>

Լիազոր դեսպան Նավասարդյանի խոսքով ՝ Մնացականյանի դեպքը սա էր. «նա ավելի շուտ պաշտպանվում էր, քան հարձակվում»

 

 

 




Քոչարյանի զոհերը

Լինելով պրոֆեսիոնալ դիվանագետ՝ Մնացականյանը պարզապես արտացոլեց այն արտաքին քաղաքականության վեկտորները, որն իրագործում են այսօր Հայաստանի իշխանությունները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով BBC-ի Hardtalk հաղորդմանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցին:


 





 

 

 

«Մնացականյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է և չի կարող լոյալ չլինել ու չարտացոլել այն քաղաքական գիծը, որը վարում է պետությունը: Նշանակում է, եթե նա կրկնում է նույն բաները, ուրեմն մենք արտաքին քաղաքականության խնդիրներ ունենք, որն անպայմանորեն վերանայման և վերակառուցման կարիք ունի: Մնացականյանը ոչ մի քայլ ո՛չ աջ արեց, ո՛չ էլ ձախ»,- հայտարարեց նա:

Այդուհանդերձ Նավասարդյանը նշեց, որ տեղի են ունեցել սայթաքումներ: Նրա խոսքով՝  ցանկացած զրույց, բանակցություն, սովորաբար, երկու տեսակի է բաժանվում ՝ կառուցողական և մյուսը, երբ կողմերից մեկը ցուցաբերում է ագրեսիվություն: «Մի կողմը հարձակվում է, մյուսը՝ պաշտպանվում: Մնացականյանի դեպքը սա էր. նա ավելի շուտ պաշտպանվում էր, քան հարձակվում: Պետք է լիներ հակառակը. նախ պետք է հասկանար, որ BBC-ն դա այն կառույցն է, որը պետք է քննադատական դիրքերից հանդես գար»,- ասաց Նավասարդյանը:


Նավասարդյանը շեշտեց, որ Մնացականյանն ինքը բարձրացրեց ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը և չկարողացավ պատասխանել այն հարցին, թե որն է այդ կարգավիճակը: Ըստ նրա՝ Մնացականյանը չկարողացավ պատասխանել Արցախը Հայաստանի մա՞րզ է, բաղադրի՞չ, թե՞ առանձին պետություն, միավորված միջազգային իրավունքի սուբյեկտ:

«Նա պետք է կարողանար այստեղ ճիշտ կողմնորոշվեր, թե որն է մեզ համար ընդունելի և որն ընդունելի չէ. մանավանդ հիմքում կա «Արցախը Հայաստան է և վերջ» սկզբունքը, որը վարչապետի առաջ քաշած սկզբունքը կամ կարգախոսն է, նա պետք է այդ սկզբունքով առաջնորդվեր: Քանի որ այդ թեզն ասվել և հաճախ կախված է մնացել օդում, և որը շահագործվում է նաև մեր ներքին ընդդիմության կողմից, քննադատության ենթարկվում, նա պետք է կարողանար դրան պարզորոշ, հոդաբաշխ բացատրություն տար, որ դա իրոք այն դիրքորոշումն է, որն այսօր Հայաստանը որդեգրել է, և ճիշտը դա է: Սրանք բաներ են, որ պետք է ուշադիր լիներ»,- ընդգծեց Նավասարդյանը և հավելեց, որ կային պահեր, երբ ԱԳ նախարարը  պետք է անպայմանորեն շատ սկզբունքային և կոշտ պատասխաններ տար, մասնավորապես՝ Զանգեզուրի հարցի վերաբերյալ:

«Կոպիտ սայթաքում էր նաև այն հայտարարությունը, որ Արցախը տարածք է, որտեղ 150 հազար հայեր են ապրում: Դա, իհարկե, քաղաքական սխալ էր, որ երբեք չէր կարելի թույլ տալ»,- ընդգծեց նա:

Ըստ Նավասարդյանի՝ Մնացականյանի հայտարարություններից կա մի պահ, որի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձվի. «Նա այսպիսի հայտարարություն արեց՝  «ես դիվանագիտությունից անցում եմ կատարում դեպի քաղաքականություն», դա իհարկե շատ լավ ցանկություն է, բայց հայկական իրականության մեջ գոնե այսօր դա ռեալ չէ»,- նշեց նա:

