>

Նադեժդա Սարգսյանի մասին անցյալով խոսել ու համակերպվել նրա ֆիզիկական բացակայությանը հնարավոր չէ. hամոզված են նրա ընկերներն ու աշակերտները: Կենսախինդ, ուժեղ, պայքարող տեսակ, այսպես են նրան հիշում մտերիմները:

Նադեժդա Սարգսյանը երեկ մահացավ երկարատև հիվանդությունից հետո։ Քաղցկեղի դեմ նա պայքարում է մոտ 8 տարի։ Այս ընթացքում հաղթահարել էր բազմաթիվ ծանր շրջափուլեր, սակայն այս անգամ հաղթել չհաջողվեց։ Սուրեն Առուստամյանն ու Մաշա Մնջոյանը Tert.am Life-ին պատմել են երգչուհու հետ վերջին հանդիպման, հիվանդության վատթարացման փուլում նրա տրամադրության և Նադեժդա Սարգսյանի հետ կապված հուշերի մասին։




Քոչարյանի զոհերը

Երգչուհի Մաշա Մնջոյանը նշեց, որ իր երաժշտական կարիերայում Նադեժդա Սարգսյանը վճռորոշ դերակատարում է ունեցել: Հենց նա է նկատել ու ոգևորել դեռ փոքրիկ Մաշային և հորդորել Գյումրիից Երևան տեղափոխվել, երաժշտական ակտիվ գործունեություն սկսել:





«Երեկ հորաքրոջս հետ նստած խոսում էինք ու հիշում Նադեժդա Սարգսյանի հետ անցկացրած տարիները: Հորաքույրս ասում էր՝ գիտե՞ս Մաշ, եթե Նադյան չլիներ, դու Երևան չէիր գա, ինքը ոգևորեց, ասաց այդ երեխային վերցրու, արի Երևան, չես փոշմանի: Երեկ, երբ իմացա նրա մահվան մասին, նրա մոտ սովորելուս 8 տարիները, մեր միասին ապրած բոլոր օրերը մի ակնթարթի պես անցան աչքիս առաջով: Իսկապես, շատ եմ ցավում, որովհետև Նադեժդա Սարգսյանը միակն է իր կերպարով, անհատականությամբ, խենթ բնավորությամբ: Երբեք չի լինի նրա նմանը»,-ասաց Մաշան:

Նրա խոսքով` Նադեժդա Սարգսյանը, որպես ուսուցիչ, բազմաթիվ արժեքավոր խորհուրդներ է տվել, որոնք առ այսօր երգչուհին հիշում է ու կիրառում իր մասնագիտական գործունեության մեջ։ «Մի ամբողջական բազա ու կուրս եմ ստացել նրանից: Կյանքի ընթացքում միշտ լինում են պահեր, որ հիշում եմ՝ Նադյան այսպես էր անում կամ ասում: Փոքր ժամանակ շատ չէի հասկանում, բայց հիմա շատ եմ օգտագործում նրա խորհուրդները:  Հիշում եմ, երբ երգի փորձ էինք անում, ինձ նստեցնում էր դահլիճի կենտրոնում ու ասում՝ երգիր ինչպես ուզում ես, ուշադրությունդ միայն երգիդ վրա կենտրոնացրու: Այդ ընթացքում իմ ուղղությամբ տարբեր բաներ էր նետում, կոշիկն էր հանում գցում, որպեսզի սովորեմ չշեղվել:) Եթե ես հանկարծ մի պահ շեղեի ուշադրությունս երգից, դա ձախողում էր համարվում: Նա միշտ ասում էր՝ համերգի ժամանակ ամեն բան հնարավոր է լինի, դու պետք է չշեղվես ու կլանված լինես քո երգի մեջ»,- հիշեց Մաշան:

