>


Արցախում սպասվող ընտրություններից առաջ տարօրինակ անդորր ու հանգստություն է տիրում: Դեռեւս ամիսներ առաջ, երբ խաղացողները նոր էին ի հայտ եկել աննախադեպ աշխուժություն կար ի դեմս Արցախի հերոս Սամվել Բաբայանի, ով ֆորս մաժորային իրավիճակով էր սպառնում իշխանություններին, խոստանում, որ սահմանադրական փոփոխությունների եթե չգնան ու ինքը հնարավորություն չունենա առաջադրվել որպես նախագահի թեկնածու, ապա պայքարը կտեղափոխի փողոց:
Արցախի Հանրապետության խորհրդարանը հոկտեմբերի 31-ի նիստում քննարկելու է Սամվել Բաբայանի կողմնակիցների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Խորհրդարանի հիմնական քաղաքական ուժերի միջև համաձայնություն է ձեռք բերվել մերժելու 20 հազար ստորագրություն ստացած այդ նախագիծը: Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ Բաբայանը Արցախում ստորագրահավաք էր անցկացնում, որպեսզի սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, այլապես ինքը չի կարող առաջադրվել, Արցախում վերջին չորս-հինգ տարիներին մշտապես չի բնակվել:
Գրեթե հայտնի է, որ խորհրդարանը խափանելու այս գործընթացը, սակայն Բաբայանի ձայն-ծպտունը չի լսվում: Ենթադրվում էր, որ որպես հակաիշխանական թեկնածու նա պետք է մինչեւ հայտնի նիստը մեծ աղմուկ բարձրացներ, այդ 20 հազարի անունից ուղերձ հղեր խորհրդարանին, բայց Բաբայանը ասես ընդհատակ է անցել ու հրաժարվել քաղաքական հավակնություններից: Ըստ ամենայնի Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իրագործել իր գծած խառնակչությունը Արցախում: Սամվել Բաբայանի եւ Արայիկ Հարությունյանի հանդիպումից եւ որոշակի ստվերային պայմանավորվածությունից հետո կողմերից եւ ոչ մեկը շահած դուրս չեկավ: Բաբայանը կորցրեց իր կողմնակիցներին, որոնք ի դեմս իրեն տեսնում էին օրվա իշխանություններին այլընտրանք, բայց Արայիկ Հարությունյանի հետ համագործակցության փաստն ինքնին ի չիք են դարձնում այդ հույսերը, քանի որ վերջինս չնայած այսօր իշխանության մեջ չէ, բայց ուղնուծուծով կապված է գործող իշխանության հետ եւ նրա ընտրության պարագայում նախկիններին մեղմ ասած վատ օրեր չեն սպասվում: Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին աջակիցներ կորցրեց, քանի որ Բաբայանին Արցախում միանշանակ չեն ընդունում : Արդյունքում նախընտրական գործընթացները կորցրեցին երբեմնի անկանխատեսելիությունն ու այլեւս դժվար է ֆորսմաժորային իրավիճակների սպասել՝ գոնե Սամվել Բաբայանի կողմից: Իսկ Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանից անցում կատարեց Մասիս Մայիլյանին եւ իշխանության խաղադրույքը այս պահի դրությամբ հենց Մայիլյանի վրա է դրված:
Թերեւս սրանով է պայմանավորված այս հարաբերական անդորրը, նոր խաղացողներն էլ թերեւս չեն շտապում ջուրը չտեսած բոբիկանալ , որպեսզի անակնկալի բերեն ՀՀ իշխանություններին:









Քոչարյանի զոհերը

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն




от admin

-->