>

Lragir.am-ը գրում է՝

Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախկին իշխանությունների հանդեպ վենդետա չի լինելու:

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն ձախողեց Նիկոլ Փաշինյանի ընտրությունը՝ 7 ժամ շարունակ նրան հարցեր տալով իրենց նախկին մեղքերի մասին: Ամբողջ Հայաստանն էկրաններին գամված հետեւում էր, ինչպես է ՀՀԿ-ն բացահայտում իր բացթողումներն ու թույլ տեղերը, եւ ինչպես է Նիկոլ Փաշինյանը տեղեկություն հավաքում:




Քոչարյանի զոհերը

Մայիսի 2-ին փողոց էր դուրս եկել գրեթե ողջ Հայաստանը: Դա Նիկոլ Փաշինյանին լիակատար վստահության քվե էր: Մայիսի 8-ին ընտրվելուց հետո նա լիակատար իրավունք ստացավ ապամոնտաժել արատավոր համակարգը:





Դատելով ԱԱԾ ու ոստիկանության գործողություններից՝ կարելի է կռահել համակարգի հանգուցային կետերը:

Առաջին բացահայտումներն սկսեցին մաքսայինից, որտեղ այժմ այլ կանոններ են գործում ու մենաշնորհներ չկան: Նորֆոլկ ընկերությունը, որի թելերը տանում էին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, փոխհատուցել է վնասը եւ «բացել» մաքսայինը:

Հետո գործողություն իրականացվեց Երեւան սիթի սուպերմարկետներում, եւ սուպերմարկետների խոշոր ցանցերը զրկվեցին նախկին հարկային արտոնություններից: Արդյունքում օլիգարխների մեծ մասը լքեց ՀՀԿ-ին, քանի որ այն այլեւս չի կարող մենաշնորհների երաշխիքներ տալ:


Հաջորդ սկանդալային բացահայտումը կատարվեց գեներալ Մանվել Գրիգորյանի տանը, որը վկայում էր բանակային «թիկունքի» խայտառակ վիճակը եւ ռազմական ֆեոդալների մոտիվացիան: ԵԿՄ-ն փորձում է նոր ղեկավարություն ընտրել ու փոխվել: Ստուգումներ են անցկացվում բոլոր բանակային զորամասերում, որտեղ, ինչպես պարզվել է, անգամ զինվորների ներքնազգեստը չէր բավականացնում:

Հետո մեղադրանք առաջադրվեց պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որին կասկածում են «սահմանադրական կարգի տապալման փորձի» մեջ: Ինչպես նշում են փաստաբանները, դա ուղիղ ճանապարհ է դեպի Ռոբերտ Քոչարյան, որովհետեւ 2008 թվականի մարտի 1-ին Հարությունյանը հենց նրա հրամանն էր կատարում:

Բացահայտումները հասան Սերժ Սարգսյանի երկու եղբայրներին՝ Լեւոնին ու Սաշիկին ու նրանց երեխաներին: ԱԱԾ խուզարկություններ ու հարցաքննությունները Սերժ Սարգսյանի մոտ թերեւս վենդետա խնդրելու ցանկություն են առաջացնում, որովհետեւ վենդետան խայտառակությունից ավելի լավ է:

Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ բացահայտումների պահով Սերժ Սարգսյանը կամ էլ մյուսները չեն փորձել կապ հաստատել իր հետ:



Եվս մեկ գործ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ միջադեպն է: Այսօր նրա թիկնազորի պետին մեղադրանք է առաջադրվել ծանր վնասվածքներ հասցնելու մեջ, եւ չի բացառվում, որ այլ գործեր էլ բացվեն, որոնցում շրջանառվում է Գագիկ Ծառուկյանը:

Պակաս աղմկոտ չէ Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի գործը, ով խոստովանել է, որ հիմնադրամի վարկային քարտով օնլայն խաղատներում խաղացել է: Դա սփյուռքում վրդովմունքի ալիք է առաջացրել:

Այսօր եւս մեկ խայտառակություն բացահայտվեց: Պարզվեց, որ Սուրբ Էջմիածնում պահվող գեղարդի մասը նվիրվել է Ռուսաց պատրիարքին:

Մաքսային, ՀՀԿ, օլիգարխներ, գեներալ-ֆեոդալներ, Սարգսյան-Քոչարյան, Հայաստան հիմնադրամ, եկեղեցի: Ո՞վ է հաջորդը: Ո՞ր պտուտակից հետո համակարգը վերջնականապես կքանդվի:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->