>

արցազրույց Արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի հետ․

— Տիկի’ն Հովհաննիսյան, իշխանափոխությունից հետո դուք կարծես չեք խոսել մարդկային հարաբերությունների փոփոխությունից։ Գոնե մեզ՝ լրագրողներիս համար նկատելի է, որ բազմաթիվ գործիչներ, ովքեր իշխանության դռների մոտ հերթի էին կանգնել, այսօր ամենախիստն են քննադատում նախկին իշխանություններին։ Դուք շատ ընկերներ կամ լավ ծանոթների եք կորցրել 2018 թվականի իրադարձություններից հետո։

 

 




Քոչարյանի զոհերը

 


-Ես այդ մասին խոսել եմ հենց իշխանափոխության օրերին՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում, որտեղ բարձրաձայնում էի մարդկային հարաբերությունների ճգնաժամի, մարդկանց շատ արագ փոփոխության մասին, մարդկային որակների անկման կամ շատ մարդկանց դեմքերի բացահայտման մասին։ Ասում են` հեշտ է սուրբ լինել, երբ չես ուզում մարդ լինել: Այդ օրերին «սրբերի» հիթ շքերթ էր, շատերն էի մոռացել իրենց դեմքը, անգամ այն դեմքը, որ չէին ունեցել:





Շատ ընկերներ չեմ կորցրել, քանզի ես ընկեր անվանում եմ բացառապես այն մարդկանց, ում հետ տարիների կտրվածքով որոշակի ուղի ենք անցել, կոփվել փորձություններ հաղթահարելով։ Բայց միևնույն ժամանակ, այո՛, եղել են իրավիճակներ, երբ՝ գործընկեր, կուրսընկեր, ծանոթ, այդպիսի մարդկանց առումով հիասթափություն ունեցել եմ, զարմացել եմ, բայց զարմանալուց հետո մի քանի վայրկյան անց ուղղակի ջնջել եմ այդ մարդկանց իմ տեսադաշտից և իմ շփման շրջանակից, անգամ ամենալայն շրջանակից։ Նեղ շրջանակի մարդկանց առումով իմ ծիրը շատ չի փոխվել։

 

-Դուք այն քիչ գործիչներից եք, որ անգամ հասարակական էյֆորիայի ժամանակ օբյեկտիվ քննադատություն է հնչեցրել և շարունակում է հնչեցնել իշխանության՝ իրավական ոլորտին առնչվող սխալ քայլերի վերաբերյալ։ Դժվար չէ՞ այս պայմաններում քննադատել գրեթե սրբի տեղ ընդունվող իշխանություններին։

— Կարծում եմ՝ Ձեր հարցի մեջ պատասխանն ինքնին պարունակվում է։ Իհարկե, բարդ է։ Իհարկե, բարդ է քննադատել, հատկապես այն տեսանկյունից, երբ քեզ բովանդակային հակադարձումներ չկան։ Հակադարձումը, բացառապես՝ «ա՛յ, դու իրավունք չունես խոսելու», «ա՛յ, դու նախկին թալանչի ռեժիմի մասնակից» կամ սեռական բնույթի հայհոյանքներ, որոնց տվողներինին, չգիտես, անկեղծ ասած, խղճա՞ս, թե՞ ցավակցես՝ նման մակարդակի համար։ Բայց սա այն ամենն է, ինչ թելադրել է իշխանությունը։ Սա այն օրակարգն է, այն կոնտենտն է, որը թելադրել է ինքը՝ իշխանությունը։ Չկա բովանդակային բանավեճ։ Ինձ համար, առհասարակ, հավելեմ նաև՝ ի պատասխան նախորդ հարցին, թիմը ոչ թե մարդիկ են, այլ գաղափար է ու բարոյական տաբու։ Գաղափար, որը ենթադրում է վարքագծի որոշակի կանոններ։ Ես հանուն ինչ-որ մեկի չեմ քննադատում Նիկոլ Փաշինյանին, ոչ էլ նեղվել եմ պաշտոն կորցնելուց:

