>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքների ղեկավարներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ նախկինում պետական պաշտոնի մեջ եղել են վայելքի էլեմենտներ, սակայն պաշտոնը պետք է ընկալվի որպես ծառայություն:


«Դա պետք է սկսվի ինձնից եւ ես այդպես էլ վարվում եմ: Ակնհայտ է, որ պետական ծառայությունը պետք է լինի իրոք ծառայություն, ոչ թե արտոնություններ ունենալու, չարաշահումներ անելու հնարավորություն»,- ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետը տեղեկացրել է, որ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջարկների հիման վրա որոշում է կայացվել սուբվենցիաների գծով 10 մլրդ դրամ հատկացնել համայնքներին:








Քոչարյանի զոհերը

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ներկայացնել համապատասխան ծրագրերը, որոնք նախընտրելի է, որ վերաբերվեն ենթակառուցվածքներին, խմելու, ոռոգման ջրի համակարգերի վերականգնմանը, գյուղտեխնիկային եւ ճանապարհներին: «Հույս ունենք գումարները ծախսել այնպես, որ դրանք բերեն շղթայական ռեակցիա, որպեսզի տնտեսությունը մարզերում տեղից շարժվի»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է հատուկ ուշադրություն դարձվի շինարարության որակին:


Միաժամանակ, գործադիրի ղեկավարը նշել է, որ այլեւս Հայաստանում բացառվելու են մենաշնորհները, այդ թվում՝ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների արտահանման ուղղությամբ: Կառավարությունը խրախուսելու է, որպեսզի անասնապահությունը զարգանա եւ գյուղացին արտահանումից ստանա առավելագույն եկամուտ: «Հայաստանում տեղի է ունեցել մթնոլորտի փոփոխություն, մարդիկ պետք է այդ փոփոխությունները տեսնեն իրենց համայնքներում, սկսած համայնքի ղեկավարի գործունեությունից: Մենք պետք է որեւէ չարաշահում բացառենք:

Նման յուրաքանչյուր դեպք կհետաքննվի եւ ընթացք կստանա: Այսօր որեւէ մեկը որեւէ մեկի առաջ չի կարող որեւէ պարտավորություն ունենալ: Այն մարդիկ, ովքեր պատրաստ են այս կանոնների շրջանակում աշխատել, ունեն իրենց համայնքների ժողովրդի աջակցությունը՝ մենք պատրաստ ենք այդ համայնքների ղեկավարների հետ աշխատել, ուս ուսի տալ եւ շարժվել առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:



Աղբյուր՝ News.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->