Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ուսումնասիրությունները չեն ավարտվել: Դրանք կտեւեն առնվազն 2 ամիս: Բայց այս ընթացքում արդեն արձանագրվել են բազմաթիվ խախտումներ:
Տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը՝ պատասխանելով «Հայկական ժամանակի» հարցմանը: Թե հատկապես ի՞նչ բնույթի խախտումների մասին է խոսքը եւ արդեն հայտնաբերվածներից ի՞նչ օրինակներ կան, նա չմանրամասնեց: Նշեց, որ դրանց վերաբերյալ կհաղորդվի լրացուցիչ:
Լիանա Եղիազարյանը պարզաբանեց, որ ուսումնասիրության ենթակա բուժհաստատության ընտրությունը պայմանավորված է այն փաստով, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող հիմնարկ է: Հարցին, թե այդպիսի այլ կազմակերպություններում նույնպե՞ս նման ուսումնասիրություններ են իրականացվում, նա պատասխանեց, որ այդ մասին ոչինչ ասել չի կարող:
Նախարարի խոսնակն ավելի վաղ հայտարարել էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում իրականացվող ուսումնասիրությունները նպատակ ունեն պարզել, թե որքան արդյունավետ են ծախսվել այս բուժհիմնարկին 2016, 2017, 2018 թվականներին հատկացված պետական պատվերի գումարները:
Հիշեցնենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը ղեկավարում է Արա Մինասյանը: Նա Սերժ Սարգսյանի խնամին է:
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն