>

Նախորդ շաբաթավերջին բավականին ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ Բելառուսում: Այդ երկրի մայրաքաղաք ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է Բելառուսին 100 տոկոսով ապահովել մրցունակ գնով նավթով և նպաստել Բելառուսի ինքնիշխանության պահպանմանը: Պոմպեոյի այցն ինքնին արդեն իսկ ուշագրավ է, իսկ դրա ընթացքում արված արտահայտությունը՝ բավականին մեծ անակնկալ:




Քոչարյանի զոհերը

Բանն այն է, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն նավթի հարցով մեծ վեճի մեջ է Ռուսաստանի հետ, որի հետևանքով Մոսկվան դադարեցրել է նավթի մատակարարումը Բելառուսին: Կողմերը համաձայնություն չունեն գնային հարցերում: Կա տարածված գնահատական, որ խնդիրն այստեղ Բելառուսին ՌԴ-ի ներկայացրած քաղաքական պահանջներն են, այսպես ասած՝ միասնական պետություն դառնալու առումով: Սա էլ պայմանավորվում է նրանով, որ այդպիսով դիտարկվում է Պուտինի նախագահության հնարավոր նոր ժամկետի իրավաքաղաքական հիմք՝ նոր պետություն, նոր ժամկետ:




Մյուս կողմից, ինչպես արդեն հայտնի է, ՌԴ նախագահը ազդարարել է Սահմանադրության փոփոխության գործընթացի մեկնարկը՝ կարծես թե սկսելով նախագահության հանձնումը իր հնարավոր ժառանգորդին: Այդ դեպքում Բելառուսի հանդեպ պահանջները պետք է որ նվազեին: Թե՞ չնայած հայտարարված Սահմանադրության փոփոխությանը, Պուտինը չի հրաժարվում նախագահի պաշտոնը պահելու տարբերակի մտադրությունից:

Անկասկած է, որ վերջին ամիսներին Մինսկն ու Մոսկվան եղել են նախագահների մակարդակով բավականին բարդ բանակցությունների մեջ, իսկ Լուկաշենկոն ավելի ու ավելի հաճախ է սկսել խոսել երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի և դրան դիմակայելու մասին:


Մյուս կողմից՝ 2020 թվականին Մինսկում նախագահի ընտրություն է, և Բելառուսի նախագահն ունի անցնցում վերարտադրության հարց: Այստեղ իհարկե հնարավոր է, որ ինքնիշխանության համար պայքարի թեմատիկան Լուկաշենկոն խաղարկում է հենց այդ նկատառումով: Բայց դա նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ-ը կուլ է տվել խայծը և չափազանցված հարցը դիտարկում է լրջորեն: Հազիվ թե: Իսկ դա իր հերթին նշանակո՞ւմ է, որ թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնը ձգտում են պահել Լուկաշենկոյին և երկուստեք փորձում են ստեղծել նրա վերարտադրության համար նպաստավոր քաղաքական մրջավայր՝ երկուստեք անելով հնարավորը, որպեսզի Մինսկում առանց էական ցնցումների տեղի ունենա Լուկաշենկոյի վերարտադրությունը: Թե՞ այդուհանդերձ Բելառուսի տարածքում իսկապես սկսել է Վաշինգտոն-Մոսկվա աշխարհաքաղաքական աշխույժ ռեժիմով մրցակցություն, և բաց հայտարարությունները դրա վկայություն են, ու Մոսկվան էլ Բելառուսի հանդեպ ներկայացնում է «միասնականության» պահանջներ ոչ թե Պուտինի նոր ժամկետի, այլ հենց այդ մրցակցության համատեքստում:

Այսպես թե այնպես, Բելառուսում տեղի ունեցողը հույժ էական է Հայաստանից դիտարկելիության առումով, քանի որ հետխորհրդային տարածության կամ եվրասիական տարածության «շրջանագծային» տիրույթում իրադարձությունները, լինելով իհարկե ամենևին ոչ նույնական, այդուհանդերձ ունեն ընդհանուր շաղկապված տրամաբանություն: Այդ տարածությունում ստատուս-քվոյի փոփոխությունը չի կարող լինել հատվածային, լոկալ, և առնվազն իր փոխազդեցության իմաստով այն ազդելու է ամբողջ շրջանագծում եղանակի վրա: Իսկ այստեղ կա բավականին նուրբ մի պահ՝ նոր եղանակը ոչ թե Բելառուսում է ստեղծվում, այլ դե ֆակտո ստեղծվել է Երևանում՝ 2018-ի ապրիլ-մայիսին:


Ու այստեղ հարկ է թերևս ուշադրություն դարձնել հանգամանքին, որ Երևանում տեղի ունեցող փոփոխությանը շատ ավելի հանգիստ ու լոյալ էր վերաբերվում ՌԴ ղեկավարությունը, քան Լուկաշենկոն, և արժե հիշատակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առիթով առաջացած կոշտ փոխադարձ հռետորաբանությունը Լուկաշենկոյի և Նիկոլ Փաշինյանի միջև:

Ինչո՞ւ էր Հայաստանում նոր ղեկավարության ձևավորումը այդքան ծանր տանում հենց Լուկաշենկոն, որն իհարկե հետո սկսեց ադապտացվել նոր իրողություններին:

Сообщение Անսպասելի զարգացում՝ Բելառուսում. ինչո՞ւ էր Լուկաշենկոն ծանր տանում Հայաստանում հեղափոխությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->