>

Lragir.am-ը գրում է՝

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է հրաժարականի մասին: Այն, որ նրա հրաժարականն օդում էր, ակնհայտ դարձավ այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց օդից նկարված նրա ունեցվածքը՝ օդից եկած ունեցվածքը: Բայց Տարոն Մարգարյանը մի քանի օր շարունակ դիմադրում էր: Թեեւ, հնարավոր չէ այդ մասին պնդել, որովհետեւ գուցե նա մի քանի օր շարունակ աշխատում էր հրաժարականի տեքստի վրա, որն ի վերջո կարողացել է բերել ամփոփ տեսքի հուլիսի 9-ին:




Քոչարյանի զոհերը

Ինչպես հայտնի է, Տարոն Մարգարյանի մի քանի դղյակների ցուցադրությունից առաջ ԱԱԾ-ն մուտք էր գործել քաղաքապետարան եւ սկսել էր քննել Երեւան հիմնադրամի գործերը, բացահայտելով, որ պարտադիր-կամավոր սկզբունքով նվիրատվություններ են եղել եւ միայն այդ պայմանով են մարդիկ այս կամ այն թույլտվությունը ստացել քաղաքապետարանից:





Տարոն Մարգարյանը նաեւ մի առիթով ասել է, ըստ մամուլի, թե ինքը պատրաստ է լինել «քաղբանտարկյալ», բայց հրաժարական չի տա: Մարգարյանը երեւի դիրքերը պահելու իր ուժերը հաշվարկել էր ըստ ունեցվածքի, սակայն պարզվեց, որ ունեցվածքն ավելի շատ էր, քան քաղաքապետի դիրքը պահելու ուժը: Իսկ կկարողանա՞ Տարոն Մարգարյանը պահել ունեցվածքը, այն, որ եկել էր օդից եւ օդից էլ նկարվել:

Իհարկե, խնդիրը Մարգարյանի ունեցվածքը խլելը չէ, եւ ընդհանրապես որեւէ մեկի ունեցվածքը խլելը խնդիր չէ, այլ ընդամենը դրա ծագման օրինականությունը ստուգելը եւ պետությունից ու հանրությունից գողացած լինելու դեպքում այն պետությանն ու հանրությանը վերադարձնելը:


Իսկ Տարոն Մարգարյանն առ այսօր որեւէ հոդաբաշխ բացատրություն չի տվել իր ահռելի ունեցվածքի վերաբերյալ, որի մի զգալի մասը գրանցված է հարազատների անունով: Կտա՞ Տարոն Մարգարյանը բացատրություն: Դա կանի որպես վկա՞, թե՞ որպես կասկածյալ կամ մեղադրյալ:

Կդառնա՞ Տարոն Մարգարյանը «քաղբանտարկյալ», թե՞ իրավապահներն այդուհանդերձ նրան չեն պատճառի այդ «հաճույքը» եւ թույլ կտան դառնալ «վտարանդի» կամ «փախստական», նրա հանդեպ հայտարարելով հետախուզում, ինչպես Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի, կամ ինչպես պաշտպանության մարտիմեկյան նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ:



Այդպիսով, Հայաստանից դուրս աստիճանաբար կձեւավորվի «վտարանդի» մի յուրօրինակ կառավարություն, որի «գործառույթը» կլինի անընդհատ թաքնվելը թե Հայաստանի, թե այլ երկրների իրավապահներից, հայտնվելով արդեն ոչ միայն հայաստանյան, այլ միջազգային մասշտաբի իրավական պատասխանատվության ներքո: Իսկ նրանց բոլորի փոխարեն Հայաստանում պատասխան կտա Սաշիկ Սարգսյանը, որը կլինի այսպես ասած «հերթապահ» բերման ենթարկվողը:

Իրավիճակն իհարկե ամենեւին կատակի տեղիք տվող չէ, քանի որ խոսքը պետությունը խժռած մի համակարգի ապամոնտաժման մասին է, ինչը չափազանց բարդ եւ նուրբ գործ է, գործնականում չտեսնված մի «վիրահատություն»՝ այդ համակարգի «ստամոքսից» պետք է դուրս բերվի «պետությունը» հնարավորինս ամբողջական եւ անվնաս, ու նաեւ հնարավորինս արագ, քանի դեռ չեն հասցրել «մարսել» ամբողջությամբ:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->