>

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է մի խումբ ռուս լրագրողների եւ պատասխանել ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ռուսաստանյան լուրերի դաշնային գործակալության հատուկ թղթակիցը հետաքրքրվեց, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի՝ Ղարաբաղի նախագահներ լինելու հանգամանքի ֆոնին ինչպիսի՞ն է ՀՀ վարչապետի վերաբերմունքը Արցախի նկատմամբ.

 

 

 




Քոչարյանի զոհերը

 

«Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներն են: Ես տարբեր խոսակցություններում լսել եմ կարծիքներ, որ նրանց ճակատագիրը կարող է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի վրա, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ձեր հարաբերությունների վրա»,- հարցրել է լրագրողը:


 





 

 

Ի պատասխան՝ ՀՀ վարչապետն ասաց.

«Ինչպե՞ս դա կարող է ազդեցություն ունենալ: Օրինակ՝ այժմ Հայաստանի բնապահպանության նախկին նախարարը գտնվում է հետախուզման մեջ, դա կարո՞ղ է ազդել Հայաստանի բնության նկատմամբ իմ վերաբերմունքի վրա, կամ, օրինակ, Ֆինանսների նախկին նախարարն այժմ բանտում է, դա որևէ կերպ կարո՞ղ է ազդել Հայաստանի ֆինանսների նկատմամբ իմ վերաբերմունքի վրա:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը համար մեկ հարցն է Հայաստանի անվտանգության և մեր երկրի ու ժողովրդի ապագայի համար: Դուք ցիտում էիք բանաձևեր, ես, անկեղծ ասած, նախընտրում եմ ղարաբաղյան հարցում խոսել իմ սեփական բանաձևերով, այլ ոչ թե իմ նախորդների բանաձևերով: Ես այդ բանաձևի մասին արդեն խոսել եմ հրապարակային, ինչպիսին է իմ բանաձևը, որը ես առաջարկում եմ:

 

 


 

Ես ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Ի դեպ, ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Դրա համար Հայաստանում ինձ քիչ չեն քննադատել՝ ասելով, թե ինչո՞ւ պետք է Հայաստանի առաջնորդը մտահոգվի կամ մտածի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին:

Բայց ես վստահ եմ, որ եթե մենք խոսում ենք հակամարտության կարգավորման մասին, այլ ոչ թե կողմերից մեկի հաղթանակի կամ պարտության մասին, եթե մենք ցանկանում ենք երկարատև խաղաղություն և կայունություն, ապա մենք պետք է գտնենք այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես հույս ունեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես կանի նման հայտարարություն:

 

 

 



 

Եթե ես առաջին հերթին հիշատակում եմ Հայաստանի ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, հետո Ադրբեջանի ժողովրդին, ապա թող նա ասի հակառակը: Թող նա ասի, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար: Եթե նա դա ասի, ապա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն արձանագրելու իրական ճեղքում բանակցային գործընթացում: Այսպիսին է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման իմ բանաձևը, ինչը նշանակում է, որ ես չեմ պատրաստվում բանակցություններում օգտագործել ո՛չ Սերժ Սարգսյանի բանաձևը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի բանաձևը, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի բանաձևը»:

Լրագրողը խնդրեց  մի փոքր գաղտնազերծել այդ բանաձևը՝ հարցնելով, թե արդյո՞ք Հայաստանի ժողովրդի համար ընդունելի լուծում է դա եւ առհասարակ  ի՞նչ է իրենից ներկայացնում:

 

 

 

 

«Գիտեք, ես խոսում եմ բանակցային գործընթացի կոնցեպտուալ հիմքի մասին: Եթե ես ասում եմ, որ յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, ապա այնքան էլ կառուցողական չէ ասել՝ մենք ցանկանում ենք այսպիսի լուծում: Ես առաջարկում եմ Ադրբեջանի նախագահին և Մինսկի խմբի համանախագահներին կոնցեպտուալ կերպով համաձայնվել նրանում, որ մենք պետք է աշխատենք այնպիսի լուծման ուղղությամբ, որն ընդունելի կլիներ երեք ժողովուրդների համար: Արդյոք կան նման տարբերակներ: Եթե նման պատրաստի տարբերակներ լինեին, ապա դա կլիներ այլ իրավիճակ, բայց եթե ես այդպես եմ խոսում, դա նշանակում է, որ մենք պետք է աշխատենք դրա վրա: Դա այն արդյունքն է, որին հնարավոր է հասնել այդ ուղղությամբ շատ քրտնաջան աշխատելով, և ես հրավիրում եմ մեր գործընկերներին, մեր ընկերներին աշխատել դրա վրա: Եվ ես նկատի ունեմ ոչ միայն Ադրբեջանի նախագահին, այլ նաև նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի նախագահին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»,- ասաց վարչապետը:

 

 

 

 

http://armenia-usa.site/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->