>

աղբյուր

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր ընտանիքի հետ ապրում է այս տանը: Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ տեղակայված առանձնատունը 2013թ. գրավադրված էր «Ամերիաբանկ»-ում 1 մլն 800 հազար դոլար լիկվիդացիոն արժեքով: Անշարժ գույքի գործակալների գնահատմամբ` առանձնատան շուկայական արժեքն այդ ժամանակ 3-4 մլն դոլար էր: Զանազան գործարքների և սխեմաների արդյունքում Գասպարյանն այս տունը ձեռք է բերել մոտ 200 հազար դոլարով:

Այս սխեմաներն իրականացնելու համար այդ ժամանակ կային գործող անձինք, որոնցից յուրաքանչյուրն ուներ յուրահատուկ դերակատարություն: Նրանք էին՝ հասարակության մեջ Վովայի Արշակ անունով հայտնի, այդ ժամանակ ոստիկանապետի թիկնազորի ղեկավար Արշակ Հակոբյանը, Գասպարյանի գլխավոր խորհրդական Հայկ Ստեփանյանը, գործարար Սիլվա Համբարձումյանը և «Ամերիաբանկ»-ի ներկայացուցիչները:

Տունը ձեռք բերելու բանակցությունների վերջին փուլում ներգրավվել է անձամբ Վլադիմիր Գասպարյանը: Առանձնատան սեփականատեր Աղասի Դանիելյանին չեն վճարել խոստացված 900 մլն դրամ գումարը: Տան սեփականատեր է դարձել Գասպարյանի զոքանչը` Հեղուշ Գալստյանը: Վարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով բանկը առանձնատունը հանել է աճուրդի: Նախկինում 1 մլն 800 հազար դոլար գնահատված առանձնատունը վաճառվել է 200 հազար դոլարով: Այն գնել է Վլադիմիր Գասպարյանի կնոջ ազգականը՝ ոստիկանության կրթահամալիրի պետի նախկին տեղակալ Էմիլ Զուլոյանը: Օրեր անց գնդապետ Զուլոյանն առանձնատունը նվիրել է Վլադիմիր Գասպարյանի որդուն՝ Վլադիմիր Գասպարյանին:




Քոչարյանի զոհերը

Վլադիմիր Գասպարյանին փաստացի պատկանող առանձնատունը գտնվում է Երեւանի Փափազյան 2/5 հասցեում: 854 քմ մակերեսով եռահարկ առանձնատունը տեղակայված է 2836 քմ մակերեսով հողակտորի վրա, որին կից առկա է նաև 126 քմ մակերեսով խաղահրապարակ: Բացի այս, Գասպարյաններն ունեն ավտոտնակ, պահակակետ և լողավազան: Հողակտորն էլ պատված է արծաթափայլ եղևնիներով:

Կադաստրի պետական կոմիտեում առկա տեղեկատվության համաձայն՝ 2012թ. առանձնատան սեփականատերը եղել է Ալբերտ Երիցյանի կինը` Անահիտ Սարուխանյանը, 2013-ին` Երիցյանի ընկեր Աղասի Դանիելյանը, 2014-ին` Վլադիմիր Գասպարյանի զոքանչը` Հեղուշ Գալստյանը, 2015-ին՝ ոստիկանության գնդապետ, Գասպարյանի կնոջ ազգական Էմիլ Զուլոյանը, ապա` նույն 2015-ին` Վլադիմիր Գասպարյանի որդին:






Առանձնատան ինչ-որ առումով առեղծվածային գործարքները բացահայտելու համար առանձին-առանձին զրուցել ենք գործարարներ Ալբերտ Երիցյանի, Աղասի Դանիելյանի, Սիլվա Համբարձումյանի հետ, իսկ մեր գրավոր հարցերին մասնակիորեն պատասխանել են «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից: Մոտ 7 օրից հարցազրույց տալու պատրաստակամություն հայտնեց նաև ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող Էմիլ Զուլոյանը, որը Վլադիմիր Գասպարյանի կնոջ մորաքրոջ որդին է, սակայն հետագայում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Հարցազրույցի նախնական պայմանավորվածություն ենք ունեցել նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, որը հետագայում, չպատասխանելով մեր հեռախոսազանգերին, ըստ էության, հրաժարվեց հարցազրույց տալու իր մտադրությունից:

Ալբերտ Երիցյանից հետո առանձնատան ձեռքբերման տարբեր սխեմաներ են գործել
Եվ այսպես, 2012 թվականին հայտնի գործարար Ալբերտ Երիցյանը ֆինանսական խնդիրների պատճառով որոշում է Փափազյան փողոցում տեղակայված և իր կնոջ՝ Անահիտ Սարուխանյանի անունով գրանցված առանձնատունը վաճառել: Ալբերտ Երիցյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ առանձնատունը վաճառելու մտադրության մասին այդ ժամանակ ասել է անշարժ գույքի գործակալներին, վարվել է այնպես, ինչպես կվարվեր ցանկացած անշարժ գույք վաճառող մարդ:

Երիցյանի խոսքով՝ առանձնատունը HSBC բանկում է գրավադրված եղել: Իր ընկեր, գործարար Աղասի Դանիելյանը, որն այդ ժամանակ «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ-ի տնօրենն էր, ցանկացել է գնել առանձնատունը: Ալբերտ Երիցյանի և Աղասի Դանիելյանի պայմանավորվածության արդյունքում Դանիելյանը նույն բանկից 1․6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով վարկ է վերցրել և գնել առանձնատունը: «2015-16 թվականն էր, թվականը լավ չեմ հիշում: Մենք այդ գույքը վաճառեցինք Աղասի Դանիելյանին: Նորմալ գործարք է եղել, մենք գումարը ստացել ենք, վաճառել ենք, ոչ մի խնդիր չկա»,- ասաց Ալբերտ Երիցյանը: Հետո դժվարությամբ, բայց հիշեց, որ այն ժամանակ մոտ 900 մլն դրամով են վաճառել առանձնատունը: Երիցյանի պնդմամբ՝ ինքն այդ գործարքից հետո չի հետաքրքրվել, թե տունը ով ում է վաճառել, և այսօր ով է դարձել սեփականատեր:

Նշենք, որ 2012թ. առանձնատան հասցեն եղել է Վրթ. Փափազյան 2, 2013-ին՝ Փափազյան 2/7, իսկ 2014 թվականին՝ Փափազյան 2/5 և առ այսօր գործում է վերջին հասցեն:


Առանձնատան գործարքը Աղասի Դանիելյանի համար գլխացավանք է դառնում
Ի տարբերություն Ալբերտ Երիցյանի, առանձնատունը գնած Աղասի Դանիելյանը մանրամասն վերհիշեց, թե ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել առանձնատան շուրջ: «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ-ի նախկին տնօրենը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ Երիցյանն է իրեն դիմել՝ խնդրելով գնել առանձնատունը: Խնդրել է նաև՝ եթե ավելի թանկ գնով ձեռք բերող հայտնվի, ապա տունը վաճառեն նրան, իսկ Դանիելյանի կատարած ծախսը կփոխհատուցեն: Աղասի Դանիելյանը համաձայնել է HSBC բանկում Երիցյանի կնոջ անունով գրավադրված առանձնատունը բանկից ձեռք բերել, քանի որ ցանկանում էր երբեմնի ընկերոջն օգնել: Դանիելյանը 2012թ. HSBC բանկից 1.6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վարկ է վերցրել և դարձել առանձնատան սեփականատեր, իսկ առանձնատունը շարունակել է գրավադրված մնալ բանկում: Հետագայում Երիցյանը Դանիելյանին տեղեկացրել է, թե առանձնատունն ավելի բարձր արժեքով գնող է հայտնվել, սակայն պետք է շինությունը վերակառուցվի: Դանիելյանը 2013թ. Երևանի քաղաքապետարանից ստացել է ճարտարապետահատակագծային առաջադրանք:

«Դրանից հետո ուրիշ մարդիկ է ճարում (Ալբերտ Երիցյանը-հեղ.) և տունը երկու մարդու վրա է վաճառում: Իրեն օգնում էի, մարդն ուղղակի խեղդվում էր, ես ոչ մի շահի ակնկալիք չեմ ունեցել, բոլորն էլ գիտեին այդ մասին»,- 6 տարվա վաղեմության իրադարձությունը վերհիշեց Դանիելյանը՝ նշելով, որ երբ տունն արդեն իր անունով է եղել, հայտնվել է գործարար Սիլվա Համբարձումյանը, որն արդեն գնել էր Երիցյանին պատկանող հացի արտադրամասը: Աղասի Դանիելյանի պնդմամբ՝ Սիլվա Համբարձումյանը միջնորդական առաքելություն է իրականացրել, սակայն չի իմացել, որ առանձնատան սեփականատերն ինքն է, ոչ թե Երիցյանը կամ նրա կինը: «Երբ հայտնվեց ռեալ գնորդը, նա ասեց, որ Սիլվան է եղել միջնորդը»,- ասաց Դանիելյանը՝ նշելով, որ «ռեալ գնորդը» նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է եղել:

