>

Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած անցած տարվա հուլիսի 6-ին, Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով առաջին դատական նիստի երկրորդ հետաձգումից հետո տուժողների իրավահաջորդներն ու գործով վկաները բորբոքված դուրս եկան նիստերի դահլիճից։

Դատական նիստի հետաձգման պատճառը գործով ամբաստանյալ Սողոմոն Հակոբյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի՝ գերզբաղվածության պատճառով դատարան չներկայանալն էր։




Քոչարյանի զոհերը

Ողբերգական ավտովթարի ժամանակ զոհված 1999թ. ծնված Աստղիկ Ավետիսյանի մայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պահանջում է արդար դատաքննություն.




«Մարդիկ տարիների ընթացքում են ծերանում, ես՝ ամիսների, որովհետեւ 19 տարեկան երեխայիս հողն եմ դրել։ Մեկը հիվանդ է լինում… գոնե շորով է լինում, ծնողը տեսնում է, իմ երեխան փակ ու անշոր, կլինկորի մեջ փաթաթած են բերել։ Իմ տղան 2 տարի հետո գնա պաշտպանի ո՞ւմ, շատ գեղեցիկ հագնված, չալիկով նստածին։ Բոլորն էլ պաշտպանության կարիք ունեն, բայց նայած մարդու են պաշտպանում։ Եթե չեն կարող դատել, թող տան մեր դատին»։

Լրագրողների հետ զրույցում տուժողի իրավահաջորդն ասաց, որ եթե երրորդ անգամ էլ հետաձգվի դատական նիստը, ինքը այլ միջոցների կդիմի. «Ցուցմունք է տվել, թե ոչինչ չի հիշում։ Երրորդ նիստի հետաձգման դեպքում էլ չեմ ներելու, արյունը արյունով կմաքրվի։ Սա Սեդա Սաֆարյանի հերթական խաղն է։ Իր ցավակցությունը կապիկություն ու ձեռառնելիք է։ Եթե տղամարդ լիներ, պիտի վերացներ ինքն իրեն։ Ամենակոշտ քայլերի եմ դիմելու։ 7 հոգու վառի, 7 ամիս է չեն դատում։ Եթե այսպես պիտի շարունակվի՝ Սերժ Սարգսյանի ժամանակ էլ էր այդպես։ Առանց ամաչելու էլ միջնորդում է, որ դատը այնպես կազմակերպեն, որ համընկնի իր գրաֆիկի հետ»։


Ավտովթարից տուժած Ռուզաննա Հակոբյանն էլ մեծ ցավով հիշեց այդ ողբերգական դեպքը, եւ նշեց, որ այրվել է իր մարմնի մակերեսի 50 տոկոսը, տարել է 4 վիրահատություն. «Ինձ այնքան թմրադեղ են ներարկել։ Ես եմ պահանջել, որ ինձ ներարկեն, չէի դիմանում ցավերին։ Մի ակնթարթում չհասկացանք, թե ինչ կատարվեց։ Ես չեմ էլ հասկացել՝ ոնց է ինքը բախվել մեզ։ Աչքերս բացել եմ՝ 4 կողմս հրդեհ էր։ Վաչո քեռին այն աստիճանի էր տանջվում, իր այդ վիճակում էլ անգամ փորձում էր մարդկանց օգնել. մետաղների արանքն էր մնացել։ Իսկ այդ ընթացքում «Toyota»-ի վարորդը փախչում էր։ Մաշկիս 50 տոկոսը այրվել է, մինչեւ հիմա բուժվում եմ։ Փորձեցի պատուհանը կոտրեմ, նորից պառկել եմ այդ կրակների վրա, ինձ գցել եմ դուրս։ 4 վիրահատություն տարել եմ, դեռ 3-ն էլ ունեմ»։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15-ի սահմանում, Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» ավտոմեքենաներում:

«Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):


Ըստ մեղադրական եզրակացության՝ Սողոմոն Հակոբյանը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները, որն անուշադրությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 մարդու առողջությանը պատճառվել է ծանրության եւ ծանր մարմնական վնասվածքներ։

2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Սողոմոն Հակոբյանն իր վարած «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայով ընթանալով Երեւան-Մեղրի ավտոճանապարհով դեպի Երեւան քաղաք, Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում իրականացնելով իր վարած ավտոմոբիլի ընթացքի ոչ պատշաճ եւ վտանգավոր կառավարում. ավտոմոբիլը դուրս բերելով հանդիպակաց ուղղության երթեւեկելի ուղեմաս եւ իրականացնելով ձախակողմյան երթեւեկություն, իր վարած ավտոմեքենան բախվել է այդ ուղեմասով դեպի Երասխ ընթացող Վաչագան Ասլանյանի վարած «Գազել» մակնիշի երթուղային ավտոմեքենային, որի արդյունքում տեղի է ունեցել պատահարը, դրանից անմիջապես հետո «Գազելի» հետնամասին է բախվել Կարեն Նուրիջանյանի վարած «Վազ-21063» ավտոմեքենան առաջամասով եւ նույն պահին «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի բախման հետեւանքով «Գազելի» շարժիչի տեղամասում գազի համակարգից առաջացած գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել «Գազելում», որը տարածվել է մյուս երկու ավտոմեքենաներում եւ վթարի ու դրա հետեւանքով գազի համակարգից արտահոսած գազից առաջացած հրդեհի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է «Գազելի» վարորդ 1962թ. ծնված Վաչագան Ասլանյանի եւ վերջինիս ուղեւորներ 1965թ. ծնված Անահիտ Բաբայանի, 2003թ. ծնված Արմանի Բադալյանի, 1996թ. ծնված ժենիկ Սմբատյանի, 1999թ. ծնված Աստղիկ Ավետիսյանի, 1964թ. ծնված Սոֆյա Ոսկանյանի, 1999թ. ծնված Ծաղիկ Համբարձումյանի մահը, իսկ 1984թ. ծնված Ռուզաննա Հակոբյանի եւ 1991թ. ծնված Գագիկ Ղուկասյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, 2006թ. ծնված Արսեն Միքայելյանի եւ 2011թ. ծնված Նարե Գրիգորյանի առողջությանը պատճառվել միջին ծանրության վնաս:

Сообщение ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Երեխայիս փակ ու անշոր, կլինկորի մեջ փաթաթած են բերել». Զոդի կամրջի վթարից տուժածների հարազատները՝ դատարանում появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->