loading...

Վաճառել են զորամասերի վառելիքն ու նոր պահեստամասերը. ԱԱԾ-ի նոր բացահայտումը

Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2018 թվականի հունիսի 11-ին եւ 12-ին ՀՀ զինված ուժերի առանձին զորամասերում բացահայտվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացումների դեպքեր: Այս մասին հայտնում է ԱԱԾ–ի մամուլ կենտրոնը։

Պարզ է դարձել, որ 2017 թվականի դեկտեմբեր ամսից մինչեւ 2018 թվականի հունիսը N զորամասի մի քանի ստորաբաժանումների հրամանատարներ դուրս են գրել եւ յուրացրել մեծ քանակությամբ վառելանյութ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետը համաձայնության գալով զորամասի ղեկավարության հետ կատարել է օրենքին հակասող գործողություններ:

Մասնավորապես՝ վառելիքը մաս-մաս դուրս է բերել զորամասից եւ վաճառել տարածաշրջանում գործող լցակայանների սեփականատերերին: Այնուհետ վաճառքից գոյացած գումարի մեծ մասը փոխանցվել է զորամասի հրամանատարին, իսկ մնացածը՝ բաշխվել է ստորաբաժանումների հրամանատարների միջեւ:


loading...



Ազգային անվտանգության ծառայությունը ստացված օպերատիվ տվյալների հիման վրա վառելանյութի հերթական խմբաքանակի վաճառքի պահին բերման է ենթարկել լցակայաններից մեկի սեփականատիրոջն ու զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետին:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումը:

Զինծառայողների կողմից թույլ տրված մեկ այլ անօրինական գործողությունների դեպքով, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին ՊՆ N զորամասի նյութական ապահովման համար պատասխանատու զինծառայողները, թույլ տալով պաշտոնեական դիրքի չարաշահում ՝ նորոգման համար զորամաս ուղարկված ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ավտոմոբիլային տեխնիկական պահեստամասերն, այդ թվում՝ շարժիչներ, փոխանցման տուփեր, անվադողեր եւ ընթացամասեր, նախապես մշակված հանցավոր սխեմաների միջոցով, ներկայացրել են իբրեւ հետագա շահագործման համար ոչ պիտանի եւ վաճառել ավտոպահեստամասերի առք ու վաճառքով տարբեր անձանց,իսկ ստացված գումարները յուրացրել:

Նույն պաշտոնատար անձինք, թույլ տալով ծառայության շահերին հակասող գործողություններ, առանձին ռազմական տեխնիկայի վերանորոգման համար դուրս գրված նոր պահեստամասերը վաճառել են եւ դրանց փոխարեն տեխնիկաների վրա տեղադրել օգտագործված պահեստամասեր:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով: Այն է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով յուրացումը:

Նշված երկու քրեական գործերով կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում հիշյալ դեպքերի հանգամանքները եւ դրանց առնչություն ունեցող այլ անձանց պարզելու, ինչպես նաեւ պատճառված նյութական վնասի չափերը ճշգրտելու ուղղությամբ:

Հարկ է հատուկ շեշտել, որ զինծառայողների կողմից կատարված նման գործողությունները զգալի նյութական վնաս են հասցնում ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ինչպես նաեւ բացասաբար է անդրադառնում ՀՀ սահմանների անվտանգության ապահովման գործընթացի եւ զինված ուժերի մարտունակությանը, մարտական պատրաստակամության վրա՝ նախադրյալներ ստեղծելով արտակարգ պատահարներ համար:


ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է հանրությանը զերծ մնալ զինծառայողների հետ հնարավոր անօրինական գործարքներ իրականացնելուց: Իսկ ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներին՝ կոչ անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից, հակառակ դեպքում այն կպատժվի օրենքի ողջ խստությամբ:

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...