>

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Տիգրան Պ.-ի գործով դատական քննությունը:

59-ամյա Տիգրան Պ.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունիսի 6-ին, ժամը 22-ն անց 35-ի սահմաններում իր կողմից «Օդնոկլասնիկ» կայքում առանց ծանոթի՝ Գեղամ Գ.-ի (անունը փոխված է) թույլտվության նրա լուսանկարներով անհատական էջ բացելու, նրան որպես համասեռամոլ ներկայացնելու հարցով Կոտայքի մարզի գյուղերից մեկում պարզաբանում է կատարել ու վիճաբանել մեկ այլ ծանոթի՝ Արկադի Կ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Տիգրանն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Արկադիի կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսին, ապա՝ որովայնի ձախ կեսի առաջնային մակերեսին, նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ ճարպոնի, աղու գալարի և միջընդերքի վնասումով:

Տիգրան Պ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա նշել է, թե վերջերս էր ծանոթացել Արկադիի ու Գեղամի հետ: Արկադին ցանկացել է գնել իր մեքենան, նա մեքենան տարել ու երկու օր չի վերադարձրել իրեն: Ինքը նրան կարճ հաղորդագրություն է ուղարկել, որ նա «անինքնասեր ու անպատասխանատու» մարդ է: Դրանից հետո Արկադին զանգել է իրեն ու ասել է, թե մեքենան խափանվել է, կվերանորոգի ու կվերադարձնի:




Քոչարյանի զոհերը

Իր ու Արկադիի վեճը հավանաբար իր գրած հաղորդագրության պատճառով էր: Ինքը ցանկացել է այնպես հարվածել Արկադիին, որ նա «վախենա, բայց վնասվածք չունենա»: Երկու հարված է հասցրել, նա ասել է՝ արդեն ծակիր, հերիք ա:





Ամբաստանյալը պնդել է, թե «Օդնոկլասնիկի» հետ կապված ամբողջ պատմությունը իրականությանը չի համապատասխանում: Ինքը որևէ սոցիալական կայքում գրանցված չէ, «ավելին՝ սոցիալական կայքերից օգտվելու ցանկություն էլ չունի»: Տուժողին պատճառած վնասը չի հատուցել:

Տուժող Արկադին նշել է, թե ամբաստնյալ Տիգրանի հետ ծանոթացել է 2017 թվականի մարտին՝ ընդհանուր ծանոթի տանը: Քանի որ «նախընտրական արշավի հետ կապված»՝ Վանաձոր քաղաքում ամբաստանյալն ունեցել է կուտակած պարտքեր, ինքը փորձել է նրան օգնել: Նա հայտնել է, թե ցանկանում է վաճառել իր «Աուդի» մեքենան, ինքը ցանկություն է հայտնել այն գնելու:

Պայմանավորվել են, որ ինքը մեքենան երկու օր կվարի, եթե իրեն դուր գա մեքենան, կգնի: Ինքը վարել է մեքենան, արդյունքում համաձայնության չեն եկել, ինքը մեքենան չի գնել, վերադարձրել է Տիգրանին:

Որոշ ժամանակ անց իրենց ընդհանուր ծանոթ Գեղամն իրեն ցույց տվել Տիգրանի հեռախոսից բացված էջ՝ «Օդնոկլասնիկում»՝ իր՝ Գեղամի լուսանկարներով: Դա համասեռամոլներին վերաբերող էջ էր: Գեղամն ասել է, թե էջը բացել է Տիգրանն ու տեղադրել է իր լուսանկարները:


Այդ հարցով զրուցելու համար Տիգրանի հետ պայմանավորվել են հանդիպել: Ներկա է եղել նաև Գեղամը: Տիգրանին ասել են, որ Գեղամի անունով էջ է բացվել «Օդնոկլասնիկում», ու նրան են կասկածում՝ որպես էջը բացող: Տիգրանը ոչինչ չի պատասխանել, այդ հարցի նկատմամբ իրեն «անտարբեր է պահել»:

Գեղամը ներկայացրել է իր հիմնավորումները, իսկ Տիգրանը նրան անվանել է համասեռամոլ: Վեճ է սկսվել:

Տիգրան Պ.-ն իրեն պահում էր ագրեսիվ: Նա նշել է, թե իր խորթ որդին է ասել, որ Գեղամը համասեռամոլ է… Գեղամը պնդել է, որ ինքը պարզել է՝ էջը բացված է Տիգրանի հեռախոսից:

Ինքը պահանջել է, որ Տիգրանն անհապաղ դադարեցնի Գեղամին վարկաբեկելու գործողությունները: Նա չի համաձայնել: Իրենք ցանկացել են իջնել նրա մեքենայից: Տիգրանը հայհոյել է իրեն, ինքը ոտքով հարվածել է նրան:

Տիգրանը մեքենայից իջել ու եկել է իր ուղղությամբ, բայց ինքը չի պատկերացրել, որ նրա ձեռքին սուր գործիք կարող է լինել: Նա մեկ անգամ հարվածել է իրեն: Ինքը դեռ չէր հասկացել՝ ինչ է կատարվել, երբ նա երկրորդ հարվածն է հասցրել: Ինքը պաշտպանվել է, եթե չպաշտպանվեր, նա երրորդ հարվածն էլ կհասցներ: Ինքը բուժում է ստացել, բայց Տիգրան Պ.-ն ո՛չ ներողություն է խնդրել, ո՛չ պատճառած վնասն է հատուցել… Ինքը պատրաստվում է վնասի հատուցումը պահանջել քաղաքացիական դատավարության կարգով:



Գեղամ Գ.-ն հայտնել է, թե ինքը համացանցում հայտարարություն է տվել՝ բարմենի աշխատանք որոնելու մասին: Տիգրանը զանգել է իրեն, ասել է, թե կարող է աշխատանք առաջարկել: Ինքը համաձայնել է: Տիգրանի հետ ինքը հանդիպել է Մուսալեռի ճանապարհին: Տիգրանն ասել է, թե Սոչի քաղաքում բիզնեսով է զբաղվում, իրեն սեզոնային աշխատանք է առաջարկել: Բայց աշխատանքը չի ստացվել:

Որոշ ժամանակ անց «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում իր էջին «հյուր է եկել» անծանոթ էջ, որտեղ իր էջի նկարներն էին օգտագործված: Ինքը հարցրել է՝ ո՞վ է բացել էջը, ինչո՞ւ է իր էջի նկարները բեռնել, բայց իրեն չեն պատասխանել:

Ինքը խնդրել է, որ էջը փակեն: Չեն փակել:

Այդ էջում համասեռամոլներ էին ներկայացված՝ որպես իր ընկերներ: Ինքը հետաքրքրվել ու պարզել է, որ Տիգրան Պ.-ի հեռախոսից է բացված էջը: Ինքը էջում գրել է, թե գիտի՝ ով է բացել այն, խնդրում է, որ փակի: Բայց էջը դարձյալ չի փակվել:

Քանի որ Տիգրանի հետ իր ընդհանուր ծանոթը Արկադին էր, ինքը դիմել է նրան, պատմել է կատարվածը՝ ասելով, թե չի ցանկանում մենակ հանդիպել Տիգրանին, որ վեճի մեջ չընկնի: Տիգրանի բացած էջը իր անունի սկզբնատառով ու աստղանիշերով էր անվանված: Այդ էջը գոյություն է ունեցել մոտ մեկուկես ամիս: Դանակահարությունից մի քանի օր հետո էջը ջնջվել է:

Դատարանը Տիգրան Պ.-ին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2018 թվականի փետրվարի 27-ից:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->