Ես համոզմունք ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության շատ կետեր իրականում սխալ են։ Եվ եթե նախկինում իմ նկատած սխալները բարձրաձայնում էի այլ ձևաչափով, հիմա էլ դա անում եմ այս ձևաչափով:


Ծիծաղելի է դիտարկել, թե ինչպես նախկին իշխանությունների շատ կարկառուն ներկայացուցիչներ այսօր տաքուկ կերպով ծվարել են իշխանության գրպաններում ու այնտեղից ինչ-որ բարձր արժեքների, վեհ գաղափարների կամ ծրագրերի մասին են խոսում: Ախր, եթե ձեր բարոյական առաջնահերթությունները չեք կարողացել ծրագրել, ո՞նց եք այլ բաներ անելու: Այս տեսանկյունից ես իմ սկզբունքներն ու արժանապատվությունն ավելի եմ գերադասում, քան այսօրվա սրբի տեղ դասվող իշխանություններին Քրիստոսի պես մեծարելը և փառաբանելը։

 

-Տիկի՛ն Հովհաննիսյան, Ձեր կարծիքով՝ որքա՞ն է մեր պետությանը վնասում հասարակության լայն զանգվածների մոտ քննադատական մտածողության բացակայությունը։ Արդյո՞ք հասարակության ոչ ադեկվատ տրամադրվածությունն ավելի չի նպաստում սխալներ գործելուն։

— Իհարկե, երբ հանրային լայն զանգվածները կոչված են իդեալականացնել այս իշխանություններին, դա, անկասկած, պրոբլեմատիկ է։ Պրոբլեմատիկ է այդ հասարակության ակնկալիքների համար։ Գիտեք, ես, ով մեծ սպասումներ չունի այս իշխանություններից, ոչ էլ այն ժամանակ եմ ունեցել, հիասթափման հոգեվիճակում հայտնվելու վտանգի առաջ կանգնած չեմ։ Հիասթափվելու են բոլոր նրանք, ովքեր ունեցել են և ունեն ակնկալիքներ ու հետն էլ բարձրացված ակնկալիքներ, հետն էլ Նիկոլ Փաշինյանը նպաստում է այդ ակնկալիքների բարձրացմանը։ Այդ մարդիկ խորը հիասթափություն են ապրելու, որովհետև պետք է հասկանալ, որ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ որևէ տեղ, իդեալական ղեկավարներ ու իդեալական իշխանություն չի լինում։ Բոլոր իշխանություններն էլ թույլ են տալիս սխալներ։ Իսկ ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բնութագրվում է հատկապես նրանով, որ ինքը թույլ է տալիս այնպիսի սխալներ, որոնք ինքը նախկինում քննադատել է։ Խոսքը վերաբերում է, օրինակ՝ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքի բացառմանը, բայց իրականում, տեսնում ենք, որ աշխատում են, խոսքը վերաբերում է շռայլ ծախսերին, խոսքը վերաբերում է ոչ պրոֆեսիոնալ կադրերին, խոսքը վերաբերում է ատելության խոսքին և բազմաթիվ այլ հարցերի։

 



-ՍԴ նախագահի շուրջ գործողությունները կարծես կրկին վերսկելու միտում ունեն։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ տեղի կունենա, եթե իշխանությունները կարողանան հասնել նաև Հրայր Թովմասյանի հրաժարականին։

-Իրականում, կախված է նրանից, թե ինչ եղանակով կհասնեն Թովմասյանի հրաժարականին։ Ինչպես ցույց է տալիս նախորդ ժամանակահատվածի պրակտիկան, իշխանությունները ոչ մի բանի առաջ կանգ առնելու ցանկություն չունեն՝ սկսած ԱԱԾ –ի կողմից Հրայր Թովասյանի հոր տան տանիքում գործողություն անելուց, մինչև նրա դուստրերին ԱԱԾ կանչել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի գործողություններով կհասնեն Հրայր Թովմասյանի հրաժարականին։

ՍԴ նախագահի ու պատվախնդիր դատավորների հրաժարականը սկզբունքորեն կնշանակի, որ միակ անկախ պետական կառույցը կենթարկեցվի վարչապետի կամքին։ Ուզում եմ ասել, որ ՍԴ-ի անկումով ՀՀ-ում կսկսվի բռնապետության ավելի վուլգար փուլի ի հայտ գալը, որովհետև չի լինի արդեն որևէ իշխանական ինստիտուտ, որը կարող է դե յուրե կամ դե ֆակտո հակառակվել Նիկոլ Փաշինյանին։ Սա այն է, ինչ մեզ սպասվում է։

-Տիկի՛ն Հովհաննիսյան, կցանկանանք մի փոքր խոսեք Ձեր նոր գործունեությունից։ Դուք բավական ակտիվ հասարակական գործունեություն եք հիմա ծավալում։ Ի՞նչ ծրագրեր եք իրականցնում, ինչպիսի՞ արդյունքներ եք արձանագրել։

— Ինչպես իրավացիորեն նկատեցիք, հասարակական կազմակերպությունը, որի համահիմնադիրն եմ հանդիսանում, իր գոյության կարճ ժամանակահատվածում բավականին ակտիվ գործունեություն է ծավալել։ Ի թիվս բազմաթիվ այլ կանոնադրական նպատակների, մեր կազմակերպության, այսպես ասած, «թիրախում» է հատկապես պետական հատվածի գործունեությունը։ Մենք աչալուրջ կերպով հետևում ենք պետական մարմինների գործունեությանը և փորձում ենք վեր հանել հասարակությանը հուզող իրավական խնդիրներրը՝ դրանք ուսումնասիրելու, քննարկելու և լուծումներ առաջարկելու ճանապարհով։ Նախաձեռնել էինք նաև անվճար իրավաբանական խորհրդատվություններ, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում նորից կկազմակերպենք։ Ի դեպ, նշեմ, որ հասարակությանը հուզող խնդիրների առումով շատ լուրջ ուսումնասիրություն կատարվեց ՀԿ-ի թիմի և կամավոր կերպով ներգրավված անձանց կողմից վերջերս շատ քննարկվող, այսպես կոչված, «ատելության խոսքի» վերաբերյալ, որի արդյունքում ստեղծվեց բավականին ծավալուն մի զեկույց, որը, կարծում եմ՝ կարող է նաև ուղեցույց հանդիսանալ ոլորտով հետաքրքրվողների համար։ Նշեմ, որ ինչպես երևում է նաև մեր կազմակերպության անվանումից, իրականացնում ենք մի շարք կրթական ծրագրեր։ Նախաձեռնել ենք անվճար թեմատիկ դասընթացներ, որոնք, կարծում եմ՝ շարունական կլինեն։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ հետաքրքրությունը բավականին մեծ է այս դասախոսությունների նկատմամբ։ Վերջերս, դարձյալ ՀԿ-ի գործունեության շրջանակում, դասախոսություններով հանդես եկա Արցախում։ Այստեղ ևս, ի ուրախություն ինձ, մարդկանց հետաքրքրությունը բավականին մեծ էր այս դասընթացների նկատմամբ, ինչն էլ ինձ գաղափար տվեց այստեղ՝ Արցախում հիմնադրել մեր ՀԿ-ի գրասենյակը։ Սրանով, թերևս, մեր գործունեությունը չի սահմանափակվում։ Առաջիկայում ևս կտեսնենք բավականին ծրագրեր, նախագծեր, որոնք կյանքի կկոչվեն մեր ՀԿ-ի կողմից։

 

-Եվ վերջում, տիկի՛ն Հովհաննիսյան, առաջիկա քաղաքական զարգացումներին Ձեզ մասնակից կտեսնե՞նք, թե՞ Ձեր հիմնական գործունեության դաշտը լինելու է հասարակական սեկտորը։

— Կարծում եմ՝ ես իմ գործողություններով ցույց եմ տալիս, որ ես հանդես եմ գալիս որպես հասարակական-քաղաքական գործիչ, իսկ առաջիկա զարգացումներում ինչպիսին կլինի իմ դերակատարումը և ես որտեղ կլինեմ ՝ կտեսնեք։

politik.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->