>

1974 թվականին Բաքվի երաժշտական ուսումնարանի մանկավարժների մի խումբ իրենց տնօրենի ղեկավարությամբ ժամանել էին Երևան՝ էքսկուրսիայի:

Ուսումնարանի տնօրենուհին Ադրբեջանի ՆԳ մինիստրի կինն էր: Նրա ղեկավարած խմբին բարձր մակարդակով էին ընդունել Երևանում ու տեղավորել էին «Արմենիա» հյուրանոցում:

Խումբն ամեն օր էքսկուրսիաների էր մեկնում հայաստանյան տեսարժան վայրերով ու հիացած վերադառնում էր հյուրանոց:

Բայց հերթական տպավորիչ օրվա ավարտին խմբի ղեկավարն ուշադրություն էր դարձրել, որ խմբի անդամներից՝ Լեյլան չկա:




Սկզբում մտածել էին՝ միգուցե դուրս է եկել քաղաքում շրջելու: Բայց Լեյլան գիշերը հյուրանոց չէր վերադարձել:

Առավոտյան խմբի ղեկավարը զանգել էր իր մինիստր ամուսնուն, վերջինս կապվել է հայաստանյան գործընկերոջ հետ:


Անհետացած Լեյլան 22 տարեկան էր: Նրա հայրը Ադրբեջանի ՆԳՆ տրանսպորտի վարչության պետ, միլիցիայի գնդապետ Ադիգյոզալովն էր:





Աղջիկը դաշնակահարուհի էր, դասավանդում էր Բաքվի երաժշտական ուսումնարանում:

Լեյլայի անհետացումը դարձել էր հայ միլիցիոներների լուրջ անհանգստության առարկան: Ադրբեջանի գործընկերները անընդհատ զանգում և պահանջելու տոնով խնդրում էին արագացնել որոնումները:

Սակայն Լեյլայի հետքի վրա ընկնել չէր հաջողվում: Աղջկան վերջին անգամ տեսել էին հյուրանոցի վերելակի մոտ՝ նա բարձրանում էր իր սենյակ: Դրանից հետո աղջկան ոչ ոք չէր տեսել: Աղջիկը Հայաստանում ծանոթներ, ընկերներ չուներ:

Հայ իրավապահները հետաքրքրվում էին անհետացած աղջկա ոչ միայն հայաստանյան օրերով, այլև նրա ընտանեկան պայմաններով, Բաքվում նրա կյանքի հանգամանքներով:

Պարզել էին, որ միլիցիայի գնդապետ Ադիգյոզալովի կինը մահացել էր՝ ամուսնու խնամքին թողնելով 10 տարեկան Լեյլային: Հայրը աղջկան շատ էր սիրում, բայց աշխատանքի բերումով նրան շատ ժամանակ հատկացնել չէր կարողանում:


Կնոջ մահից 5 տարի անց, երբ Լեյլան 15 տարեկան դեռահաս էր, Ադիգյոզալովը որոշել էր ամուսնանալ: Կամակոր Լեյլան դեմ էր եղել հոր ամուսնությանը, նա վիճել էր հոր հետ, ընդդիմացել ու ի վերջո հեռացել էր տանից՝ գնալով մորական տատի տուն:

Հոր հորդորներին՝ տուն վերադառնալ, մտերմանալ խորթ մոր հետ, աղջիկը պատասխանել էր կտրուկ մերժումներով:

Լեյլան օգտվում էր պաշտոնյա հոր անվան շնորհիվ իրեն բաժին հասնող արտոնություններից, բայց հոր հետ սառն էր, համարյա չէր շփվում:

Տատն ու մորաքույրները աղջկա կողմնակիցներն էին, նրանք նույնպես լարված էին Ադիգյոզալովի դեմ:

Հայաստանի ՆԳՆ քրեական հետախուզության վարչության սպաներից մեկը գործուղվել էր Բաքու՝ տեղում ծանոթանալու Լեյլայի հարազատների հետ : Աղջկա տատն ու մորաքույրները հայ սպային միաձայն սկսել էին համոզել, որ Լեյլայի կորչելու առեղծվածային պատմության մեջ հենց հոր մատն է խառը, որովհետև հայրն էր կազմակերպել Լեյլայի ուղևորությունը դեպի Երևան:

Լեյլայի անհետանալուց մեկ ամիս անց օպերատիվ աշխատանքի շնորհիվ մի փոքրիկ տվյալ էր հայտնի դարձել՝ երբ Լեյլան իր խմբի հետ էքսկուրսիայի էր մեկնել Հաղարծին, նրան տեսել էին մի հայ տղամարդու հետ մտերմիկ զրուցելիս:



Այդ նույն տղամարդուն տեսել էին նաև Գեղարդում, երբ Լեյլայի խումբն այնտեղ էր: Տղամարդը նորից խոսել էր Լեյլայի հետ, նա ձեռքով ցույց էր տվել վանական համալիրը շրջապատող ժայռերն ու ինչ-որ բան էր պատմել, իսկ Լեյլան մեծ ուշադրությամբ լսել էր՝ ըստ ականատեսի…

Այդ տղամարդուն նկարագրելիս ականատեսն ասել էր, թե նա 50-ին մոտ ճաղատացող տղամարդ էր՝ «լիքը-լիքը» կազմվածքով, ինքնավստահ շարժուձևով:

Քրեական հետախուզության աշխատողները անմիջապես կառչել էին այս տեղեկությունից ու ձեռնամուխ էին եղել տղամարդու ինքնությունը պարզելուն: Հայտնի էր դարձել, որ նույն տղամարդուն տեսել էին նաև «Արմենիա» հյուրանոցի մոտ…

Կարճ ժամանակ անց պարզել էին, որ այդ տղամարդու անունը Անդրանիկ է, նա ապրում է… Դոնեցկում, «ցեխավիկ» է՝ կոշիկի մի քանի «ցեխ» ունի այնտեղ ու եկել էր Երևան՝ հարազատներին այցելության:

Անդրանիկի հարազատներն ասել էին, թե ամիսուկես է՝ Անդրանիկը մեկնել է Դոնեցկ, ու նրա հետ ոչ մի աղջիկ չի եղել, նա Հայաստանում միայն հարազատներին այցելելով է զբաղված եղել…

Անդրանիկին հանդիպելու համար ՆԳՆ քրեական հետախուզության վարչության աշխատակիցը գործուղվել էր Դոնեցկ: Երկու-երեք օր էր պահանջվել՝ այդ «ցեխավիկ» հային այնտեղ գտնելու համար: Բայց այնտեղ, ի ուրախություն հայ միլիցիոների, գտնվել էր ոչ միայն Անդրանիկը, այլ նաև Երևանում անհետացած ադրբեջանուհին: Լեյլան սիրահարվել էր Անդրանիկին ու մեկնել էր նրա հետ՝ առանց իր հարազատներին տեղյակ պահելու, առանց նույնիսկ Անդրանիկի հարազատների հետ ծանոթանալու՝ գաղտնիությունը պահպանելու նպատակով: Միգուցե Լեյլան իր այդ քայլով ձեռնոց էր նետել հորը…

Իր որոնումների, հարազատների անհանգստության, Հայաստանում հարուցված քրեական գործի մասին իմանալով՝ Լեյլան հայտարարել էր, թե սիրահարվել է, որպես չափահաս մարդ՝ իր կամքով ու իր որոշումով է Անդրանիկի հետ մեկնել Դոնեցկ և Բաքու վերադառնալու մտադրություն չունի:

Լեյլան գրել էր իր բացատրությունը, որը ընթերցելով՝ հավանաբար շատ մեծ ցավ էր ապրել հատկապես նրա հայրը…

Քրեական գործի վարույթը կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->