>

1in.am-ը գրում է՝

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ «Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորդորներին՝ դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը»,- գրել է Տեր Վահրամ քահանան:

Ընթերցողը թերևս հասկացավ, որ խոսքը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության մասին է, որի մասնակիցները պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը:




Քոչարյանի զոհերը

Ցանկացած հեղափոխության օրինաչափորեն հաջորդում են հասարակության տարբեր` հաճախ մարգինալ, խմբերի ինքնագործունեության դրսևորումներ:





«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության պարագան մի փոքր առանձնահատուկ է, որովհետև մի քանի տասնյակ մարդիկ, թերևս միտումնավոր, իրենց շարժմանը տվել են այնպիսի անուն, որպեսզի ասոցիացիաներ առաջացնեն թավշյա հեղափոխության հետ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հստակ ասել է, որ Հայաստանում եկեղեցին անջատ է պետությունից՝ ինքնակոչ ցուցարարներին ակնարկելով, որ չակնկալեն պետության, հեղափոխության աջակցությունը: Վերջին ֆեյսբուքյան ասուլիսում Փաշինյանը բոլորին կոչ էր արել դադարեցնել քաղաքացիական անհնազանդության ակցիաները: Այդ կոչը ինդիկատորային պետք է լիներ՝ հասկանալու համար, թե որ դեպքերում գործ ունենք իրական մտահոգությունների, իսկ որ դեպքերում՝ սաբոտաժի հետ:

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը չի անսացել վարչապետի հորդորին, իսկ այսօր նույնիսկ բռնության ակտ է իրականացրել՝ ներխուժելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք:


Այս փոքրաթիվ շարժումը փաստացի իրեն դուրս է դրել լեգալության, քաղաքացիականության դաշտից՝ ուղղակի մարտահրավեր նետելով նոր Հայաստանին, որի անունից հանդգնում է հանդես գալ: Թավշյա հեղափոխության և նոր Հայաստանի արժեհամակարգն ամբողջովին խարսխված է բռնության մերժման գաղափարի վրա: Այսօրվա իրենց ակցիայով կաթողիկոսի հրաժարականը պահանջողներն ուղղակի հակադրվել են հեղափոխության գաղափարին:

Չնայած անկեղծ լինենք ու խոստովանենք, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» կարգախոսն ինքնին քաղաքական անոմալիա է և որևէ աղերս չունի և չի կարող ունենալ հեղափոխության օրակարգի հետ. եկեղեցին դուրս է քաղաքական գործընթացներից, նույնիսկ հեղափոխությունների ազդեցությունից: Բարեբախտաբար, քաղաքական այս աքսիոմը ուղենիշային է գործող կառավարության համար:

Մյուս կողմից՝ խնդիրն ունի բարոյական բաղադրիչ: Հետևել ենք շարժման մի քանի ակցիաները լուսաբանող տեսանյութերին և դրանցում չենք տեսել քրիստոնեական վարք ու կանոնի որևէ դրսևորում, հանդուրժողականության բաղադրիչ: Ըստ ամենայնի, գործ ունենք մարգինալ տրամադրություններ ունեցող մի քանի տասնյակ մարդկանց և ստվերից նրանց ուղղորդող ուժերի հետ, որոնց նպատակն է լարվածություն ստեղծել երկրում ժամանակավոր կառավարությանը, եկեղեցուն վարկաբեկելու միջոցով:



Խորապես համոզված ենք, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ունի հոգևոր ու համազգային մեծ առաքելություն և Ամենայն կայոց կաթողիկոսի հայրապետությամբ պատվով կշարունակի կատարել այն՝ չիջնելով մի քանի տասնյակ մոլորյալների կողմից պարտադրվող ցածր նշաձողին:

Նոր Հայաստանն, առաջին հերթին, օրենքի և իրավունքի գերակայության երկիր է, և կարծում ենք՝ իրավապահ մարմիններն անթույլատրելի պետք է համարեն մի քանի տասնյակ մարդկանց բռնությունները հոգևոր կենտրոնում՝ հատկապես, որ դրանք արվում են նոր Հայաստանի անունից՝ հազարավոր մեր հայրենակիցների և օտարերկրացի զբոսաշրջիկների աչքերում վարկաբեկելով Հայաստանն ու հեղափոխությունը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->