«Լավ լուրերն ինչո՞ւ ենք գաղտնի պահում հանրությունից». Նիկոլ Փաշինյան — ingablog

Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջարկեց վարչական ակտերի համաներման վերաբերյալ ակտի քննարկումը թողնել վերջում և դրան անդրադառնալ փակ քննարկման ժամանակ:


«Առաջարկում եմ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին ՀՀ օրենքի նախագծի մասին» հարցը զեկուցվի փակ»,- ասաց Զեյնալյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ հանրությանը իրազեկելու հետ կապված ի՞նչ խնդիր ունենք. «Այս նախագիծը մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ի  իրավախախտումներին է վերաբերում, այս քննարկումն ինչո՞ւ թողնենք հետո: Մեր խնդիրն այն է, որ մարդիկ իմանան, որ կարող են չվճարել, մեր խնդիրն էլ դա է, որ մենք կատարում ենք մեր խոստումները»:


Վարչապետն ասաց, որ եթե նախագիծը հրապարակված է, խնդիր չկա այն քննարկել նիստի ժամանակ. «Լավ լուրերն ինչո՞ւ ենք գաղտնի պահում»:

Զեյնալյանն ասաց, որ առաջարկվում է  իրականացնել մի շարք վարչական իրավախախտումների, տուգանքների համաներում:

«Օրենքն ուժի մեջ մտցնել հրապարակման օրվան հաջորդող օրվանից: Զիջվող գումարի չափը 13.3 մլրդ դրամ է կազմում: Սա ոչ բոլոր իրավախախտումներին է վերաբերում»,-ասաց Զեյնալյանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հիմա Ոստիկանությունն Արդարադատության նախարարության հետ համատեղ մշակում է օրենքի նախագիծ՝ Վարչական իրավախախտումների մասին օրենքում որոշ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք էականորեն կբարձրացնեն երթևեկության մասնակիցների կարգապահությունը:


Թե քանի մարդ է ազատվում տուգանքներից և ակտերից, հստակ թիվ չկա: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ խոսքը վերաբերում է խախտումների չափին, և ըստ նրա՝ նույն անձը կարող է մի քանի անգամ խախտում թույլ տված լինել:

Աղբյուր՝ 168.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin