>

Անգամ նախկին իշխանությունների օրոք, կոռուպցիան ավելի շատ հովանավորչական բնույթ է կրել
Օրեր առաջ կադաստրի պետական կոմիտեի պաշտոնից հրաժարական ներկայացրած Սարհատ Պետրոսյանը ուշագրավ բացահայտում է կատարել Նիկոլ Փաշինյանի կառավարության կոռուպցիոն մեխանիզմների վերաբերյալ: «Ազատություն» ռ/կ-ի եթերում, անդրադառնալով իր հայտնի հրաժարականի հայտարարությանը, որտեղ նա, հիշեցնենք, նշել էր թայֆաբազության հասնող կոռուպցիայի մասին, նշել է.

«Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավարը, որն այժմ Ավինյանի խորհրդականն է Հայաստանում երբևիցե գործունեություն չի ունեցել, այսօր հանդիսանում է Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը, համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր և իրեն պատկանող ընկերությունն անմիջապես ներգրավված է այս բոլոր գործընթացներում: Դրա մասին տեղյակ են բոլորը, տեղյակ է Ավինյանը, ես ինքս այդ մասին ասել եմ: Դրա մասին տեղյակ է ողջ ճարտարապետական հանրույթը, որը բերանը բաց նայում է, ասում է՝ չհասկացանք, եթե նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ որևէ պաշտոնյա, որը կարող էր ինչ-որ բան անել․․․ այդպես բաց չէր հայտարարում: Բայց հենց «Ազատություն» ռադիոկայանում ինֆորմացիա է եղել, որ այդ պետական պաշտոնյան նախագծում է Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը: Դա փաստերով ապացուցված շահերի բախման երևույթ է, իսկ շահերի բախման երևույթը ես շատ հանգիստ կարող եմ վերաձևակերպել և ասել, որ դա կոռումպացվածության հասնող թայֆայականություն է: …Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ուզում է հետամուտ լինել, թե իրենց կուսակցությունը ներկայացնող անհատների թիմերն ինչ գործունեություն են ծավալում, ապա ես պատրաստ եմ հավելյալ փաստեր ներկայացնել»,- հայտարարել է նախկին պաշտոնյան:


Խոսքը Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի մասին է, որը, ըստ Սարհատ Պետրոսյանի, առանց մրցույթի ստացել է բազմաթիվ պատվերներ` պաշտոնի չարաշահման, օգտագործման շնորհիվ: Սարհատ Պետրոսյանը վստահեցրել է, որ Էլոյանի` Ավինյանի խորհրդական լինելը կոռուպցիոն ռիսկ է առաջացնում, քանի որ նախագծերի ընտրության մրցույթ չի եղել: Փաստորեն դեռ 10-15 օր առաջ հեղափոխական կառավարության անդամն այսօր արդեն բարձրաձայնում է Նիկոլ Փաշինյանի թիմում առկա կոռուպցիայի մասին և մատնանշում կոնկրետ անուններ: Կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգով իշխանության հասած Նիկոլ Փաշինյանի թիմում պայթում է հերթական միֆը: Տղաները չեն դիմանում ճնշմանը, մինչդեռ նրանք բարձր պաշտոններում հաստատվելու մեկուկես տարին են բոլորել` ընդամենը:
Ի դեպ, նախագծային բիզնեսը շատ շահութաբեր ոլորտ է, և կադաստրի կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը, որը եղել է այս ոլորտի մասնագետ, այս գործընթացները փայլուն գիտի, համակարգին տիրապետում է ներսից:
Քանի որ Հայաստանում կան տաղանդավոր ճարտարապետներ, նախագծային ոլորտը մեր երկրում միշտ էլ զարգացած է եղել, և այստեղ կա շատ լուրջ մրցակցային շուկա:
Վերադառնալով կոռուպցիային` նկատենք, որ անգամ նախկին իշխանությունների օրոք, կոռուպցիան ավելի շատ հովանավորչական բնույթ է կրել: Որևէ նախկին պաշտոնյա պետական ապարատի աշխատավարձը կամ պետական ծրագրի համար հատկացված գումարները ուղղակիորեն չէր կարող վերցնել ու դնել իր գրպանը: Կոռուպցիան դա պարզ կաշառակերությունը չէ, դա նախևառաջ հովանավորչությունն է, երբ օգտագործելով բարձր պաշտոնը` պաշտոնյաները անուղղակիորեն հովանավորում են իրենց մերձավորների բիզնեսները և դրանից ստանում շահույթի իրենց բաժինը: Փաստորեն Ավինյանն այժմ, ըստ ներկայացված փաստերի, հովանավորչություն է անում իր խորհրդականի բիզնեսին: Սա կլասիկ կոռուպցիա է, ի վերջո կոռուպցիան պոզով կամ պոչով չի լինում:








Քոչարյանի զոհերը

 

 


 



 Հայկ  Դավթյան, գրում է hayeli.am

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->