Երգչուհին ասաց, որ սիրելի ուսուցչուհուն վերջին անգամ տեսել է մոտ երկու ամիս առաջ: Մաշայի խոսքով, Նադեժդա Սարգսյանը այդ ժամանակ էլ նույնքան ուժեղ ու լավատես էր։  «Վերջին անգամ հորաքրոջս հետ գնացինք նրանց տուն: Էմմին էլ այստեղ էր: Գիտեինք, որ լավ չէ, բայց նրա պահելաձևից, խոսքից չէինք զգում դա: Էլի նույն աշխույժ Նադյան էր: Ես ուղղակի զարմանում էի այդ կնոջ վրա, որքան կամքի ուժ ունի, որքան է սիրում կայնքն ու իր աշխատանքը: Ինձ թվում է, մինչև վերջին պահն էլ նույն ձևով է եղել: Սա այն դեպքն է, երբ իսկապես չես պատկերացնում, որ այդքան ուժեղ մարդը կարող է չլինել: Ես չեմ հավատում: Էմմիին ուժ եմ մաղթում: Թող իր երկու տղաներն իրեն թիկունք լինեն: Կարծում եմ` այդ երկու հրաշք տղաները նրա վիշտը կթեթևացնեն: Սա մեծ կորուստ էր, թե՛ ընտանեկան իմաստով, թե՛ ամբողջ Հայաստանի համար»,– ասաց երգչուհին։


Դերասան, հաղորդավար Սուրեն Առուստամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս շոկային վիճակում է և չի պատկերացնում, որ Նադեժդա Սարգսյանն այլևս ողջ չէ: Նա համոզված է` իրենց սիրելի Նադյան միշտ ապրելու է, քանի որ նրան միշտ հիշելու են:

«Նա մարդ էր, որն ուներ պատմություն և ստեղծեց կոնկրետ պատմություն իր ասպարեզում: Շատ հրաշալի կին, միշտ կյանքով լի էր ու կապ չունի, որ հիվանդությունն իրենն ասում էր: Ինքը պայքարում էր ու հենց այդպես էլ տպավորվել է իմ մեջ»,-ասաց Սուրենը:



Նա պատմեց, որ Նադեժդա Սարգսյանի հետ ոչ միայն մտերիմ ընկերներ են եղել, այլև գործընկերներ: Սուրենը նրա հրավերով սկսել է դասավանդել Մշակույթի պետական քոլեջում. «Երբ առաջին անգամ նրան ասացի` տիկին Նադեժդա, միանգամից կտրուկ պատասխան տվեց՝ էդ տիկին բառը գլխիդ կտամ:) Բոլորի համար նա Նադյա էր կամ Նադյուշ: Դա արդեն շատ բան է ասում իր մասին: Միշտ իր ներսում երիտասարդ է եղել և ուզել է, որ բոլորն իրեն այդպիսին ընկալեն: Կյանքով լի, պայծառ ու լուսավոր մարդ էր: Քոլեջում էլ իրեն երբեք չէիր տեսնի տրնտջալիս։ Երբեք չէր ասի` հոգնած եմ, մի քիչ հանգստանամ»:

Սուրենը պատմեց, որ իրենց վերջին հանդիպումը գարնանն է եղել, քոլեջում, երբ Նադեժդա Սարգսյանի հետ քննարկել են ուսանողների ու քոլեջի գործունեության հետ կապված ծրագրեր. «Այդ ժամանակ արդեն հանձնարարականներ էր տալիս, քանի որ պիտի գնար հերթական քիմիոթերապիայի ու չէր կարողանալու ակտիվ զբաղվել աշխատանքով»:

Սուրենը շեշտեց, որ Նադեժդա Սարգսյանի հետ անցկացրած ամեն րոպեն էր հետաքրիքր և նրա հետ կապված բազմաթիվ հիշողություններ կան. «Մի անգամ դասի ժամանակ լսարանի դուռը բացեց  ասաց՝ չե՞մ խանգարի, ասացի` իհարկե, չէ: Ներս մտավ, նստեց ու սկսեց վարպետության դաս անցկացնել: Ուսանողները շատ ուրախացան: Նադյան իր կյանքից, իր փորձից էր պատմում: Դա նաև ինձ համար վարպետության դաս եղավ: Ես շատ բան սովորեցի: Իր հետ շփումն, ընդհանրապես, շատ բան էր սովորեցնում»,-եզրափակեց Սուրենը:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->