>

Սերժ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը, ինչը ողջունելի է, հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը, խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի հարցերին պատասխանելու երրորդ նախագահի որոշման մասին:

Բակո Սահակյանի սակավախոսության տողատակում սակայն այնքան էլ նկատելի չէ Սերժ Սարգսյանի որոշման առնչությամբ ողջույնի տրամադրություն, ինչը թերեւս հասկանալի է:




Քոչարյանի զոհերը

Ինչպես գրեց մամուլը, Սերժ Սարգսյանի քայլը՝ հանձնաժողովի հարցերին պատասխանելու համաձայնության իմաստով, անակնկալ է եղել նաեւ նրա շրջապատի, գործնականում այն համակարգի համար, որը իշխում էր ապրիլյան քառօրյա պատերազմի շրջանում:




Այդ իրավիճակը խորհրդանշական է, որովհետեւ արիլյան քառօրյա պատերազմն ինքնին գիծ քաշեց այդ ամբողջ համակարգի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Այդ գիծը սեւի եւ սպիտակի, կամ լավի ու վատի գիծը չէր: Այդ գիծը գործնականում քաղաքական պատասխանատվության գիծն էր՝ այն ամբողջ իրավիճակի համար, որ նախորդել էր ապրիլյան քառօրյա պատերազմին մի քանի տարի: Սերժ Սարգսյանը հայտնվեց գծից այն կողմ, ստիպված լինելով պատասխան տալ մի բազմաշերտ եւ բազմագլուխ համակարգի համար, որի հանդեպ դե ֆակտո չուներ ամբողջական եւ անվերապահ ազդեցություն:

Սերժ Սարգսյանն իր նախագահության բարդ տասնամյակի ընթացքում պարբերաբար ձեւավորում էր ներհամակարգային կոնսենսուսներ, դրանց արդյունքում պահելով նախագահական դիրքը, բայց դրա գինն այն էր, որ պատասխանատվությունը ամբողջությամբ ծանրանում էր Սարգսյանի վրա:


Դե յուրե այդպես էլ պետք է լինի՝ պատասխանատուն նախագահն է, իսկ պատերազմող երկրի պարագայում առավել եւս Գերագույն գլխավոր հրամանատարը: Բայց Հայաստանում դեռեւս 1995-96 թվականների ընտրությունից հաստատված հակասահմանադրական կառավարման համակարգը բերում է իրավիճակի իր առաձնահատկությունը, որտեղ սկսում է գործել այլ տրամաբանություն:

Սարգսյանը մի կողմից լավ պատկերացնում էր, թե ինչով կարող է ավարտվել համակարգի լիակատար մակաբուծության համար պատասխանատվության կուտակումը, մյուս կողմից նույնքան լավ պատկերացնում, որ հակառակը կավարտվեր իշխանությունից իր հեռացումով՝ համակարգի հավաքական որոշումով:


Ապրիլյան քառօրյա պատերազմը պայթեցրեց այդ իրավիճակը, որը պետության համար աղետով չավարտվեց լոկ բանակի եւ հանրության ինքնիշխան դիմադրության շնորհիվ: Մեծ հաշվով սակայն, պատերազմից հետո տեղի չունեցավ քաղաքական բեկումը: Սերժ Սարգսյանը ստացել էր դա անելու հնարավորություն, բայց չունենալով հանրային լեգիտիմություն, դարձյալ չհամարձակվեց գնալ համակարգի դեմ եւ դուրս գալ ծուղակից, իսկ համակարգն էլ օգտագործեց այդ հանգամանքն ու չեզոքացրեց քաղաքական պատասխանատվության հարցը՝ այդ թվում նաեւ այդ ժամանակի այսպես կոչված արմատական ընդդիմադիր խմբերի ծառայությունից օգտվելով, որոնք կոշտ թիրախավորելով Սերժ Սարգսյանին, իշխող համակարգին տվեցին նրան ծուղակում պահելու հնարավորություն:

Հանրությունն այդպիսով չգտավ այն սուբյեկտային ներուժը, որը թույլ կտար դնել քաղաքական պատասխանատվության հարցը եւ իրականացնել այն բեկումը, որի նախադրյալը ստեղծվեց բանակի դիմադրությամբ:

Սերժ Սարգսյանի համաձայնութունը՝ պատասխանել ապրիլյան հանձնաժողովի հարցերին, մեծ հաշվով վերակենդանացրել է քաղաքական պատասխանատվության լայն խնդիրը: Սերժ Սարգսյանը հարցերին պատասխանելու իր համաձայնությամբ կարող է վերջ դնել իր հաշվին պատասխանատվությունից մաքրված մնալու նախկին համակարգի հնարավորությանը: Դա է անակնկալը բոլորի համար, որովհետեւ Սարգսյանը ցույց է տվել քայլը, ու կարող է եւ անել այն:

Сообщение Սերժ Սարգսյանը ցույց է տվել քայլը. դա կարող է լինել վերջը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->