>

Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթը հոդված էր հրապարակել՝ պնդելով, թե իրենց ձեռքի տակ կան փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում և ներշնչվում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:

«Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի դեմ ստահոդ լուրեր տարածելու հարցում ամենահայտնի կայքերից մեկը Վանեցյանի հետ սկսել է համագործակցել դեռ 2018 թվականի վերջին»,- գրել է պարբերականը:




Քոչարյանի զոհերը

Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ:


Անդրադառնալով «ՀԺ»-ի կողմից հրապարակված հոդվածին, ներկայացված տվյալներին և գործին առնչվող անունների շահարկումներին՝ Լարիսա Ալավերդյանը հայտարարեց.





Լարիսա Ալավերդյան
«Ես, ճիշտն ասած, կսպասեմ իրավական ընթացքին, մնացածն ասեկոսե է և հարիր չէ այդ մակարդակի վրա գործեր անելը: Անգամ չեմ ուզում այդ հոդվածը մեկնաբանել. կրկնում եմ, եթե կան այդպիսի հստակ ձևակերպված ապացույցներ, պետք է իրավական ընթացք տալ, կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն զուտ իրավական ճանապարհով:

«Ցավոք սրտի, նոր տարին չփոխեց հին ոճը, սկզբից տարածել, ստեղծել այդ կարծիքը՝ դյուրահավատ մարդկանց մոտ լինի, թե՛ ուղղորդված մարդկանց, արդեն նշանակություն չունի հետագայում ինչ-որ գործ սկսելու կամ չսկսելու համար: Ես դատապարտում եմ այդպիսի մեթոդը»,- ընդգծեց Ալավերդյանը:

ԳԱԼԱ-ի այն դիտարկմանը, թե արդյոք կշռադատված գործողություն կարելի է համարել նախ վարչապետի դստեր ֆեյսբուքյան գրառումը՝ ուղղված Վանեցյաններին, իսկ հետո նաև Արթուր Վանեցյանի հերքումները, և ինչի՞ կարող են հանգեցնել նման հեռակա բանավեճերը, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց.


«Ես կցանկանայի, որ հայկական քաղաքական վերնախավը չնմանվեր ադրբեջանական քաղաքական վերնախավին ու չդարձներ այս պետական նշանակության խնդիրներն ընտանեկան: Երեխայի մասին (Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանի մասին է խոսքը) ես բան չեմ ուզում ասել, ափսոսում եմ, որ սխալ ձևով զարգանա այս իրավիճակը, բայց իմ խնդիրը պետությունն է: Դա նշանակում է, որ մենք ունենք ոչ թե վարչապետ, այլ վարչապետի ընտանիք: Դա շատ տգեղ բան է, կրկնում եմ, դա նմանվում է ադրբեջանական կառավարման մոդելին, և դա ընդունելի չէ մեզ համար, դա ընդհանրապես մերը չէ»:

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ Մարիամ Փաշինյանի նման արձագանքը չի կարող կշռադատված քայլ համարել: «Ինչ վերաբերում է պատասխանին. այսպես թե այնպես հնչեցված պատասխանը վերին աստիճանի արժանապատիվ և զուսպ պատասխան էր:

Հետագան կապված է նրա հետ, թե արդյոք երկրի համար մտածող և ցավող, արդեն իսկ դրական գործ արած ժողովրդի մասը ինչ-որ դժգոհություն կհայտնի՞ վարչապետին, որ այսպիսի ձևն արդյունավետ չէ կառավարման տեսանկյունից և քայքայիչ է հասարակության տեսակետից»:



ԳԱԼԱ-ի հարցին, թե Վանեցյանի պաշտոնանկությունն այս ամենի հետ առանցքային որևէ կապ ունի՞՝ հաշվի առնելով պաշտոնանկությունից հետո բացված թղթապանակները, բացահայտված գործերը, Ալավերդյանը պատասխանեց. «Պաշտոնանկությունից հետո ստեղծվում են այսպիսի պատմություններ: Ինչ-որ ձևով կապել այս ամենը պաշտոնանկության հետ, ես չէի ցանկանա նման կարծիք հայտնել: Կան մեթոդներ, կան ձևեր, իրավունքի և բարոյական նորմերի մեջ տեղավորվող քայլեր»:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում ափսոսանք էր հայտնել, որ մի ժամանակ մտերիմ են եղել Վանեցյան ընտանիքի հետ՝ նրանց մեղադրելով դավադրությունների մեջ:

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի պատասխանն էլ չուշացավ: «Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մի զանգեք ինձ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված անհեթեթ հոդվածը մեկնաբանելու խնդրանքով: Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը՝ անընդունելի:

Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական: Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անսպասելի էր անգամ ինձ համար: Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները:

Պատիվ ունեմ: Հ.Գ. Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր, խնդրում եմ, մեծերի անհասկանալի խաղերի մեջ»,- գրել էր Արթուր Վանեցյանը:

Сообщение «Ես կցանկանայի, որ հայկական քաղաքական վերնախավը չնմանվեր ադրբեջանական քաղաքական վերնախավին» появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->