Մի քանի րոպեն մեկ ՊԵԿ նոր աշխատակիցներ են ընդգրկվում Սպայկայում ընթացող ստուգումներում — ingablog

Քիչ առաջ «Հայկական ժամանակ»-ի լրագրողը զրուցել է «Սպայկա» ընկերության մամուլի հետ կապերի բաժնի պատասխանատու Էդվարդ Անտինյանի հետ: Վերջինս հայտարարել է, որ ՊԵԿ-ն արդեն ավարտել է գործողությունները ընկերությունում: Սակայն ՀԺ-ի լրագրողը այդ պահին նկատել է ՊԵԿ-ի աշխատակիցներին եւ մամուլի պատասխանատուից հետաքրքրվել է՝ ինչ հիմքով է հայտարարում, որ ՊԵԿ-ը հեռացել է ընկերությունից, երբ աշխատակիցները շարունակում են իրենց ստուգումները: Անտինյանը նշել է, թե ներսից իրեն փոխանցել են, որ ՊԵԿ-ը գործողությունները դադարեցրել է:


Այնուհետեւ մամուլի պատասխանատուն նշել է, որ «Սպայկա»-ում ՊԵԿ-ի ստուգումներն անակնկալ են եղել ղեկավարության համար: Մեր հարցին՝ այսինքն, սրանք հերթական պլանային ստուգումներ չե՞ն, Անտինյանը նշել է, թե դա պետք է ճշտել ՊԵԿ լրատվական ծառայությունից: Նա մեր լրագրողի մյուս հարցերը եւս անպատասխան է թողել, մասնավորապես, այն, թե ՊԵԿ-ը ինչ ստուգումներ է իրականացնում «Սպայկա»-ում, արդյո՞ք հարցաքննվել են ղեկավարության եւ աշխատակազմի ներկայացուցիչներ, կամ առգրավվե՞լ է ինչ-որ գույք, փաստաթղթեր, կրիչներ կամ համակարգիչներ:


Անտինյանը մեր լրագրողի այս եւ մյուս հարցերին ի պատասխան ասել է, որ ամեն ինչ կտեղեկացնի Պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունը:

Մամուլի խոսնակի այն տեղեկությանը զուգահեռ, թե ՊԵԿ-ի աշխատակիցները հեռացել են, նշենք, որ 30 րոպեի ընթացքում «Սպայկա» են մտել ՊԵԿ-ի 4-5 աշխատակից: Նրանք եւս հրաժարվել են պատասխանել մեր լրագրողի հարցերին:


Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin