>

Հուլիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Բրյուսել, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Եվրամիության բարձր մակարդակի ղեկավարների հետ։ Սպասվում է, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Նա, իհարկե, անցած շաբաթ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր մասնակցությունը պայմանավորված է գագաթնաժողովի վերջնական փաստաթղթի՝ կոմյունիկեի տեքստով, որում, եթե չլինեն մեզ համար անընդունելի ձևակերպումներ, ինքը կմասնակցի գագաթնաժողովին։ Զուգահեռաբար, այսօր հայտնի դարձավ, որ հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Դա ԱԳ նախարարների առաջին հանդիպումն է լինելու Հայաստանում թավշյա հեղափոխությունից ու Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո։ Դա ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն է լինելու նաև մայիսի 9-ին Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց։




Քոչարյանի զոհերը

Նրկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը ուղիղ հայտարարություն էր, երկիմաստ հայտարարություն չէր ու, ըստ էության, իմպերատիվ, նախապայմանի նշանակություն ունեցող հայտարարություն էր։ Դա ենթադրում էր, որ այդ պահից սկսած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հայկական կողմը բանակցությունների չի մասնակցի, եթե չապահովվի Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը այդ գործընթացին։ Հիմա, փաստորեն, Հայաստանը մասնակցում է արտգործնախարարների հանդիպմանը, ինչն արդեն նշանակում է նահանջ Նիկոլ Փաշինյանի իմպերատիվ հայտարարություն-նախապայմանից։





Իհարկե կարելի է տարբեր ձևակերպումներ գտնել այն մասին, որ արտգործնախարարների հանդիպումն ավելի շատ տեխնիկական բնույթի հանդիպում է, որ կարևորը երկրի ղեկավարների հանդիպումն է, և որ գուցե Նիկոլ Փաշինյանի պահանջը կյանքի կկոչվի այդ ժամանակ, երբ կկազմակերպվի նրա ու ենթադրաբար նաև ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սակայն դատելով վերջին մի քանի իրադարձություններից, նման հանդիպում հազիվ թե տեղի ունենա, քանի որ այնպիսի տպավորություն է, որ հայկական կողմը հրաժարվել է Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու պահանջից։

Այդպիսի տպավորություն է թողնում նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի վերջին հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» ծրագրին։ Նա բավական հանգամանորեն անդրադառնում է բանակցային գործըթնացին, սակայն այդ անդրադարձում չի հնչում որևէ ուղիղ հայտարարություն այն մասին, որ Հայաստանը շարունակում է առաջնորդվել Ղարաբաղին բանակցային գործընթաց վերադարձնելու սկզբունքով։

Պատասխանելով Արամ Աբրահամյանի հարցին, որ 20 տարուց ավելի մեր դիվանագիտությունը մոտավորապես նույնն է ասում, որ Ղարաբաղի ձայնը լսելի և որոշիչ չէ, Զոհրաբ Մնացականյանն ասում է. «Չէի ասի, որ Ղարաբաղի ձայնը լսելի և որոշիչ չէ։ Ղարաբաղը և՛ համանախագահողների կողմից, և՛ մեր կողմից հստակորեն ներգրավված է և տեղյակ է գործընթացի էության, բովանդակության և՛ ուղիների մասին, և՛ ճանապարհների մասին, որոնք բանակցային սեղանի վրա են»։ Այսքանը։ Ոչ մի խոսք Ղարաբաղը բանակցային լիարժեք կողմ դարձնելու մասին։ Այն մասին, որ դա եղել է Նիկոլ Փաշինյանի առաջին հայեցակարգային հայտարարությունը վարչապետի պաշտոնում ընտրվելու հաջորդ իսկ օրը։


Ինչ է փոխվել այս ընթացքում, ինչու է Հայաստանն անուղղակիորեն հրաժարվում այդ պահանջից։ Այս հարցերին ուղիղ պատասխաններ, իհարկե, չկան, գոնե հրապարակային մակարդակում։ Բայց անուղղակիորեն այդ հարցերի պատասխանները կարող են թաքնված լինել անցած շաբաթ կայացած մի հանդիպման ու դրա մասին պատմող հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մի քանի օր առաջ հանդիպել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, «վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և փուլային կարգավորման օգտին՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը»:



«Վերահաստատվել է Ռուսաստանի դիրքորոշումը, որը կողմ է կայունությանը տարածաշրջանում, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ, փուլային կարգավորման օգտին՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը»,- նշված է ՌԴ անվտանգության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Դրանում ամենաուշագրավը ու մեզ համար վտանգավորը կարգավորման փուլային տարբերակի շեշտումն է, ինչն արդեն իսկ բացառում է Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին, քանի որ փուլային տարբերակի դեպքում Ղարաբաղը հանդես է գալիս ոչ թե որպես բանակցային սուբյեկտ, այլ՝ օբյեկտ։

Ի՞նչն է ստիպել Պուտին-Թրամփ հանդիպումից, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից ու Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարելիք այցից առաջ ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավարի մակարդակով հիշեցնել ղարաբաղյան հարցի կարգավորման փուլային տարբերակի մասին։ Արդյոք բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության մասին պահանջից նահանջը տեղի է ունենում Ռուսաստանի ճնշման ներքո։ Ինչի՞ շուրջ են խոսելու ՀՀ և Ադրբեջանի նախագահները Բրյուսելում, և հնարավոր է արդյոք, որ Ղարաբաղի հարցը քննարկման առարկա դառնա Պուտին-Թրամփ հանդիպման շրջանակներում։

Սրանք ևս հարցեր են, որոնց պատասխաններն առայժմ չկան և հրապարակ կգան թերևս առաջիկա օրերին։ Այս հարցերի ոչ հայանպաստ պատասխանների բացառումը ևս պետք է լինի Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումների օրակարգում, այլապես ստիպված կլինենք արձանագրել, որ հերթական անգամ Ռուսաստանի ճնշումը Հայաստանի նկատմամբ ծառայում է իր նպատակին։

Այս համատեքստում միանգամայն այլ նշանակություն են ստանում ռուսական փորձագիտական շրջանակների, մասնավորապես Դուգինի այն հայտարարությունները, թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից առաջ Սերժ Սարգսյանը ազատագրված 5 շրջանները վերադարձնելու համաձայնություն է տվել, ինչի դիմաց ստացել է վարչապետի պաշտոնում մնալու համար Ռուսաստանի համաձայնությունը։ Սերժ Սարգսյանն արդեն վարչապետ չէ, բայց վարչապետ է Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարել է, թե արտաքին քաղաքական հարցերում շարունակելու է նախորդ իշխանության քաղաքականությունը։ Վտանգավոր է։

Աղբյուր՝ «Առաջին լրատվական»

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->