>

Ноя 3, 2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին անդրադարձել է ԼՂ հակամարտության թեմային: Նա այս անգամ էլ անդրադարձել է «հայտարարությունների», որոնք չեն նպաստում կարգավորմանը, սակայն հստակ չի ասել, թե ինչ հայտարարության մասին է խոսքը: Հարցը տվել էր ադրբեջանցի լրագրողը: Լավրովի պատասխանից ստացվում է, թե հայտարարության հասցեատերը Հայաստանն է:

«Ինչպե՞ս կգնահատեք բանակցային գործընթացն այսօր՝ հաշվի առնելով, որ հնչում են բարձր, եթե չասեմ սադրիչ հայտարարություններ, մասնավորապես՝ Հայաստանի պաշտպանության նախարարն օրերս հայտարարել է, թե Ղարաբաղի խնդիրն արդեն լուծված է», — հարցրել է ադրբեջանցի լրագրողը: «Ես Ձեզ հետ համաձայն եմ, հայտարարությունները, որոնցում ասված է, թե Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորել միայն ու միայն այս ճանապարհով, թերևս կարգավորմանը չեն նպաստում և հենց դիրքորոշումները մերձեցնելու և փոխզիջման հասնելու համար էլ անհրաժեշտ են համանախագահների ջանքերը», — պատասխանել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Վալդայ»-ի համաժողովում ունեցած իր ելույթում Լավրովը քննադատել էր Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը՝ նշելով, թե նման հայտարարությունները չեն նպաստում բանակցությունները առաջ տանելու մթնոլորտի ձևավորմանը:








Քոչարյանի զոհերը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն որոշ մանրամասներ է հայտնել ապրիլին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից: Նրա խոսքով՝ այդ հանդիպումը ոչ ֆորմալ կենդանի հանդիպում էր, որի արդյունքում նախանշվել էին վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված հումանիտար մի շարք միջոցների, ինչպես նաև ղարաբաղյան հարցի կարգավորման քաղաքական երկխոսության հեռանկարները:
Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դժգոհել էր սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ունեցած հանդիպումից:

Ահա, արդեն երկրորդ անգամ Մոսկվան՝ Լավրովի մակարդակով՝ Հայաստանին, այսպես ասած՝ «քննադատում» է: Սա այն դեպքում, երբ նույն Մոսկվան երբեք բազմաթիվ առիթների դեպքում չի քննադատել Ալիևին՝ սահմանին սադրանքների, 2016-ի ապրիլյան պատերազմ հրահրելու և միջնորդների պահանջները չկատարելու համար:
Ի դեպ, արդեն հայտնի է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն դեկտեմբերի 5-6-ը Բրատիսլավայում, որտեղ կայանալու է ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական նիստը: Մամեդյարով-Մնացականյան կայանալիք հանդիպման մասին Մոսկվայում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:


«Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների դինամիկան մի փոքր դանդաղել է, այնուամենայնիվ մենք հույս ունենք, որ արտգործնախարարների առաջիկա հանդիպումը նոր թափ կհաղորդի այդ գործընթացին», — ասել է ԵԱՀԿ ղեկավարը՝ հավելելով, թե հակամարտության երկու կողմերն էլ անվտանգության գոտում կայունություն են պահպանում և արդեն իսկ իրագործել են վստահության ամրապնդմանն ուղղված մի քանի միջոցառումներ, այդ թվում՝ ուղիղ կապի ստեղծումը Երևանի և Բաքվի միջև: «Այս ամենը պետք է դրական արդյունքների հանգեցնեն բանակցություններում, դրանք շարունակվում են, այդ թվում՝ գերիների փոխանակման և լրագրողների փոխադարձ այցերի շուրջ», — նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:



Նկատենք, որ նոյեմբերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այցելելու է Հայաստան, և չի բացառվում, որ Լավրովն ուղղակի իր զայրույթն արդեն ավելի առարկայական ձևով և ուղիղ արտահայտի Փաշինյանին՝ ակնկալելով կոնկրետ պատասխաններ և քայլեր:

Թամար Բագրատունի

դիտվել է 4777 անգամ

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->