>

1in.am-ը գրում է՝

Քննությամբ հիմնավորվել է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը` Լևոն Սարգսյանը և նրա որդիներն ապօրինի հարստացել են` թաքցնելով հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի գումարներ: Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Լևոն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը նույն օրը դատարանի որոշմամբ բավարարվել է: Լևոն և Անի Սարգսյանների նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Անի և Նարեկ Սարգսյանների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իհարկե, այս տեղեկատվությունը դարձյալ որոշակի հարցեր է առաջացնում, որովհետև Սերժ Սարգսյանի եղբայրը արդեն տաս օր է` կասկածյալի կարգավիճակում էր և փոքր-ինչ տարակուսելի է,  որ գտնվելով իրավապահների տեսադաշտում` նա կարողացել է թաքնվել: Այնուամենայնիվ, արդեն արտառոց է այն փաստը, որ պետության նախկին ղեկավարի եղբայրն ունի հեռակա կալանավորվածի ու հետախուզվողի կարգավիճակ:




Քոչարյանի զոհերը

Աղմկոտ ձերբակալություններն ու բացահայտումներն, ըստ էության, շրջափակման մեջ են առել քրեաօլիգարխիայի առաջին դեմքերին. Մարտի 1-ի գործը դուրս է եկել Ռոբերտ Քոչարյանի հետքի վրա, իսկ Սերժ Սարգսյանի գրեթե բոլոր մերձավորները մեղադրվում են ապօրինի հարստացման կամ այլ հանցագործությունների կատարման մեջ:





Այս համատեքստում խիստ ուշագրավ է ՀՀԿ-ի լռությունը. եթե հաշվի չառնենք Դավիթ Հարությունյանի ու Վահրամ Բաղդասարյանի ռեպլիկները, Սերժ Սարգսյանի կուսակցությունը գրեթե չի արձագանքում տեղի ունեցածին և արտաքուստ անխռով կեցվածքով զբաղված է ԸՕ բարեփոխումներին վերաբերող քննարկումներով:

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն օրերս ասել էր, որ նպատակաուղղված  քայլեր արդեն տեսնում է կոնկրետ անձանց նկատմամբ:


Հարությունյանի տեսակետը խիստ սուբյեկտիվ է. Հայաստանում տեղի ունեցածի մեջ գոնե առայժմ դժվար է նկատել սելեկտիվ կամ անձնավորված թիրախավորման տարրեր: Օրինակ` դժվար է իրավապահ մարմիններին մեղադրել, որ երրորդ նախագահի երկու եղբայրները թաթախված են հանցագործությունների մեջ: Հակառակը` սելեկտիվ վերաբերմունքի մասին հնարավոր կլիներ խոսել, եթե նրանք քրեական հետապնդումից ազատվեին` միայն Սերժ Սարգսյանի եղբայրը լինելու հետևանքով:

Սակայն ՀՀԿ գործիչների պնդումները խոցելի են նույնիսկ գլոբալ հարթության վրա և ավելի շատ աշխատում են հենց նախորդ իշխանության դեմ: Համոզված կարող ենք պնդել, որ աղմկոտ բացահայտումներ կլինեն ցանկացած ոլորտի ստուգման պարագայում: Անցած քսան տարիներին կոռուպցիան Հայաստանում ունեցել է համակարգային բնույթ և ապականված է պետական ամբողջ համակարգն` իր բոլոր սեգմենտներով:

Անկեղծ ասած` դժվար է պատկերացնել, որ ՀՀԿ-ն կարող է քաղաքական բաղադրիչ գտնել Լևոն Սարգսյանի, Վաչագան Ղազարյանի գործերում կամ Սաշիկ Սարգսյանի տան խուզարկության ընթացակարգում: Տարիներ շարունակ մամուլը գրել է այս և Սերժ Սարգսյանի շրջապատի այլ մարդկանց հանցագործությունների մասին. հիմա ԱԱԾ-ն կամ իրավապահ մյուս մարմինները դրանց վրայից հանում են քողածածկույթը` հասարակության համար ակնհայտ դարձնելով նախորդ իշխանության քրեական դեմքը:



Գուցե պարասոքսալ հնչի, սակայն իշխանությունների հակակոռուպցիոն քաղաքականությունն անուղղակիորեն կարող է օգտակար լինել նաև ՀՀԿ-ի համար, որն ակամայից ձերբազատվում է հակահեղափոթյան ռևանշի հետ ասոցացվող շերտերից` ստանալով քաղաքական ռեաբիլիտացիայի հնարավորություն: Գուցե նաև սրանով է բացատրվում ՀՀԿ, այսպես կոչված, քաղաքական թևի անտարբեր վերաբերմունքը յուրայինների ձերբակալությունների փաստին:

Սակայն նոր Հայաստանի քաղաքական համակարգին ինտեգրվելու համար բավարար չէ միայն ինտելեկտուալ դեմքերին առաջ բերելը. ՀՀԿ-ն անխուսափելի պետք է դուրս գա նաև Սերժ Սարգսյանի ստվերից: Վերջինս ՀՀԿ վերնախավի համար վերջին տաս տարում ապահովել է յուղոտ պաշտոններ, թալանի հնարավորություն, սակայն կուսակցությանը զրկել է քաղաքական հեռանկարից` նրան դարձնելով քրեաօլիգարխիայի ցուցանակ:

ՀՀԿ-ն կանգնած է լուրջ երկընտրանքի առջև` ընտրություն կատարել Սերժ Սարգսյանի և քաղաքական հեռանկարի միջև: Այդ երկընտրանքը ՀՀԿ-ին կարող է հասցնել ցայտնոտի և քաղաքական վերջնական ֆիասկոյի: Ու թերևս մնում է, որ Սերժ Սարգսյանն անի իր վերջին քայլը. հայտարարի ՀՀԿ նախագահի պաշտոնից և քաղաքականությունից հեռանալու որոշման մասին: Սա կլինի ՀՀԿ-ին մատուցած նրա ամենամեծ ծառայությունը:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->