոտոռեպորտաժը NEWS.am STYLE-ն արդեն ներկայացրել է իր ընթերցողներին՝ ցուցադրելով նաեւ, թե ինչպիսին էր մթնոլորտը ետնաբեմում: Ի դեպ, հենց այնտեղ էլ հանդիպեցինք Լուիզա Ներսիսյանին, որին թեպետ հաշված րոպեներ էին մնացել մեկնարկին նախապատրաստվելուն եւ զգեստափոխվելուն, բայց դերասանուհին իրեն բնորոշ անմիջականությամբ եւ ժպիտով համաձայնվեց պատասխանել մեզ հետաքրքրող մի քանի հարցի: Իհարկե, Լուիզայի հետ անվերջ կարելի էր զրուցել, սակայն օրվա թեման «Բումերագն» էր:

Պիեսում Լուիզայի կեպարը գրավիչ Գաբին է՝ մահվան հրեշտակը: Ինչպես դերասանուհին է բնորոշում նրան՝ հերոսուհին խորհրդավոր անծանոթուհի է, որին հաջողվում է ներկայացման ընթացքում շրջադարձային փոփոխություններ կատարել.




Քոչարյանի զոհերը

«Նա կարողանում է զրույցի միջոցով փոխել գլխավոր հերոսի արժեհամակարգը: Այսինքն՝ կարողանում է խորանալ գլխավոր հերոսի հույզերի մեջ ու հենց այդտեղ էլ բացահայտվում է բումերանգի էֆեկտը: Երբ մի բան նետում ես, ժամանակի ընթացքում այն վերադառնում է քեզ: Ներկաւյացման հաղորդագրությունը հենց դրա մեջ է, որ կարողանանք կյանքում ճիշտ կողմնորոշվել. ինչքան լավ արարքներ անենք, դրանք մեզ կվերադառնան, եւ հակառակը»:






Գաբիի կերպարը դերասանուհու համար սպասված էր, քանի որ ըստ նրա՝ հերոսուհին ունի ընդգծված բնավորություն եւ ասելիք.

«Ինձ համար ավելի կարեւոր է մարմնավորել նման կերպարի, քան մի հերոսուհու, որը զոհ է: Այս դեպքում դու ունես անելիք, եւ ինձ համար շատ կարեւոր է, որ կերպարիցդ կախված լինեն շատ ու շատ հարցեր»:

Յուրաքանչյուր կերպար մարմնավորելիս Լուիզան փորձում է նրա մջոցով բացահայտել նաեւ իր ներսի նոր գույները: Բնականաբար, Գաբիի կերպարը եւս դերասանուհուն բացահայտումների տեղիք է տվել.

«Յուրաքանչյուր կերպար, որը մարմնավորում եմ, ինձ համար մտածելու եւ ներքուստ հարստանալու առիթ է դառնում: Այնքան կարեւոր է, որ այն կերտելու ընթացքում կարողանում ես քո ներսից հանել այն գույները, որոնց գոյության մասին չգիտեիր: Կերպարի միջոցով դու երկրորդ կյանք ես ապրում, իսկ այդ կյանքի մեջ դու քեզ կարող ես թույլ տալ այն բաները, որոնք մի կյանքում մեզ թույլ չենք տալիս անել՝ հանգամանքներից կամ հասարակությունից ելնելով: Այս դեպքում դու ազատ ես»:


Դերասանուհուն ոգեւորել է նաեւ առաջնախաղից հետո հանդիսատեսի ջերմ արձագանքը.

«Հանդիսատեսը շատ լավ ընդունեց մեր խաղը: Կարեւորն այն էր, որ չէին ձանձրանում, գամված նայում էին: Պետք չէ այս ներկայացումից սպասել շատ մեծ ասելիք: Մարդիկ հիմա ավելի շատ ուզում են իրենց ժամանցը վայելել, բայց այդ ժամանցի հետ պետք է կաթիլ առ կաթիլ լցնես այն ինֆորմացիան, որը ցանկանում ես տեղ հասցնել, սակայն պետք չէ, որ այն շատ մեծ բեռի տեսքով մատուցվի: Այդ պատճառով այս ներկայացումն առանձնանում է իր հումորային տարրերով, որոնց մեջ, սակայն, կա ասելիք, որը հաստատ մտածելու առիթ կտա շատերին»:

Ներկայացումը բեմադրելիս բարդություններ եղել են, սակայն Լուիզան նշում է՝ դա իրեն ավելի է ոգեւորում, քանի որ չի սիրում գնալ հեշտ ճանապարհով.



«Ինձ համար միշտ դժվար է լինում աշխատելը, եւ ես ուրախ եմ հենց այդ դժվարությունից, ես չեմ սիրում հեշտ աշխատանք: Մենք կարող էինք փորձերն ավելի թեթեւ անցկացնել, բայց մեզ դիտավորյալ գցել էինք ավելի դժվար դաշտ, որովհետեւ նեղված լինելու մեջ սկսում ես ավելի ստեղծարար լինել, իսկ երբ ամեն ինչ ձեռքիդ մեջ է, մարդ սկսում է ավելի ալարկոտ դառնալ: Մենք ստեղծում էինք այդ խոչընդոտները, որպեսզի հաղթահարեինք, որպեսզի ավելի խորանայինք նյութի մեջ: Շատ հետաքրքիր էր աշխատել Արմեն Վարդանյանի հետ, որի հետ միասին կարող ես ընթացքում քո «ես»-ից ելնելով էլ ինչ-որ բաներ անել: Սեդրակը շատ դեմոկրատ ռեժիսոր է այն առումով, որ յուրաքանչյուրս կարողանում էինք մեր իմպրովիզներն անել, իսկ խաղընկերնիս բոլորին շատ սիրում եմ»:

Բազմաժանր ֆիլմերում տարբեր հերոսուհիների մարմնավորած դերասանուհին նշում է՝ յուրաքանչյուր կերպար կերտելիս իր ներսից անպայման մի մասնիկ թողնում է նրա մեջ.

«Շատ եմ սիրում իմպրովիզներ անել: Անգամ մտածում եմ՝ մի՞գուցե ես լիարժեք դերասանուհի չեմ,որովհետեւ չնայած ընդունված է, որ դերասանը պետք է իր «ես»-ը թողնի մի կողմ եւ կերտի կերպարը, բայց ինձ համար շատ ավելի կարեւոր է, որ դերասանը կարողանա իր ներսը փորփրել ու գտնել այն առաջադրված հանգամանքները, օգտակար բնավորության գծերը, որոնք շահավետ կլինեն կերպարի համար: Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդու մեջ ամեն բան էլ կա, ուղղակի քնած է, պետք է արթնացնել: Սկսած մարդասպանից մինչեւ ամենահեզ աղջիկը՝ յուրաքանչյուրիս մեջ կա»:

Լուիզայից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ զգացողություններ է ունենում, երբ ներկայացումները դիտելու են գալիս ամուսինը՝ Հրանտ Թոխատյանն, ու դուստրը՝ Լիլիթը: Ի դեպ, Հրանտը ներկա չէր երեկվա պրեմիերային՝ երկրից բացակայելու պատճառով: Դերասանը այժմ ԱՄՆ-ում է, որտեղ զբաղված է նոր ֆիլմի նկարահանումներով, իսկ ահա Լիլիթը ոչ միայն մայրիկին աջակցում էր ներկայությամբ, այլեւ հատուկ բլուզով, որի վրա Լուիզայի դիմանկարն էր:

«Ես իմ հանդեպ շատ խստապահանջ եմ, ինչը ծածկում է մյուս բոլոր պարտավորությունները:  Ես, ուղղակի հաճույք եմ ստանում, երբ նրանք դահլիճում են, երբ ես ունեմ իմ դժվար աշխատանքի արդյունքը նրանց ցուցադրելու հնարավորություն: Իհարկե, նրանց ներկայությունն ուժ տալիս է: Անգամ, երբ ծանոթ մարդ չկա դահլիճում, վարագույրի արանքից նայում եմ, ինձ համար որսում այն հետաքրքիր աչքերը, որոնք ես, իսկապես, տեսնում եմ, որ եկել են ներկայացումը դիտելու, ու հենց նրանց եմ նվիրում այդ ներկայացումը: Հետագայում չեմ նայում նրանց, բայց ինձ համար շատ կարեւոր է, երբ գտնում ես այն մարդկանց, որոնց, իսկապես, հետաքրքրում է թատրոնը»,-եզրափակեց դերասանուհին:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->