>

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Երեւանի պետական կամերային թատրոնի արտիստ, հաղորդավար, ֆիլմերի կրկնօրինակող Մխիթար Ավետիսյանն է, որին հեռուստադիտողը վերջին շրջանում տեսնում է «Ժիրայր Գլենց» սերիալում: Նա անդրադարձել է հայտնի լինելու բարդություններին եւ առավելություններին, թատրոնի եւ կինոյի պարգեւած էմոցիաների առանձնահատկություններին: Մխիթարը խոստովանել է, որ անընդհատ աշխատում է, եւ ապրելու համար ժամանակ պարզապես չի մնում: Նա խոսել է իր վախերի, ներքին հակասությունները լուծելու բանաձեւի մասին:

-Մանկության ամենավառ հուշերը ինչի՞ հետ են կապված:

-Ծնողներիս:

-Եղե՞լ է, որ բեմի մարդ լինելու համար զղջաք: Այն ի՞նչ անհարմություններ կարող է պատճառել:

-Երբեմն եղել է: Անհարմարությունները տարբեր կարող են լինել…

-Շարունակե՛ք միտքը. «Երբ ոչինչ այլեւս Ձեզ չի մխիթարում, անպայման օգնության է հասնում…»

-Մխիթարը, այսինքն` ես (ծիծաղում է):




Քոչարյանի զոհերը

-Ո՞րն է կյանքի տված լավագույն դասը Ձեզ:

-Գուցե դեռ չի եղել:

-Լիարժեք հանգստանալու համար Ձեզ ի՞նչ է հարկավոր եւ ո՞վ:


-Սիրելի մարդու հետ ամբողջ աշխարհով շրջելն է ինձ համար հանգիստը:





-Ինչի՞ց կամ ումի՞ց կախվածություն ունեք:

-Ինքս ինձնից:

-Ինչպե՞ս եք վարվում Ձեր ներքին հակասությունների հետ: Ո՞րն է դրանք լուծելու լավագույն ճանապարհը:

-Հաճախ զրուցում եմ ինձ հետ, հետո տանջում եմ մինչեւ այն պահը, երբ հասկանում եմ, որ արդեն բուժվել եմ:

-Ո՞վ կարող է դառնալ Ձեր ընկերը:

-Ցանկացած ոք:

-Քաղաքական գործիչներից ո՞ւմ եք համակրում:

-Քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում:

-Հայտնի դառնալը ինչո՞վ է օգնում եւ ինչո՞վ է վնասում մարդուն:


-Ե՛վ օգնում է, ե՛ւ վնասում: Եթե գործ ունենք լավ մարդու հետ, օգնում է, եթե ոչ, դեռ մի բան էլ վնասում է: Այսինքն` հայտնիությունը սրում է այն որակները, որոնք արդեն իսկ առկա են մարդու մոտ:

-Ըստ Ձեզ` ո՞ր դեպքում է ճշմարտությունն ասելն արդյունավետ:

-Միշտ, բոլոր դեպքերում: Ես երեսին ասող եմ, բայց ոչ շպրտող:

-Տարիքի հետ ընկերներ կորցնո՞ւմ եք, թե՞ ձեռք բերում:

-Երկուսն էլ:

-Ձեր կյանքի դժվարությունը ինչի՞ հետ է կապված:

-Չեմ հասցնում ապրել, աշխատում եմ մտքով, հոգով, մարմնով ու չեմ հասցնում հանգստանալ:

-Հայաստանը Ձեզ համար ինչի՞ կամ ո՞ւմ հետ է ասոցացվում:

-Հայերի հետ, բայց նրանց, ովքեր գլուխ գովալու փոխարեն գործում են:

-Հե՞շտ եք ներում մարդկանց:



-Բավականին: Հիմնականում ներում եմ:

-Հայտնիներից ո՞ւմ կյանքով կցանկանայիք թեկուզ մեկ ժամ ապրել:

-Իմ. արդեն ասացի, որ ժամանակ չունեմ ապրելու համար, հետեւաբար կընտրեի հենց ինքս ինձ:

-Ինչի՞ ազդեցության ներքո կարող եք շատ երկար մնալ:

-Մարդու կորստի եւ մարդու հայտնության, այսինքն` նրան գտնելու դեպքում: Երկուսն էլ երկարատեւ ազդեցություն են ունենում:

-Ձեր ո՞ր դերն եք համարում հաջողված, ստացված:

-Այն, որը ներկայացնելուց հետո հոգեւոր բավարարվածություն եմ զգում: Ի դեպ, այդպես հաճախ է լինում: Ամեն դեպքում, յուրաքանչյուր կերպարիս յուրովի եմ սիրում:

-Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:

-Չեմ հիշի, չեմ ֆիքսվում նման բաների վրա:

-Կրկին շարունակե՛ք միտքը. «Կինը գեղեցիկ է, երբ…»

-Սիրում է… ինձ (ծիծաղում է):

-Ի՞նչ է Ձեզ համար թատրոնը եւ ի՞նչ է կինոն: Ինչի՞ հետ կարող եք դրանք համեմատել:

-Թատրոնն ինձ համար կյանքն է, կինոն` ձկնորսություն: Ազատ ժամանակ ես ուզում գտնել, որպեսզի ֆիլմում նկարահանվես, ոչ մի բանի մասին չմտածես: Իսկ թատրոնը կյանք է, այնտեղ ամեն բան խառնվում է իրար, հանգստություն չկա:

-Ձեր տրամադրության ներկայիս գույնը ո՞րն է:

-Արեւոտ, պայծառ:

-Եվ վերջում` ինչի՞ց եք վախենում:

-Չապրելուց, որ չեմ հասցնելու ապրել: Շատ քիչ է տեւում կյանքը…

Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->