>

ԱՄՆ Ներկայացուցիչների տանը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հաստատումից հետո ընդհատակյա գործընթացներ են սկսվել ԱՄՆ Սենատում նմանատիպ բանաձևի հաստատման դեմ: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում: Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Փաստաթուղթը, որն օրենքի պարտադիր ուժ չունի, արձանագրում է` Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնումը:

ԱՄՆ Ներկայացուցիչների տանը կայացած քվեարկությունը մեծ ուշադրության էր արժանացել Թուրքիայի իշխանությունների կողմից, որոնք քննադատում էին Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության ճանաչման փաստը և ներկայումս ջանքեր են ներդնում նմանատիպ այլ բանաձևերի բացառման ուղղությամբ: Ավելին, Bloomberg-ի պատրաստած հոդվածի համաձայն, Պետքարտուղարության ավագ պաշտոնյան, ով ցանկացել է անանուն մնալ, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը դեմ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու և Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին, որոնք ընդունվել են Ներկայացուցիչների պալատում։ Նա դա պատճառաբանել է նրանով, որ երկու նախաձեռնություններն էլ կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ում առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների լարվածության: «Վարչակազմը մտահոգված է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմարշավի պատճառով Ներկայացուցիչների պալատում անցյալ շաբաթ ընդունված պատժամիջոցները կկապեն ԱՄՆ-ի ձեռքերը»,- նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ բանաձևի ընդունումը, Սիրիայում թուրքական գործողությունները դատապարտելուն զուգահեռ, անժամանակ է եղել:








Քոչարյանի զոհերը

Պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ-ը իր դիրքորոշումը չի փոխել. սգում է 1.5 մլն հայերի մահը, որոնք արտաքսվել և սպանվել են Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին: Ըստ ԱՄՆ-ում հայ լոբբիստների՝ նմանատիպ բանաձև կա նաև Սենատում, և աշխատանքներ են տարվելու նաև Սենատում ճանաչման բանաձևը հաջողելու համար, ավելին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո ազդեցիկ սենատորները հորդորում են, որ նույն բանաձևն ընդունվի նաև Սենատում, և նրանց թիվն ավելանում է: Սակայն Պետքարտուղարության դիրքորոշման վերաբերյալ անանուն տեղեկությունները կասկածի տակ են դնում Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հաջողության հնարավորությունը:


Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը 168 ժամի հետ զրույցում նշեց, որ, թեև Bloomberg-ի հոդվածում անանուն պաշտոնյայի դիրքորոշում է մեջբերվում, դա Պետդեպարտամենտի դիրքորոշումն է: «Պետք է անպայման նշեմ, որ, եթե Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության բանաձևի ընդունումից առաջ Պետդեպարտամենտից և ԱՄՆ նախագահի վարչակազմից որևէ պաշտոնյա չէր խոսել քվեարկության վերաբերյալ, ապա Սենատում հնարավոր քվեարկությունից առաջ Պետդեպարտամենտից որոշակի գործողություններ, բնականաբար, լինելու են: Այդ ուղղությամբ ակտիվ աշխատում է թուրքական կողմը, լոբբիստները: Դա, բնականաբար, Սենատում համանման բանաձևի հաջող քվեարկության հնարավորությունները պակասեցնում է: Ամեն դեպքում ամեն բան կախված է Սենատում մեծամասնության առաջնորդ Միթչ ՄաքՔոնելից, ում ձեռքում իրականում բավականին մեծ իշխանություն կա կենտրոնացած՝ այս հարցի օրակարգ բերելու հետ կապված»,- ասաց Սարգսյանը: Նա շարունակեց, նշելով, որ լինելու են ճնշումներ Սենատի առանձին անդամների նկատմամբ, հատկապես՝ հանրապետական սենատորների նկատմամբ, վարչակազմից, որը բացառել չի կարելի: «Բայց վստահ եմ նաև, որ մեր համայնքային կառույցները սրանից տեղյակ են և այս հարցով զբաղվելու են: Սա նրանց ուշադրության կենտրոնում է»,- ասաց Սարգսյանը:

Նա պարզաբանեց, որ Պետքարտուղարության մտահոգության առարկան Մերձավոր Արևելքն է, ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականության իմպլեմենտացիան: Նա հիշեցրեց, որ մոտ օրերս նախատեսված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցը Վաշինգտոն, և այդ այցից առաջ, բնականաբար, ԱՄՆ-ը փորձում է իրավիճակը մեղմացնել և ավելի բարենպաստ միջավայր ձևավորել Էրդողանի հետ բանակցությունների համար:



«Ներկայումս, թե որքանով է հավանական նմանատիպ բանաձևի անցկացումը Սենատում, իմ կարծիքով, ավելի քիչ հավանական է, քան Ներկայացուցիչների պալատում, կամ ավելի բարդ է լինելու Սենատում, բայց հույս ունեմ, որ մեր համայնքներն ու կազմակերպություններն ակտիվ կաշխատեն»,- նման հույս հայտնեց միջազգայնագետը: նա նաև ասաց, թե այս հարցում ինչ դերակատարություն կարող է ունենալ հայաստանյան դիվանագիտությունը: Նա նշեց, որ ՀՀ դիվանագիտությունն այստեղ մեծ հնարավորություններ ունենալ չի կարող: «ՀՀ ԱԳՆ-ն չի կարող ուղիղ աշխատել, միայն միջնորդավորված, ինչպես ադրբեջանցիներն ու թուրքերն են անում: Հայաստանը, եթե ցանկանա օժանդակել գործընթացին, պետք է լոբբիստներ վարձի, որպեսզի նրանք այդ շահերը մղեն առաջ»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->