>

Երեկ ձերբակալվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2009-ից, մինչ այդ էլ մի քանի տարի աշխատել է հիմնադրամում: Պարզվում է` համայն հայության հանգանակած գումարներով Արա Վարդանյանը օնլայն խաղադրույքներ է կատարել:

ՀՀ ԱԱԾ հաղորդագրության համաձայն, Արա Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

Իսկ հենց Արա Վարդանյանի խոսքով` վարկային քարտից վատնած միջոցներն ինքը վերադարձրել է հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ՝ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:




Քոչարյանի զոհերը

Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 մլն ՀՀ դրամ:





Արա Վարդանյանը, կարելի է ասել,  իդեալական թեկնածու էր Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրենի համար: Չհերքված փաստ է, որ Հայաստան հիմնադրամը իշխող քրեական համակարգի փողի աղբյուրներից մեկն էր համարվում: Տեղեկություններ կային նաև, որ հիմնադրամին նվիրաբերված գումարները ծառայել են ընտրակաշառքներ բաժանելու համար:

Ժամանակին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում էին ՀՀ և Արցախի ղեկավարները, զույգ կաթողիկոսները, այլոք:

Հունիսի 18-ին ժողովրդի փողերը խաղատներում վատնած պաշտոնյան նման հրապարակում է կատարել. «Առավոտյան արթնացա, սարսափելի երազ էի տեսել, մտա ՖԲ ու հասկացա, որ երազ չէր: Մեկը ասում ա կախել, մյուսը գնդակահարել, մեկ ուրիշը` ցմահ նստացնել, իսկ ես կասեմ` ՄՏԱԾԵԼ: Մտածել նրա մասին, որ այս մարդը ապրում և արարումա մեր հասարակության մեջ:


Լավ, ո՞ւր ենք հասել, ու՞ր ենք գնում… Մեկ տարի առաջ տված հարցազրույցում ասել եմ` մեր հասարակությունը կարծես թե մոռանում է, որ գրեթե ամեն օր մեր երեխաներին սպանում են սահմաններին, իսկ հասարակության մի մեծ մաս զբաղված է է′լ ավելի ճոխ հարսանիք կազմակերպելով, է′լ ավելի թանկ շոր գնելով, է′լ ավելի ճչացող հագուստ հագնելով, է′լ ավելի լպիրշ պահվածքով:

Մենք պետք է փոխենք մեր հասարակական մոտեցումը` հարուստ լինելը լավ է նրանով, որ կարող ես շատ մարդու օգնել, այլ ոչ թե ի ցույց դնես հարստությունդ: Բոլորս պետք է փոխվենք, բոլորս: Երբ հասարակությունը փոխվի, այլևս երբեք չենք ունենա նման մարդկանց: Փառք ու պատիվ մեր բոլոր զինվորներին»:

Այս խոսքերի հեղինակն այն մարդն է, որ բառի ամենալայն իմաստով կերել է ժողովրդի փողերը: Ում զազրելի արարքի բացահայտումն ավելի մեծացրեց այն հիասթափությունը, որը նույն ժողովուրդն ապրեց գեներալի կողմից զինվորի բաժինը գողանալու արդյունքում:

Ի դեպ, Արա Վարդանյանն իր բոլոր հարցազրույցներում հպարտացել է, որ հիմնադրամի տնօրենի` ավելի քան մեկ միլիոն դրամ աշխատավարձն իրեն գոհացնում է: Ավելին, նա չի հերքել, որ հանդիսանում է Paulaner գարեջրատնային ցանցի խոշոր բաժնետերերից մեկը:



Սա այն գարեջրատունն է, որտեղ տարիներ առաջ աղմկահարույց դեպք էր տեղի ունեցել: Դանակահարվել էին երեք տղամարդ, որոնցից մեկը մահացել էր:

Ավելորդ չի լինի հիշեցնել նաև Արա Վարդանյանի այն խոսքերը, թե այն հանագամանքը, որ տարիներ ի վեր հիմնադրամը չի կարողացել իրականացնել իր առջև դրված առաքելությունը, մարդկանց մոտ կարծրատիպ է ձևավորել, թե Սփյուռքը բարեգործության համար է:

«Մեզնից բացի մեզ ոչ ոք չի օգնելու: Մեր փրկության, հարատևման բանալին հենց մենք ենք»,- ասել է փրկության միջոցներն իր հաճույքի համար վատնած պաշտոնյան:

Արժե՞ արդյոք շարունակել հիշատակել նրա բարձրագոչ ճառերը հայրենիքը շենացնելու մասին. ամեն ինչ ի չիք է դառնում վերջին բացահայտումից հետո, ու դեռ ինչեր կարող են բացահայտվել…

Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->