>

Լավրովը Բաքվում էր: Նա ոչ ավել, ոչ պակաս համաձայնել է Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի հասցեին քննադատությունների հետ: Ու սա արդեն դառնում է ընդդեմ Հայաստանի հստակ քաղաքականություն Մոսկվայի կողմից, որը հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող պետություն է:

Ռուսաստանը շահագրգռված է, որ վստահության ամրապնդման, մարդասիրական շփումների (այդ թվում լրատվամիջոցների գծով) հաստատման միջոցառումների վերաբերյալ Վիեննայում ձեռք բերած և Մոսկվայում նախարարերի հանդիպմանը հաստատված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հույս հայտնելով, որ այս շաբաթ սպասվող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը թույլ կտա կոնսոլիդացնել այդ գործընթացը:




Քոչարյանի զոհերը

Լավրովը նաև բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում և կարևորել Ալիևի մասնակցությունը մի շարք միջոցառումների, այդ թվում Սոչիում Վալդայ ակումբի հանդիպմանը, որտեղ տեղի ունեցած երկկողմ հանդիպումն արտգործնախարարը գնահատել է շատ հետաքրքիր և շատ օգտակար:





Իսկ այժմ ամենաուշագրավը: Լավրովը համաձայնել է Ալիևի այն հայտարարության հետ, որ հակամարտության կարգավորմանը խանգարում է «Հայաստանի ղեկավարության ոչ կառուցողական քաղաքականությունը»: Ալիևը, ըստ ադրբեջանական գործակալությունների, մատնանշել է Նիկոլ Փաշինյանի օգոստոսյան հայտնի ելույթը՝ «Արցախը Հայաստան է և վերջ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Սոչիում, «Վալդայ» համաժողովում իր ելույթում Լավրովը քննադատել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը՝ նշելով, թե նման հայտարարությունները չեն նպաստում բանակցություններն առաջ տանելու մթնոլորտի ձևավորմանը:
Ահա թե ինչ է երեկ ասել Լավրովն այս առիթով. «Համաձայն եմ Ձեզ հետ, որ երկարաժամկետ քաղաքական կարգավորման համար դեռ շատ բան կա անելու: Միանգամայն սատարում եմ ձեր այն թեզը, որ այստեղ պետք է խուսափել հռետորաբանությունից…»:


Արդեն երրորդ անգամ, Լավրովը անդրադառնում է Փաշինյանի ելույթին՝ քննադատելով այն, ու որ ամենասարսափելին է, դա անում է «համաձայնելով» Ալիևի հետ:
Արդեն, կարող ենք ասել, որ Ալիևին ոչինչ ավելին պետք չէ «երջանիկ լինելու համար»: Նա կարող է սահմանում լարվածություն ստեղծել, եւ հրապարակային՝ Երեւանը գրավելու հայտարարություններ անել: Նա, գոնե այս պահին, գոնե Ռուսաստանից՝ «քարտ բլանշ» է ստացել:

Հայկական դիվանագիտությունը պարտավոր է պարզաբանել, թե Լավրովի հերթական «փայլատակումն» առհասարակ ինչի՞ հետևանք է:

Ինչու՞ է ռուսական կողմը չնկատելու տալիս, ասենք՝ ադրբեջանական կողմի ռազմատենչ քաղաքականությունը՝ Երևանի ու Զանգեզուրի նկատմամբ, իսկ Փաշինյանի մի ելույթ արդեն երրորդ անգամ է քննադատում:



Ինչևէ, մինչ Լավրով-Ալիև հանդիպումը ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց: Ռուսաստանը կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, ասվում էր ՌԴ ԱԳՆ-ի՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ դեկտեմբերի 2-3-ն Ադրբեջան կատարած այցի մեկնաբանության մեջ: «Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված միջնորդական ջանքերում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և մշտապես գտնվում է ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում»,- ասված է մեկնաբանության մեջ:

Նշվում է նաև, որ ՌԴ ԱԳՆ-ն իր տեսակետը հայտնում է՝ հիմնվելով այն փաստի վրա, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով, և որ ՌԴ-ն շարունակելու է աջակցել հակամարտության լուծմանն ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այնպես էլ պետությունների հետ երկխոսության միջոցով՝ հաշվի առնելով ՌԴ-ի սերտ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ:

Մետաքսյա Շալունց

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->