>

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։

Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի և այլ ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել է, նախնական տվյալներով՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում։




Քոչարյանի զոհերը

Դահլիճում արնանման հետքեր են հայտնաբերվել ու վերցվել՝ փորձաքննության համար։ Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։






Միջադեպին նեկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։ Տուժողի խոսքով՝ որդին, որը Ռուսաստանի քաղաքացի է, բռնցքամարտիկ է, աշխարհի չեմպիոն։ Հաղթանակների դիմաց Գագիկ Ծառուկյանը պարգևներ է խոստացել, սակայն որդին Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո հետախուզվում է՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով։

Էդուարդ Բաբայանին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության ծառայողները ծավալուն հետախուզական և այլ միջոցառումներ սկսեցին ձեռնարկել, ինչի արդյունքում՝ դեպքից ժամեր անց Բաբայանը ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նա որպես կասկածյալ ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։

ArmLur.am-ը զրուցել է տուժող Վյաչեսլավ Հարությունովի կնոջ` Լիլիթ Հակոբյանի հետ, ով վստահեցրել է, որ իրենք լավ հարաբերություններ ունեն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, իսկ ամուսնուն որևէ մեկը չի ծեծել:


ArmLur.am-ը զրույցի ընթացքում մի քանի անգամ հետաքրքրվել է` արդյոք նրանց սպառնացել են, կամ վախեցրել, կինը բացասական պատասխան է տվել` շեշտելով, որ որևէ սպառնալիք չի եղել:

Լիլիթ Հակոբյանը հաստատեց, որ իր որդին` Նիկոլ Հարությունովը, աշխարհի չեմպիոն է, ով երկու տարի է` հետախուզման մեջ է:



«Պարոն Ծառուկյանը մեր մոտ ընկերն է: Տղայիս ընտանիքը քայքայվում է, նրա փոքր երեխան լացում է, հորն է ուզում: Երեկ հավաք է տեղի ունեցել. ամուսինս հավաքի ժամանակ գնացել էր պարոն Ծառուկյանի հետ զրուցելու, խնդրեցինք պարոն Ծառուկյանին օգնել, որպեսզի տղաս գա հասնի իր ընտանիքին»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:

Վերջինիս խոսքով` ամուսնուն որևէ մեկը չի ծեծել. նա սայթաքել է աթոռի վրա: «Ընդամենը ընկել է աթոռի վրա: Ամուսնուս տեսել եմ հիվանդանոցում, դեղերով սրսկված էր: Հնարավոր է` ամուսինս ինչ-որ բան ասած լինի` դեղանյութի ազդեցության տակ: Մենք ոչ մեկի դեմ ոչինչ չունենք, ոչ մեկից չենք վախենում: Ո՞վ կարող է ինձ վախեցնել, ոչ մի խնդիր պարոն Ծառուկյանի հետ չունենք»:

Իսկ թե ինչու է նման տեղեկություն տարածվել և որն է դրա նպատակը, Լիլիթ Հակոբյանը դժվարացավ պատասխանել. «Մենք ոստիկանություն բողոք չենք ներկայացրել»,- եզրափակեց նա:

Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->