>

Lragir.am-ը գրում է.

Ելույթ ունենալով Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի երիտասարդական ֆորումի մասնակիցների առաջ, նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաեւ նախագահի լիազորություններին ու իրավասություններին առնչվող օրենսդրությանը, որի վերաբերյալ նրա աշխատակազմը ունի փոփոխության առաջարկներ: Նախագահը ասել է, թե խոսքը Սահմանադրության փոփոխության մասին չէ, այլ օրենքների, որոնք կբարձրացնեն նախագահի աշխատակազմի արդյունավետության հնարավորությունը:

Հարցին, թե արդյոք նախագահի պաշտոնի առաջարկն ընդունելիս նա չի մտածել այդ ամենի մասին, Արմեն Սարգսյանը տվել է շատ հետաքրքիր եւ բազմիմաստ պատասխան:




Քոչարյանի զոհերը

«1997-ին ես վարչապետ էի, եւ ինձ թվում էր, թե մի 15 տարի ինչպես եմ աշխատելու, երիտասարդ վարչապետ էի, բայց Աստված ասաց՝ ոչ, գնա հիվանդանոց եւ պայքարի8 առողջությանդ համար, որը հեշտ չէր: Հիմա նորից Աստծո գործերը կան, ՀՀ նախագահի մանդատը 7 տարով է, բայց տեւեց 7 օր, եւ վարչապետը հրաժարական տվեց», ասաց Արմեն Սարգսյանը:





Ի՞նչ է նշանակում նախագահ Սարգսյանի այդ բազմիմաստ հայտարարությունը, թե՝ մանդատը 7 տարով էր, բայց տեւեց յոթ օր, եւ վարչապետը հրաժարական տվեց:

Արմեն Սարգսյանն ակնարկում է, որ Սերժ Սարգսյանի հետ ուներ որոշակի պայմանավորվածություններ, որոնք Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում չեղարկվու՞մ են, ու ըստ այդմ անիմա՞ստ է դառնում ներկայիս կառավարման մոդելում նախագահ մնալը, ու թերեւս անհնար: Արդյոք Արմեն Սարգսյանն ակնարկում է, որ Սերժ Սարգսյանին պետք էր նրան «նախագահ» պահել Կարապետյանների թեւին, մյուս օլիգարխներին, նաեւ Գագիկ Ծառուկյանին հակակշռելու, նաեւ Հայաստանի ու միջազգային հանրությունների հետ կապի համար, իսկ Նիկոլ Փաշինյանին այդպիսի ֆիգուր պետք չէ, քանի որ նա ունի բացառիկ հանրային լեգիտիմություն՝ գերվարչապետական լիազորության պայմաններում:

Թե՞ Արմեն Սարգսյանն ակնարկում է, որ իր «նախագահական» գործառույթը կամ առաքելությունը Սերժ Սարգսյանի բարեհաջող, սահուն, անարյուն եւ ապահով հեռացումն ապահովելն էր, ամեն ինչ տեղի ունեցավ սպասվածից արագ, եւ ըստ այդմ ինքն այլեւս կատարել է իր առաքելությունը նախագահի պաշտոնում:


Միեւնույն ժամանակ, հետաքրքիր է նաեւ իրավիճակը: Արմեն Սարգսյանը նախագահ է ընտրվել հեռացող, հին խորհրդարանի մեծամասնությամբ: Ներկայում այդ մեծամասնությունը չի որոշում բացարձակապես ոչինչ, այլ կատարում է ընդամենը ֆորմալ դեր, մինչեւ խորհրդարանի արտահերթ ընտրություն: Արդյոք Արմեն Սարգսյանը ծրագրում է արտահերթ ընտրությունից հետո հրաժարական ներկայացնել, հայտարարելով, որ նոր խորհրդարանը պետք է ընտրի նոր նախագահ:

Արդյոք կա Արմեն Սարգսյանի վրա այդպիսի «ճնշում» նոր իշխանությունից, թե՞ նա ինքը համարում է, որ նոր իրավիճակում նախագահի կարգավիճակը այլեւս իր համար դառնում է խիստ ցածր կալիբր, քանի որ չկա նաեւ ներքին այն ինտրիգը, որ ուներ Սերժ Սարգսյանի համակարգը:

Այդ տեսանկյունից, Արմեն Սարգսյանը կարող է մտածել Հայաստանի քաղաքական կյանքում ավելի բարձր կարգավիճակի մասին, ինչի համար պետք է ձեւավորել սեփական քաղաքական ուժը: Իսկ դրա համար նա չպետք է լինի նախագահ: Նոր խորհրդարանը գործնականում կարող է լինել այն հանգուցային կետը, որտեղ Արմեն Սարգսյանը կարող է կատարել այդ գծանցումը եւ ներգրավվել արդեն Հայաստանում քաղաքական պայքարի մեջ, ձգտելով արդեն քաղաքական առավել ընդգրկուն եւ որոշիչ կալիբրի:



Ընդ որում, հետաքրքիր է նաեւ, որ Սարգսյանի հայտարարությունները հնչում են նրա Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ ԱՄՆ այցելությունից հետո, որի ընթացքում նա հանդիպել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

Խոշոր հաշվով, Հայաստանում նշանակալի կալիբրի նոր քաղաքական ուժի ձեւավորումը անհրաժեշտություն է, որ բխում է նաեւ թավշյա հեղափոխության տրամաբանությունից: Այդ հեղափոխությունը ամբողջական կարող է լինել ոչ միայն հին իշխանության, այլ հին քաղաքական համակարգի «դուրսգրման» պարագայում: Նիկոլ Փաշինյանի եւ նրա երիտասարդ թիմի արձանագրած նոր իրավիճակը Հայաստանում ըստ էության խաղից դուրս է դրել եւ որոշակիորեն իմաստազրկել է հին բազմաթիվ խաղացողների, գրեթե բոլոր ուժերին ու հասարակական սեկտորի մի զգալի մասին:

Մյուս կողմից, Փաշինյանն ու նրա թիմը չեն կարող ունենալ մենաշնորհ, դա վտանգավոր է թե նրանց, թե պետության համար: Ըստ այդմ, նրանց պետք է լուրջ մրցակից, միաժամանակ արդիական, նոր՝ չորրորդ հանրապետության տրամաբանությանը համարժեք մրցակից:

Մինչեւ արտահերթ ընտրություն այդպիսի մրցակցի ի հայտ գալն անիրական է, բայց մյուս կողմից կարեւոր էլ չէ: Արտահերթ ընտրությանը կարեւոր է հեղափոխության արդյունքի ընտրական արձանագրումն ու այսպես ասած բնականոնացումը, որից՝ նոր իշխանության ամբողջացումից հետո, Հայաստանի խնդիրը պետք է լինի նոր ընդդիմության ձեւավորումը:

Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->