>

1in.am-ը գրում է՝

Հայաստանում այլևս միայն ծույլերը չեն խոսում այն մասին, որ նոր կառավարությունը ժամանակի ընթացքում կկորցնի հեղափոխական վարկանիշը, և ըստ այդմ պետք է արտահերթ ընտրությունը լինի հնարավորինս շուտ, կամ պետք է շատ ուշադիր լինի ժամանակի հարցում: Ընդ որում շատ դեպքերում պարզ չէ, դա ասվում է հեղափոխության ու նոր կառավարության համար մտահոգությա՞մբ, թե՞ ավելի շատ հենց դրա, այսինքն՝ ժամանակի ընթացքում անհաջողության սպասումով:




Քոչարյանի զոհերը

Բոլոր դեպքերում, խնդիրը, անշուշտ, ասողների մոտիվացիան չէ, այլ այն, թե ինչ են ասում: Իսկ ասվում է մի բան, որը խորքային առումով ոչ միայն իր մեջ ռիսկեր չի պարունակում հեղափոխության համար, այլ ըստ էության կարող է նպաստել հեղափոխությունից քաղաքական դասական համակարգ անցման սահուն ընթացքին:





Իսկ ո՞վ ասաց, որ հեղափոխության հաջողությունն այն է լինելու, որ Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությանն իր թիմով հավաքի ասենք 90, կամ 80, կամ թեկուզ 70 տոկոս ձայն: Սրանք ամենևին ժողովրդավարական թվեր չեն, իսկ մեր բոլորիս նպատակը, ու նաև հեղափոխության նպատակը կարծես թե եղել է ժողովրդավարական Հայաստանի ձևավորումը: Հետևաբար, ինչքան ուզել խփելու տրամաբանությունը պետք է իր տեղ զիջի ընտրության տրամաբանությանը: Ըստ այդմ էլ, առանցքային խնդիրը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վարկանիշը չէ ընտրության պահին:

Առանցքային խնդիրը այն է, թե ընտրության պահին Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ինչպիսի խաղի կանոն են հաստատած լինելու, ինչպիսի օրենսդրական փոփոխությունների են ենթարկելու ընտրական համակարգը, նաև կուսակցական, քաղաքական համակարգը, ստեղծելով խաղի այնպիսի կանոններ, որոնք Հայաստանում վերջապես թույլ կտան անցկացնել քաղաքական ընտրություն:


Դա է խնդիրը և Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի քաղաքական ու եթե կուզեք՝ պատմական առաքելությունը: Վերջին հաշվով, եթե Նիկոլ Փաշինյանը չի ունենում այն նույն վարկանիշը, որը ուներ թավշյա հեղափոխության հաղթանակի պահին կամ այս պահին, դա դեռ ինքնաբերաբար չի նշանակելու հակահեղափոխություն: Անհրաժեշտ է արձանագրել դա՝ հեղափոխությունը չի ասոցացվում Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ընտրական հաղթանակի տոկոսային հարաբերակցությանը, այլ ասոցացվում է ընտրական խաղի կանոններին:



Կհաջողվի՞ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ապահովել այնպիսի ընտրական, օրենսդրական ինստիտուցիոնալ այնպիսի գործընթաց, որը կենթադրի բացառապես քաղաքական պայքար, գաղափարների, ծրագրերի, առաջարկների և միայն դրանց պարունակությամբ քաղտեխնոլոգիաների, ընտրական տեխնոլոգիաների պայքար, որտեղ փողի դերը ամենևին չի լինի առաջնային ու անմիջական:

Եթե դա կհաջողվի, ապա Հայաստանը կանցկացնի իր առաջին ընտրությունը, ինչն էլ կլինի հեղափոխության հաղթանակը: Պետք չէ այն կապել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ընտրության պահին հիպոթետիկ վարկանիշի հետ, դրանով նաև հանրությանը շեղելով բուն խնդրից և, կամա թե ակամա, տալով իրականությունն ու նոր իշխանության գործունեությունը գնահատելու սխալ և գուցե նույնիսկ որոշ դեպքերում գիտակցաբար նենգափոխված ելակետեր:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->