Նավասարդյանը պարզաբանեց նաև, թե ինչու ռեալ չէ: «Այն դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը, արգասաբեր և օգտաշատ, որը խորը կերպով ներգրավված է իշխանությունների գործառությունների և պետական քաղաքականության մեջ, ցավոք սրտի, շատ երկրներում բանը չի կիրառվում: Այսինքն՝ դիվանագիտությունը գնում է առանձին, պետական կառավարման համակարգը գնում է բոլորովին առանձին. սրանք զուգահեռներ են, որոնք չեն հատվում, և ես դժվարանում եմ ասել՝ մեր արտաքին քաղաքականության և պետական քաղաքականության խաչաձևման աղեղները որտեղ են: Սա պետք է շատ պարզ պատկերացնենք: Այսինքն՝ եթե ԱԳ նախարարությունն ակտիվորեն չի մասնակցում պետական կառավարման հարցերին, եթե նա չունի արտոնություններ, չունի լայն լիազորություններ, դիվանագետը պարզապես վերածվում է, ինչպես Ժյուլ Կամբոնն էր ասում, փոստատարի»,- նշեց նա:



Նրա խոսքով՝ մեզ մոտ այդ իրավիճակն է: «Ես չգիտեմ, թե Մնացականյանը, որ ասում է  քաղաքականությամբ է զբաղվում, որքանո՞վ է զբաղվում, որովհետև 30 տարվա մեջ բոլոր նախարարները եղել են միայն ու միայն դիվանագետներ, նրանք չեն եղել քաղաքականությամբ զբաղվող այրեր: Սա տխուր իրականություն է, և եթե մենք ասում ենք, որ հեղափոխություն ենք արել, պետք է հասնենք դրան: Շատ-շատ երկրներում արտաքին քաղաքականությունը հեռու է կանգնած երկրի իշխանությունների գործառույթներից, բայց այն երկրներում, որտեղ խորը դեմոկրատական սկզբունքներ կան, այնտեղ այս վնասակար պրակտիկան խախտվում է, և ստացվում է շատ լավ տանդեմ՝ արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության և պետական գործառույթների մեջ, Հայաստանում, դժբախտաբար, դա  մենք չունենք»,- նշեց նա:

Ըստ Նավասարդյանի՝ սա շատ կարևոր է հասկանալու համար, թե Մնացականյանը որտեղ սխալվեց: «Բացի դրանից, այստեղ մի քիչ բնավորության հարց էլ կա: Ես ասում եմ՝ մեր դիվանագիտությունը պետք է լինի ոչ թե կրավորական, այլ հարձակվողական, «ագրեսիվ», միայն այդ դեպքում մենք կկարողանանք գերակայել և նման զրույցների ու հանդիպումների ժամանակ լինել դոմինանտ վիճակում, այլ ոչ թե ստորադասվել»,- նշեց նա:

Անդրադառնալով Մնացականյանի հայտարարությանը, թե հակամարտության լուծման տարբերակը պետք է բավարարի Ադրբեջանի ժողովրդին, որը նաև վարչապետ Փաշինյանն էր հայտարարել, նա նշեց. «Դա ռեալ չէ: Եթե այսօր մենք խոսում ենք Արցախյան հարցի հանգուցալուծման մասին, ապա ժամանակի և տարածության մեջ ես ոչ մի հեռանկար չեմ տեսնում, որ մենք կարող ենք բանակցությունները վերականգնել և հասնել որոշակի արդյունքի, որովհետև մենք հակառակ դիրքերում ենք կանգնած: Ադրբեջանն ուզում է մի բան, որին մենք երբեք չենք կարող համաձայնել, Հայաստանն էլ ուզում է մեկ այլ բան, որին Ադրբեջանը երբեք չի գնա: Այնպես որ խոսել այստեղ փոխզիջման մասին պարզապես հռետորական հարց է, որը ռեալ ոչինչ չունի իր տակ»:

Նավասարդյանի խոսքով՝ առհասարակ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հաջող չէ և վերանայման կարիք ունի, բայց վերանայումն էլ համակարգված պետք է լինի՝ սկսած նրանից, պետք է ունենալ հայեցակարգ, դոկտրինա, որն առ այսօր չունենք: Ըստ նրա՝ պետք է շատ լուրջ զբաղվել կադրային հարցերով, որը բարձիթողի վիճակում է: Նա շեշտեց, որ ԱԳՆ-ն ռեֆորմացիայի կարիք ունի:

Ինչ վերաբերում է ԱԳ նախարարի հարցազրույցից հետո արվող պնդումներին, թե Մնացականյանը պետք է հրաժարական տա, Նավասարդյանը նշեց. «Նրան ովքեր նշանակել են, այդ մարդիկ էլ պետք է հրավիրեն նրան և քննարկեն՝ արդյո՞ք նա կարող է որպես ԱԳ նախարար շարունակել իր ֆունկցիաները, թե ոչ»:

 

 

 

https://www.live24.am/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->