Աղասի Դանիելյանի պնդմամբ՝ Գասպարյանի անունից սկզբում գործարար Սիլվա Համբարձումյանի, հետագայում իր հետ բանակցել են Գասպարյանի թիկնազորի նախկին ղեկավար Արշակ Հակոբյանը, Գասպարյանի նախկին գլխավոր խորհրդական Հայկ (Հայկարամ) Ստեփանյանը (այժմ բնակվում է ԱՄՆ-ում), ՃՈ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Սուրեն Խուդոյանը, ոստիկանության կրթահամալիրի պետի նախկին տեղակալ Ռազմիկ Խանզադյանը և այլք:

Մինչ Վլադիմիր Գասպարյանի և Սիլվա Համբարձումյանի հայտնվելը, «Ամերիաբանկ»-ը Աղասի Դանիելյանին առաջարկել և ձեռք է բերել HSBC բանկում նրա ունեցած վարկային փաթեթը: Պարզ ասած՝ հիփոթեքային վարկը տեղափոխվել է «Ամերիաբանկ»: Վարկառու է դարձել Դանիելյանին պատկանող «Ունիվերսամ ավան» ՍՊԸ-ն, իսկ Դանիելյանը` վարկի երաշխավոր:

Աղասի Դանիելյանի տեղեկություններով՝ Սիլվա Համբարձումյանը պետք է Վլադիմիր Գասպարյանի համար գնվելիք տունը ձեռք բերեր 2 մլն դոլարով: Սիլվա Համբարձումյանի առաքելությունն ավարտվում է այն ժամանակ, երբ Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչները պարզում են, որ առանձնատունը ոչ թե Ալբերտ Երիցյանին է պատկանում, այլ Աղասի Դանիելյանին: Ըստ Աղասի Դանիելյանի՝ մինչ Գասպարյանի ներկայացուցիչները կպարզեին, թե ում սեփականությունն է առանձնատունը, նրանք Ալբերտ Երիցյանին վճարած են լինում 2 մլն դոլար: Սիլվա Համաբարձումյանը ևս պնդեց, որ Գասպարյանի ներկայացուցիչները Երիցյանին 2 մլն դոլար կանխավճար են տվել և նշեց, որ գործարքի գինը պետք է 3.2 մլն դոլար կազմեր:



Երբ Ալեբերտ Երիցյանին տեղեկացրինք, որ Սիլվա Համբարձումյանը որոշ մանրամասներ է պատմել գործարքի մասին, նա զարմացավ: «Նման բան չի եղել, ո՞վ է նման բան ասել: Կարո՞ղ է Արշակը կամ Հայկ Ստեփանյանը կանգնեն և ասեն, որ ինձ փող են տվել: … Արշակը կամ Հայկը ինձ գումա՞ր են փոխանցել, չի կարող նման բան լինել: Ուրեմն ես այն մարդն եմ, ում գումար են փոխանցել ու ես ստո՞ւմ եմ: Ո՞նց կարող է նման բան լինել»,- ասաց Ալբերտ Երիցյանը:

Վլադիմիր Գասպարյանը սպառնացել է. հաղորդում հանցագործության մասին

2013թ. Գասպարյանի ներկայացուցիչները կապ են հաստատել առանձնատան փաստացի սեփականատեր Աղասի Դանիելյանի հետ: Վերջինիս խոսքով՝ շուրջ մեկ տարի տևած բանակցություններն արդյունք չեն տվել, և 2014թ. Գասպարյանն ու ինքը հանդիպել են: «Ինքն (Վ.Գ.-ն-հեղ.) ասեց՝ ես փողերը տվել եմ (Համբարձումյանին, Երիցյանին-հեղ.), դուք եք ուզում ինձ խաբել, ես էլ ապացուցեցի, որ այստեղ խաբելու բան չկա, քեզ խաբողները քո դիմաց նստած են, ոչ թե ես եմ: Ինքն ընդունեց: Ասեց՝ քո բոլոր փողերը կտամ, ոչ մի կոպեկ չես տուժի, իմ ձեռքով կվերցնեմ կտամ, այսպիսի խոսակցություն է մեր մեջ եղել»,- վերհիշեց Դանիելյանը: Վերջինս Գասպարյանի առաջարկով, ապա սպառնալիքների ազդեցության տակ առանձնատունը վաճառել է Գասպարյանի զոքանչին՝ Հեղուշ Գալստյանին: Պայմանագրի գինը կազմել է 900 մլն դրամ: Երբ Դանիելյանը պահանջել է գումարը, նրան սպառնացել են: Հարցին՝ կոնկրետ ի՞նչ սպառնալիքներ է ստացել Վլադիմիր Գասպարյանից, նա պատասխանեց. «Այս կանենք, այն կանենք… ընտանիքի, երեխաների… երեխայիդ «նարկոման» կսարքենք, կմտնենք այս կանենք, այն կանենք»: Հարցին՝ է՞լ ինչ է ասել Գասպարյանը, Աղասի Դանիելյանը պատասխանեց. «Ասեց՝ քո մասին ամեն ինչն ուսումնասիրել եմնույնիսկ արյանդ կարգը գիտենքՀասկացաոր ես վաղուց իրենց նշանառության տակ եմՕրենքն ու իշխանությունն իրենց ձեռքն էրոնց ուզեին, կարող էին պտտելՑանկացած արարքցանկացած քայլ սպասելի էրԱմեն ինչ էլ սպասում էիհիմա էլ եմ սպասումայնպես չիոր չեմ սպասում»:

