>

Ո՞վ և ինչպե՞ս է կրկին օգտագործում Նաիրի Հունանյանին

20:02 — 28/հոկտեմբերի/2019

168 ժամը գրում է.Այն, ինչ տեղի ունեցավ 20 տարի առաջ Երևանում, դասական ողբերգություն էր, որի հետևանքով բառացիորեն գլխատվեց Հայաստան պետությունը, և որի պտուղները քաղում ենք տևական ժամանակ։ Սակայն ՀՀ այսօրվա իշխանություններն ու իր մերձակա սեկտորը մի այլ ոգևորվածություն է ցուցաբերում այս հարցի շուրջ՝ պարբերաբար առաջ քաշելով ցնդաբանություն հիշեցնող և իրականության հետ ոչ մի աղերս չունեցող մեկնաբանություններ։




Քոչարյանի զոհերը

Վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում իշխանական պրոպագանդան լծված էր «Հոկտեմբերի 27»-ի թեմայի հետ կապված մի յուրահատուկ բեմականացման, որին նախապատրաստվել էին ամենայն մանրամասնությամբ։ Դերաբաշխումը կազմակերպվել էր այնպիսի յուրահատուկ ձևով, որ յուրաքանչյուրն իր չափաբաժինն ուներ և պետք է համապատասխան փուլում «մտներ թեմայի մեջ»։





ՀՀ իշխանություններին՝ ազգային ողբերգությունը սեփական շահերին ծառայեցնելու և որոշակի ժամանակահատվածով ևս մեկ անգամ ռեալ քաղաքական գործընթացներից շեղելու համար, փայլուն հնարավորություն էր, քանի որ Փաշինյանի համար դա հերթական միջոցն է իր քաղաքական իշխանությունը երկարաձգելու և վարչապետի աթոռին կառչած մնալու համար։ Այս ամենի հետ մեկտեղ՝ հատկանշական է, թե ինչո՞ւ հենց այս փուլում, հանրության համար՝ անակնկալ, իշխանությունների համար՝ «գուցե ոչ այդքան», Նաիրի Հունանյանը «կենդանության» նշաններ ցույց տվեց՝ դիմելու արդարադատության նախարարին իր վճիռը վերանայելու և ցմահ դատապարտումը փոփոխության ենթարկելու հարցով։

Реклама 14

Հունանյանի դիմումին զուգահեռ՝ քաղաքական դաշտում թեման միանգամից «իրենով» արեց դաշտի գոստրոլյորներից մեկը՝ Արման Բաբաջանյանը, ով, թեմայի մեջ մտնելով, միանգամից սկսեց իր պարտիան։ Նախ՝ հայտարարությունից ժամեր անց հայտնի դարձավ, որ նա հանդիպել է Հունանյանի հետ և երկժամյա առանձնազրույց ունեցել։ Գուցե շատերի համար տարօրինակ կհնչի՝ ինչո՞ւ է հենց այդ թեմայով շահագրգռված Բաբաջանյանը, ով իր սեփական լրատվամիջոցում «Հոկտեմբերի 27»-ի 20-ամյակին նվիրված մի ամբողջական հոդվածաշար էր սկսել և տարբեր առանցքային դետալներ էր ներկայացնում՝ իրեն հարմար սոուսով հանրությանը մատուցելով։ Պարզ է, որ ՀՀ քաղաքական դաշտի ամենահակառուս գործիչը պետք է մտներ այս ծանրության տակ և փորձեր սեփական քաղաքական օրակարգը՝ բնականաբար, նախապես ամեն ինչ Փաշինյանի հետ համաձայեցնելուց հետո։ Բաբաջանյանը, լինելով մոլի հակառուս, ամեն օր շրջանառում է այն թեզը, որ հայոց նորագույն պատմության ամենասահմռկեցուցիչ դրվագը կատարվել է ռուսական իշխանությունների միջնորդությամբ՝ սեփական քաղաքականությունը տարածաշրջանում ամրապնդելու համար։


Սակայն սա դուրս է տրամաբանությունից ու ռացիոնալությունից այնքանով, որ թե Վազգեն Սարգսյանը, թե Կարեն Դեմիրճյանը ռուսական կողմնորոշում ունեցող գործիչներ էին և իրենց կեցվածքով ու հռետորաբանությամբ երբևէ հակառուսականությամբ չեն «տառապել»։ Այստեղ տեղին է փաստել մի կարևոր դրվագ ևս․ «Հոտեմբերի 27»-ի հետ կապված Բաբաջանյան-Փաշինյան տանդեմի շահերը համընկնում են ևս մի դրվագում, որպեսզի հանգիստ շրջանառության մեջ դնեն այդ ոճրագործության մեջ Ռոբերտ Քոչարյանի դերակատարումը՝ ամեն կերպ պնդելով, որ նա է «պատասխանատուն տեղի ունեցած ահաբեկչության համար»։

Այդպիսով, միանգամից լուծվում է մի քանի հարց․ նախ՝ Փաշինյանն ազատվում է մեծ գլխացավանքից, որը կոչվում է «Ռոբերտ Քոչարյան», ում հանդեպ, արդեն մեկ տարուց ավելի է, կիրառվում են բացահայտ ապօրինի ոտնձգություններ և ոչ իրավաչափ քայլեր, ավելին՝ ներկայացված մեղադրանքները ոչ մի բավարար հիմնավորվածություն չունեն, իսկ հոկտեմբերյան ոճիրի թելերը դեպի Քոչարյանի ուղղությամբ ձգելը հնարավորություն է տալիս Քոչարյանի վերջնական դեմոնիզացման գործընթացին։ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ «Մարտի 1»-ի գործի «բացահայտումը» լրիվ ֆարսի է վերածվել, և հասարակությանը այլևս հնարավոր չէ «Մարտի 1»-ի բացահայտման շոուով կերակրել, նոր տեսարաններ է ստեղծում «Հոկտեմբերի 27»-ով։

Փաշինյանը, լինելով մանիպուլյացիոն մեծ վարպետ, այս 20 տարիների ընթացքում կարողացել է Քոչարյանին սարքել իսկական «մոնստր», ով «սեփական պետության նկատմամբ կատարել է այդ արյունարբու ողբերգությունը՝ զուտ սեփական քաղաքական ամբիցիաներից ելնելով»։ Համաձայնեք, որ դա նրան հաջողվել է, և փաշինյանական այդ ֆարսն արդեն գրեթե իրականացման փուլում է, այլապես ինչի՞ մասին էր ակնարկում Բաբաջանյանը, ով հայտարարեց, թե Նաիրի Հունանյանը տվել է ազգանուններ, որոնց հրապարակումը հանրության մոտ կառաջացնի իսկական շոկ։ «27»-ի մասով կա ևս մի «շահառու», ում մասին այս ընթացքում հիշեցվում է թեթև ակնարկներով․ խոսքը Սերժ Սարգսյանի մասին է, ում նկատմամբ և՛ Փաշինյանի, և՛ Բաբաջանյանի հակակրանքը բավարար է՝ ցանկացած մեթոդով իրենց համար ցանկալի արդյունքի հասնելու համար։



Ի դեպ, նկատենք, որ հոկտեմբերի 27-ի զոհերն իրենց բոլոր հարցազրույցներում այս օրերին ընդգծում էին, որ ներկա իշխանությունները քաղաքական շահարկումների են ենթարկում, և, որ նրանց իրական նպատակները բոլորովին այլ են, «Հոկտեմբերի 27»-ի իրական բացահայտումը չէ։

Նիկոլ Փաշինյանը, ինչպես վերջին մեկուկես տարվա ընթացքում, այս գործի շրջանակներում, շարունակում է կռվել Սերժ Սարգսյանի ստվերի հետ՝ փորձելով այդ գործի շրջանակներում նույնպես հնարավորինս ներքաշել ու թաթախել մանրուքների մեջ։ Դրանով են պայմանավորված վահանշիրխանյանների, գագիկջհանգիրյանների ու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության՝ ՀԱԿ ներկայացուցիչների, ինչպես նաև որոշ «իրավապաշտպանների» ամենօրյա բարբաջանքները։ Ոչ ոք չի կարող չհամաձայնել այն մտքի հետ, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին գնդակահարվել է հայոց պետականությունը, և խնդրի հետ կապված պարզաբանումները պետք է տրվեն, ու դա պետք է լինի հիմնովին ու հոդաբաշխ։

Վազգեն Սարգսյանին լավ ճանաչողներն ասում են՝ Վազգենը դեմ էր փուլային զիջումներին ու կողմ՝ հայ-ռուսական ռազմավարական դաշինքին։ Դրա համար էլ կրակեցին։ Գտնվեց մի ժամանակակից Հերոստրատ, ով օգտագործվեց, և ում հիմա կրկին ուզում են նույն շրջանակներն օգտագործել, բայց արդեն այլ տարբերակով և մեկ այլ գործակալի միջոցով։ Իսկ սա նշանակում է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը պատվիրատուների ու արտաքին հետքի մասով անաչառ քննության կարիք ունի։ Դա, սակայն, այս իշխանությունների գործը չէ, քանի որ գործող իշխանությունները, դատարկ շոուներից ու քաղաքական հետապնդումներից բացի, այլ բանի ունակ չեն։ Այս իշխանությունները մի խնդիր են լուծում՝ իշխանությունն ամեն գնով պահելու խնդիր։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->