>

«Ժողովուրդ» օրաթերթը դերասանուհի, բեմադրիչ Լալա Մնացականյանի հետ զրուցել է Սերժ Սարգսյանի հրաժարականի, ժողովրդական հաղթանակի եւ մեր հետագա անելիքների մասին: Նա շեշտել է, որ հաղթանակը տոնելուց հետո շատ կարեւոր է սթափ ուղեղով որոշումներ կայացնելն ու երկրի ղեկը արժանի մարդկանց ձեռքը հանձնելը: Դերասանուհու համոզմամբ՝ բոլոր դեպքերում ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր ղեկավարներին:

-Տիկի՛ն Մնացականյան, նախօրեին հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը: Սա, միանշանակ, ժողովրդական հաղթանակ էր, համախմբված պայքարի արդյունք: Ի՞նչ եք կարծում՝ ո՞րը պետք է լինի ժողովրդի հաջորդ քայլը:




Քոչարյանի զոհերը

-1988 թվականից հետո մենք այսպիսի ժողովրդական հաղթանակ չենք ունեցել: Երեսուն տարի մենք գնացել ենք այս ինստիտուտի դեմ: Բայց սա դեռ հաղթանակի առաջին քայլն է, մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու: Մեր հաջորդ քայլերը պետք է անենք սթափ ուղեղով: Ես, իհարկե, քաղաքական գործիչ չեմ եւ չեմ կարողանա քայլերի ճիշտ հերթականություն նախանշել, բայց կարող եմ ասել, որ ուշիմությունը կորցնել պետք չէ: Մենք պետք է քանդենք նախկին վարչապետի բերած ինստիտուտը, պետք է հրաժարվենք այն նախագահից, որին բերել ու փաթաթել են մեր վզին: Կարծում եմ՝ մեզ դեռ վաղ է անցում կատարել պառլամենտական կառավարման համակարգի: Մենք կարող ենք նախագահական սիստեմը պահպանել եւ մեզ նախագահ ընտրել: Նույնիսկ եթե այդ համակարգով չառաջնորդվենք, բոլոր դեպքերում ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր ղեկավարներին: Արդեն հաջորդ քայլն այն պետք է լինի, որ բոլոր օլիգարխներին, որոնք տզրուկի նման կերել են մեզ, ստիպենք հատուցել, հրաժարվել իրենց հարստություններից եւ հանձնել դրանք ժողովրդին, իսկ հետո արդեն ռադ լինել: Նրանց կատարած բոլոր անօրինությունները պետք է բացահայտվեն: Սկսելու ենք հետաքննական մի գործընթաց՝ բացահայտելով բոլոր անօրինությունները: Դրանից հետո արդեն համապատասխան մարդիկ պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Մեր երկիրը մեր սեփականությունն է, ղեկը ժողովրդի ձեռքում է:





-Այսինքն՝ այն նույն համախմբվածությունը, որ կար շարժման ընթացքում, պետք է, որ պահպանվի նաեւ երկիր կառուցելու պրոցեսում:

-Այո, պետք է համախմբվեն բանիմաց, գիտակ, հայրենասեր մարդիկ: Չէ՞ որ մենք այնքան փոքր ժողովուրդ ենք, որ շատ լավ գիտենք՝ ով ով է: Նորություն չի՝ ով ինչքան է ծախվել: Մնացել ենք մի տուն՝ մի քանի հոգով: Այն մարդիկ, որոնք իսկապես ապրում են հայրենիքի ցավով, տարիներ շարունակ եղել են ժողովրդի կողքին, պարզապես նրանց ձայնը լսելի չի եղել, պետք է կանգնեն ու խոսք ասեն, հետագա անելիքների ծրագիր ներկայացնեն:


-Հիմա կգտնվե՞ն մարդիկ, որոնք թերահավատություն կհայտնեն հաջորդ ղեկավարների արդարացի ընտրության առնչությամբ:



-Այ մարդ, հո անընդհատ այդպես չի՞ լինելու: Ինչքա՞ն կարելի է վախենալ: Կարելի է եւ հնարավոր է ձեւավորել այնպիսի իշխանություն, որով կհպարտանանք: Հնարավոր է չթողնել ուրիշ երկրների` այս աստիճան միջամտությունը մեր ընտանիք՝ մեր երկիր: Ես միայն դեմ եմ չարախնդորեն ուրախանալուն, որովհետեւ անելիք ունենք: Այս մի քայլը, այո, արեցինք, ավարտեցինք: Պետք է, էլի եմ ասում, մտածված առաջ գնանք: Մենք այնքան տաղանդավոր ժողովուրդ ենք, որ եթե բանիմաց մարդիկ ոտքի կանգնեն, մեկ տարվա ընթացքում երկիրը կսարքեն դրախտավայր: Մեզ ընդամենը մեկ տարի է պետք, եթե իշխանության գլուխ գան բանիմաց, հայրենիքը սիրող մարդիկ: Մեկ տարի հետո մենք կապրենք դրախտավայր երկրում:

Աննա Բաբաջանյան

Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->