loading...

Սկանդալային հայտարարություն. Ինչո՞ւ է լռում Նիկոլ Փաշինյանը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը երեկ «ցնցող» պարզաբանմամբ է հանդես եկել: Նա, նպատակ է ունեցել պաշտպանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, իր պատկերացմամբ, ներկայացրել է այդ քաղաքականության արդարացված լինելը:

Մենք կհամարենք բանակցային փուլ այն ժամանակ, երբ հաշվի կնստեն Լեռնային Ղարաբաղի հետ, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Իսկ հիմա ամենահետաքրքրականը՝ իմքայլական պատգամավորը նշել է, որ Ադրբեջանի նախագահի գործն է, թե բանակցային փուլում ում հետ կգա. «Վարչապետը հայտարարել է՝ խնդիր չի տեսնում, որ բանակցությանն Ալիևի հետ գան նաև իրենց Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք համարող մարդիկ»։ Այնուհետև ԱԺ իմքայլական պատգամավորը հավելել է նաև, որ Հայաստանը փորձում է նոր ձևաչափով գնալ բանակցությունների։


loading...



Նախ` այստեղ առկա է մեծ խառնաշփոթ, այն էլ մեծ վտանգներով լի: Փաշինյանի կողմից հայտարարվում է, թե ղարաբաղյան կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների կողմից: Ասել կուզի՝ եթե Արցախի ժողովրդին որևէ տարբերակ դուրս չգա՝ դա չպետք է ընդունվի: Սա մեկ, սրա դեմ ոչինչ չկա ասելու:
Երկրորդը՝ Փաշինյանի իշխանությունը հայտարարում է, որ ջանքեր է գործադրում, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ներկայացված լինի բանակցային գործընթացում: Սա էլ վատ գաղափար չի, մանավանդ, որ բազմիցս նշվել է, որ Արցախի ձայնն է կարևոր այս հարցում, Հայաստանը չի կարող Արցախի փոխարեն որոշում ընդունել:

Բայց այստեղ կարևոր է, թե Արցախն ինչպե՞ս է մասնակցում բանակցություններին՝ որպես ինքնորոշման ձգտող առայժմ չճանաչված հանրապետությո՞ւն, թե՞ համայնք…
Ահա այստեղ է, ինչպես ասում են՝ «թաքնված շան գլուխը:

Եթե Ադրբեջանը համաձայնում է Արցախի մասնակցությանը՝ բերելով բանակցություններին «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչեցյալին, ապա պարզից պարզ է, որ Բաքուն դա ներկայացնելու է այսպես՝ ընթանում են հանդիպումներ Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների հետ:

Այսինքն՝ տեղի է ունենալու մի խայտառակ նահանջ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի սկզբունքից, ինչին վերջին տարիներին ձգտել է հայկական կողմը:

Եթե Իգիթյանը գիտակցելով է «բացահայտում» իշխող վերնախավի նպատակները, ուրեմն, սա իշխանական դիրքորոշում է, որը մեր հասարակությունը պետք է ի գիտություն ընդունի:

Եթե Իգիթյանը չհասկանալով իր ասածի ողջ լրջությունն, ուղղակի խոսում է, ուրեմն իշխող «Իմ քայլը» պետք է նրան կոչ անի զրկել պատգամավորական մանդատից:
Իսկ եթե երկար տարիներ քաղաքականության մեջ գտնվող մարդը, որը երկար տարիներ միջազգային ասպարեզում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում հայկական շահն էր կոչված ներկայացնել ու հիմա չի հասկանում, թե ինչ կնշանակի Արցախի հանրապետությունը՝ «Ղարաբաղի հայկական համայնք» դարձնելը, ուրեմն, նա քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի:
Եվ առհասարակ, ինչու՞ է լռում Նիկոլ Փաշինյանը: Նա համաձա՞յն է Իգիթյանի տեսակետի հետ, սա նաև ի՞ր կարծիքն է արտահայտել Իգիթյանը… Արցախը «Ղարաբաղի հայկական համայնք» է:

Մետաքսյա Շալունց

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


Facebook Comments
loading...