>

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր Ավետիք Չալաբյանի խոսքով՝ Հայաստանի իրական ընդդիմությունն իրենք են, ովքեր ոչ մի կապ չունեն նախկինների հետ. «Եթե մարդիկ ասում են՝ Հայաստանում իրական ընդդիմություն չկա, նրանք պարզապես չեն ուզում մեզ նկատել, իսկ մեզ չնկատել այլևս հնարավոր չէ»,- hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա:




Քոչարյանի զոհերը

Դուք ասել էիք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանրային քաղաքականությամբ պետք է չզբաղվի, ի՞նչ նկատի ունեիք:
— Եթե նախորդ քաղաքական իշխանությունը հեռացել է մասսայական ընդվզման արդյունքում, ապա ժամանակ է պետք, որպեսզի այն մարդիկ, ովքեր իր թիմում են եղել ռեգեներացվեն: Սերժ Սարգսյանի ամեն մի հայտնությունը հանրային դաշտում կոշտ հակազդեցություն է առաջացնում, և բացի դրանից՝ իշխանությանը հնարավորություն է տալիս անընդհատ շահարկել այդ հարցը: Մենք այսօրվա իշխանության իրական ընդդիմության մեջ ենք, նրանց հետ ամեն օր գտնվելով դեբատների մեջ, հանրային հնչեղություն ունեցող հարցերով՝ Ստամբուլյան կոնվենցիա, առողջապահության համապարփակ ապահովագրության թեմա և այլն։ Բայց ամեն անգամ խոսակցությունը գալիս է նրան, որ ասում են՝ «Բա ի՞նչ, դուք ուզում եք նախկիննե՞րը վերադառնան»։ Մենք չենք ուզում նախկինները վերադառնան, մենք ուզում ենք առաջ գնալ իրական, նորմալ քաղաքական պայքարով:
 Միայն Սերժ Սարգսյա՞նը չպետք է զբաղվի հանրային քաղաքականությամբ, թե՞ Հանրապետական կուսակցությունը ևս:
-Իհարկե խոսում եմ անձի մասին: Ես կարծում եմ՝ երբ Սերժ Սարգսյանը հանդես է գալիս հանրային դաշտում, դա նույն ՀՀԿ-ի շահերից էլ չի բխում, բայց իրենք թող իրենց որոշումն ընդունեն։
Ասում են՝ այսօրվա ընդդիմությունը վաղվա իշխանություն է: Դուք Ձեզ տեսնու՞մ եք որպես վաղվա իշխանություն:






-Այո, մենք դրա մասին բազմիցս ասել ենք: Չենք եկել քաղաքականություն, որ մնանք հավերժական ընդդիմություն:
Ինչպե՞ս կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ 1996 թվականից հետո Հայաստանը լեգիտիմ ղեկավար չի ունեցել,ր Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չարիք է, որին անմիջապես արձագանքեց ՀԱԿ-ը: Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն ուզում՝ իր անունը չկապեն Տեր-Պետրոսյանի անվան հետ:
— Կողքից դիտարկելով կասեմ հետևյալը՝ մենք չպետք է քաղաքական տարբեր գործիչներին անվանարկել՝ չարիք ա, դև ա, հրեշ ա: Դա քաղաքական դիսկուրսը տրամաբանության դաշտից տանում է էմոցիոնալ դաշտ: Ես իմ ողջ կենսագրության ընթացքում ծայրահեղ ընդդիմացած եմ եղել Տեր-Պետրոսյանին, բայց ես չէի ցանկանա դա էմոցիոնալ դաշտ տեղափոխել: Մենք պետք է հասկանան՝ Տեր-Պետրոսյանն ինչ չարիք է պատճառել Հայաստանին:Դա մեզ հնարավորություն է տալիս իսկապես խնդիրների մասին խոսել, ոչ թե անընդհատ ստեղծել հերոսներ և հակահերոսներ, դա հասարակության համար օգտակար քննարկում չէ։ Այն, որ Փաշինյանը փորձում է հրաժարվել Տեր-Պետրոսյանի հետ իր կապից, կտրել պորտալարը, դա Փաշինյանի մասին լավ բան չի ասում։ Նա՝ որպես քաղաքական գործիչ, ակնհայտորեն կայացել է Տեր-Պետրոսյանի հովանավորությամբ, Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանն ամառանոցում նստած էր, իսկ Փաշինյանը նրա ուժերն էր կազմակերպում: Նա Տեր-Պետրոսյանի հետ ճանապարհ է անցել, եթե նա այսօր Տեր-Պետրոսյանին ուրանում է, դա շատ վատ է խոսում Փաշինյանի մասին, դա ցույց է տալիս, որ Փաշինյանը ցանկացած մարդու կարող է ուրանալ։ Նրա ճանապարհը քաղաքական դիակներով է շաղ տված, և դա միայն Տեր-Պետրոսյանին չի վերաբերում։
-Ո՞րն է ուրանալու նպատակը:
— Իրեն սրբի տեղ ներկայացնելը: Փորձում է մաքրագործվել, ցույց տալ, որ ինքը մաքուր է, բայց ինչպե՞ս է մաքուր, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի հետ քաղաքական հսկայական ճանապարհ է անցել:
     Մարիամ Հակոբյան



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->