>

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով այն մեղադրանքներին, թե նա ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ մտերմիկ հարաբերություններ ունի եւ այնպես է արել, որ նրա որդու՝ Դավիթ Մովսիսյանի մասով բողոքին ընթացք չտրվի, հայտնեց. «Պաշտպանության, բանակը այդ դեպքի հետ կապված, տարածել էր պաշտոնական հաղորդագրություն, որ Ռազմական ոստիկանությունը ամեն ինչ արել է՝ օրենքով սահմանված կարգով:

Մենք ցանկացած զինվորի դեպքը ցավագին ենք տանում, բոլոր զինվորները մեզ համար հավասար են: Իսկ Առաքել Մովսիսյանին հանդիպել եմ Ազգային ժողովի կամ Երկրապահ կամավորական միության կողմից կազմակերպված միջացառումների ժամանակ, ուրիշ այլ հարաբերություններ չկան»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2020 թվականի հունվարից մինչեւ փետրվարի 12-ը բանակում ունեցել ենք 10 զոհ: Եվ այս դեպքերից հետո բարձրացվեց ռազմական ոստիկանապետի պաշտոնանկության հարցը: Բանակում, ոչ մարտական հանգամանքներում եւ ոչ թշնամու գնդակից, վերջին 43 օրում ունեցանք 10 զոհ, 5 վիրավոր, իսկ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը գեներալ-մայորի կոչում ստացավ։




Քոչարյանի զոհերը

Այսպիսով, այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ռազմական ոստիկանապետ, գեներալ- մայոր Արթուր Բաղդասարյանի հետ:




– Պարո՛ն Բաղդասարյան, ի՞նչ է կատարվում բանակում, գրեթե ամեն օր ողբերգական դեպքեր են արձանագրվում:

-Կներեք, ես չեմ կարող խոսել, մենք մեր ամենօրյա աշխատանքն ենք իրականացնում, ցավագին ենք տանում ամեն զինվորի դեպքը:Մի՛ խանգարեք, թողեք՝ մենք մեր աշխատանքը իրականացնենք:

-Բայց Ձեզ են մեղադրում տարբեր դեպքերի մասով։ Դուք ի՞նչ հարաբերություններ ունեք ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ: Ձեզ մեղադրում են վերջինիս որդու գործողություններին ընթացք չտալու համար: Ինչպես գիտեք, վերջինիս որդուն կալանավորել են ՊԲ զորամասի զինվոր Վահրամ Ավագյանի մահվան գործով:


«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ մինչեւ այս զինվորի մահը՝ դեռեւս 2019 թվականի հոկտեմբերին, ՊՆ-ի թեժ գիծ ահազանգ է եղել, որ ԱԺ նախկին պատգամավորի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, նեղացնում է զինվորներին: Ահազանգը ուղարկվել է Ռազմական ոստիկանություն, եւ ասում են, որ Դուք եք այնպես արել, որ այս գործը փակվի:

-Պաշտպանության բանակը, այդ դեպքի հետ կապված, տարածել էր պաշտոնական հաղորդագրություն, որ Ռազմական ոստիկանությունը ամեն ինչ արել է՝ օրենքով սահմանված կարգով: Ավելին, Ձեզ հայտնեմ՝ օրերս ՀՀ գլխավոր դատախազը, Զինդատախազությունում ամփոփելով տարին, մեր Ռազմական ոստիկանության շատ աշխատակիցների պարգեւներ է հանձնել:

Մենք, կրկնում եմ, ցանկացած զինվորի դեպքը ցավագին ենք տանում, բոլոր զինվորները մեզ համար հավասար են: Իսկ, ահա, Առաքել Մովսիսյանին հանդիպել եմ Ազգային ժողովի կամ Երկրապահ կամավորական միության կողմից կազմակերպված միջոցառումների ժամանակ, ուրիշ այլ հարաբերություններ չկան:

-Ձեր հարցը բարձրացվեց Ազգային ժողովում, թե բանակում ոչ մարտական հանգամանքներում վերջին 43 օրում ունեցել ենք 10 զոհ, իսկ, ահա, ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին գեներալ-մայորի կոչում են տալիս…


-Ես 88 թվականից սպա եմ, 31 տարեկանում գնդի հրամանատար եմ եղել եւ շատ լավ տիրապետում եմ զինվորական կյանքին: Այդ հարցի հետ կապված՝ ՀՀ վարչապետը պատասխանեց, որ խնդիրը հասկանալու համար այսօր պետք է գնանք ու տեսնենք, թե մեր բակերում, դպրոցներում մեր երեխաներն իրար հետ ինչպես են շփվում:

ՀՀ վարչապետը շատ լավ տիրապետում է իրավիճակին եւ շատ լավ գնահատական տվեց: Ես կրկնում եմ՝ Ռազմական ոստիկանությունն ամեն ինչ անում է բանակում կարգազանց զինվորներին պատասխանատվության կանչելու համար:

Ավելին՝ Ձեզ հայտնեմ՝ մենք մեզ ռեկլամ չենք անում, բայց Ռազմական ոստիկանության աշխատակիցներն էլ այս օրերին տարբեր զորամասերում այցելություններ են կատարում:

Խնդրում եմ, չկապեք այդ դեպքերի հետ։ Ես էլ երեք օրով գնում եմ Պաշտպանության բանակ.դա, կրկնում եմ, մի՛ կապեք այս վերջին դեպքերի հետ, դա մեր ամենօրյա աշխատանքն է, որը կատարում ենք: Ավելին՝ Ձեզ ասեմ՝ զորամասերի հրամանատարների հետ Ռազմական ոստիկանությունը համատեղ զբաղվում է կարգազանց զինվորների մասով, եւ արվում են կոնկրետ աշխատանքներ: Կներեք, այլ բան չեմ կարող ասել:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Առաքել Մովսիսյանի որդու զորամասի հետ կապված ահազանգ եղել էր դեռ Վահրամ Ավագյանի դեպքից ամիսներ առաջ, հարուցվել էր քրեական գործ, որը փոխանցվել էր կայազորի քննչական բաժին, այնուհետեւ կարճվել էր՝ հանցադեպի բացակայության հիմքով։

Քնար Մանուկյան

Сообщение Մենք մեզ ռեկլամ չենք անում. ՌՈ պետը՝ վերջին դեպքերի մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->