Նույն ժամանակահատվածում Դանիելյանը «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ-ն, որը գույք չուներ, վաճառում է Սիլվա Համբարձումյանին:

Արդյունքում վարկային փաթեթը հետևյալ տեսքն է ունենում՝ վարկառուն շարունակում է մնալ «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ-ն, բայց արդեն Սիլվա Համբարձումյանի անունով, առանձնատունը գրավադրված է մնում արդեն Հեղուշ Գալստյանի անունով, և որպես երաշխիք երկու այլ գույք է գրավադրվում. մեկը` Դանիելյանի տղայի անունով, մյուսը՝ Համբարձումյանի քրոջ: Աղասի Դանիելյանը շարունակում է մնալ նշված վարկի երաշխավորը: Նույնիսկ մի քանի ամիս Գասպարյանի խնդրանքով կատարում է վարկի ամսական՝ մոտ 40 հազար դոլար վճարումները:

Աղասի Դանիելյանի և Հեղուշ Գալստյանի միջև կնքված պայմանագրով վճարման ենթակա 900 մլն դրամը Դանիելյանն այդպես էլ չի ստանում: 2016 թվականին Աղասի Դանիելյանը Վլադիմիր Գասպարյանի (այդ ժամանակ` ՀՀ ոստիկանապետ) դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու փոխարեն հաղորդում է ներկայացրել Ալբերտ Երիցյանի դեմ, թե իբր վերջինս խաբեությամբ առանձնատունը վաճառել է Հեղուշ Գալստյանին: Դանիելյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվում է, մերժումը հետագայում բողոքարկվում է մինչև Վճռաբեկ դատարան, սակայն մնում է անփոփոխ:

«Ամերիաբանկի» դերը առանձնատան ձեռքբերման գործարքում

Աղասի Դանիելյանը, հասկանալով, որ և՛ տունն է կորցրել, և՛ գումարը, դադարում է վճարումներ կատարել: Դանիելյանի խոսքով, «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ-ն էլ չի կատարել բանկի առջև ստանձնած վարկային պարտավորությունները, իսկ բանկը 2014 թվականին 1.8 մլն դոլար շուկայական գին ունեցող առանձնատունը կրկին գնահատման է ենթարկել, որն այս անգամ գնահատվել է 500 մլն դրամ կամ մոտ 1 մլն դոլար: Դանիելյանը նշեց, որ բանկը 2015թ. գաղտնի և ապօրինի աճուրդ է անցկացրել, որտեղ առանձնատունը, մի քանի անգամ չվաճառվելով, էժանացել է, և ընդամենը 100 մլն դրամով վաճառվել Էմիլ Զուլոյանին: Վերջինս Գասպարյանի կնոջ մորաքրոջ որդին է և մինչև 2018թ. հուլիսի 19-ը զբաղեցնում էր ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալի պաշտոնը: Զուլոյանն էլ առանձնատունն իր անունով գրանցելուց հետո՝ 2015թ. հունիսի 10-ին, նվիրել է Վլադիմիր Գասպարյանի որդուն՝ Վլադիմիր Գասպարյանին: Քանի որ Գասպարյան կրտսերը 2015 թվականին անչափահաս է եղել, նվիրատվության պայմանագիրը (1,2) ստորագրվել է Էմիլ Զուլոյանի, Վլադիմիր Գասպարյան ավագի և վերջինիս կնոջ՝ Սուսաննա Գասպարյանի կողմից: Այդպիսով, առանձնատունը դարձել է Գասպարյան ընտանիքի սեփականությունը:

2015 թվականին «Ամերիաբանկը» հայցադիմում է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան ընդդեմ Աղասի Դանիելյանի՝ պահանջելով վերջինիցս բռնագանձել 1 մլն 256 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, քանի որ նա համարվել է վարկի երաշխավորը: Աղասի Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատաքննության ընթացքում հաճախ ինքը ծանուցումներ չի ստացել, նիստերի մեծ մասն անցել է առանց իր ներկայության, և արդեն 2015 թվականի դեկտեմբերի 28-ին դատարանը բավարարել է բանկի հայցը: Բացի դրանից, Դանիելյանի խոսքով, ինքը հակընդդեմ հայց է ներկայացրել նույն դատարան, բայց դատարանը ոչ վերադարձրել է այն, ոչ էլ՝ վարույթ ընդունել: Հարկադրված` բանկի դեմ հայց է ներկայացրել այլ վարչական շրջանի դատարան՝ պահանջելով 2014թ.-ից իրեն ազատած համարել երաշխիքային պայմանագրով ստանձնած պարտավորություններից: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրա հայցը, սակայն հետագայում Վերաքննիչ դատարանը բեկանել է այն, իսկ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել բողոքը: Գրեթե նույն ճակատագրին է արժանացել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի վճիռը: Դանիելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել: Աղասի Դանիելյանը դատաքննության ամբողջ ընթացքում առանցքային է համարում դատարաններում բանկի ներկայացուցիչ Արտակ Ավանեսյանի դերակատարությունը, քանի որ նա Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի անդամ Վարդան Ավանեսյանի որդին է:

«Ամերիաբանկ»-ից մեր գրավոր հարցերին ի պատասխան նշել են, թե Արտակ Ավանեսյանի գործունեության մեջ շահերի բախում չեն տեսնում, իսկ աճուրդի գաղտնի լինելու վերաբերյալ մեր հարցին ի պատասխան` հայտնել են. «ՀՀ օրենսդրությունը գրավադրված գույքի աճուրդային վաճառքի դեպքում չի նախատեսում գործով երաշխավորի կամ գույքի նախկին սեփականատիրոջը ծանուցելու գործընթաց` ուստի աճուրդ կազմակերպողը նման պարտականություններ չի ունեցել: Բոլոր դեպքերում բռնագանձման ծանուցումը ստացած երաշխավորը տեղեկացված է լինում այդ գործընթացի մասին»: Բանկը բացառում է Վլադիմիր Գասպարյանի հնարավոր միջամտությունը առանձնատունը աճուրդի հանելու գործընթացում: Մեր մի շարք հարցերին «Ամերիաբանկ»-ը պաստասխանել է այնքանով, որքանով համարել է, որ չի խախտում երրորդ անձանց իրավունքները:

Այս ամենից հետո այսօր հետևյալ իրավիճակն է. Փափազյան ⅖ հասցեի առանձնատունը տնօրինում է Գասպարյանի ընտանիքը, «Ամերիաբանկ»-ում վարկը չմարելու համար արգելանք է դրված երաշխավոր Դանիելյանի գույքի և հաշիվների, «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ-ի հաշիվների, Դանիելյանի տղայի անունով գրավադրված գույքի, Սիլվա Համբարձումյանի քրոջ անունով գրավադրված գույքի վրա: Բանկը կռվախնձոր համարվող առանձնատունը վաճառել է Գասպարյանի կնոջ մորաքրոջ տղային, որը հետագայում այն նվիրատվության միջոցով փոխանցել է Գասպարյանի որդուն: Դանիելյանը չի ստացել և դեռ չի կարողանում ստանալ Գասպարյանի զոքանչին վաճառած տան գումարը` շուրջ 900 մլն դրամ: Նախորդ շաբաթվա դրությամբ Վլադիմիր Գասպարյանի, Արշակ Հակոբյանի, Հայկ Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ իրավապահ մարմիններում հարուցված որևէ քրեական գործ առկա չէ (1,2):

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում Վլադիմիր Գասպարյանի ներկայացրած ոչ մի հայտարարագրում առկա չէ որեւէ նշում Փափազյան ⅖ հասցեի առանձնատան վերաբերյալ: Նրա որդին՝ Վլադիմիր Գասպարյանը, մեկ անգամ է հայտարարագիր ներկայացրել` 2017 թվականին, որտեղ եւս նշում չկա առանձնատուն նվեր ստանալու մասին: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը չէր նախատեսում դրույթ, որի համաձայն` պաշտոնատար անձի անչափահաս որդու ստացած նվերը պետք է հայտարարագրվեր: Օրենսդրական այս բացը հնարավորություն է տվել պաշտոնյաներին, որպեսզի կասկածելի ծագման նվերներ ստանալիս դրանք ձևակերպեն անչափահաս երեխաների անունով:


от admin

-->