Սերժ Սարգսյանը ցանկանում է ԱԱԾ ընդունելությունների տունն իրենով անել. վարչապետը դեմ է — ingablog

Armtimes.com-ը գրում է՝


Սերժ Սարգսյանի տան հարցը չի լուծվում: Կառավարական ամառանոցում իր 10 տարվա ծառայողական շքեղ առանձնատնից հրաժարվելուց հետո, Սերժ Սարգսյանը ցանկանում է պետությունից մեկ այլ շքեղ շինություն իրենով անել: Ոչ ավել, ոչ պակաս Սերժ Սարգսյանն աչք է դրել Մոնումենտում՝ Բաբայան փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների քառահարկ տան վրա: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Սակայն Աղաջանյանի փոխանցմամբ՝ կառավարությունը չի պատրաստվում բավարարել Սերժ Սարգսյանի այս ցանկությունը:

ԱԱԾ ընդունելությունների շքեղ տուն, այն ունի 4 հարկ:

«Քննարկվում էր ԱԱԾ ընդունելությունների տան տարբերակը, որը չընդունվեց մեր կողմից: Վարչապետը չընդունեց այդ տարբերակը եւ առհասարակ նպատակահարմար չգտանք: Նպատակահարմար չգտանք տալ, քանի որ համեմատած նախորդ երկու նախագահներին տրամադրված գույքի, սա շատ մեծ էր»,- ասաց աշխատակազմի ղեկավարը:


Ընդունելությունների տան այգում մի հատվածը՝ հսկայական տարածքից 

Սրան զուգահեռ էլ կառավարությունն է Սերժ Սարգսյանին առանձնատուն առաջարկել: Սակայն տունը նրա սրտով չի եղել:

«Առաջարկել ենք տուն, որը գտնվում էր ԱԱԾ ընդունելությունների տան հարեւանությամբ, որը մասնավոր էր եւ պետք է գնեինք: Մեր կողմից մի քանի այլ տարբերակներ էլ են առաջարկվել, բայց Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները մեզ տեղեկացրեցին, որ մեր առաջարկած տարբերակներում անվտանգությունն ապահովելն այդ պայմաններում գրեթե հնարավոր չէ: Այդ պատճառով փոքր-ինչ այս գործընթացքը հետաձգվեց»,- պարզաբանեց Էդուարդ Աղաջանյանը:

Առանձնատան հետնամասը, որտեղ առկա է նաեւ լողավազան

Պարզվում է, որ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում որեւէ տարածք չկա, որը կարելի է տալ Սերժ Սարգսյանին: Այս խնդիրն՝ Աղաջանյանի փոխանցմամբ, եւս ուշացման պատճառ է, քանի որ նախկին նախագահներին տրվել են տարածքներ, որոնք եղել են պետգույքի վարչության հաշվեկշռում:

«Հաշվի առնելով, որ պետգույքի հաշվեկշռում որեւէ հարմար տարբերակ չկա, մենք աշխատում ենք որեւէ գույք գտնել: Դրանով զբաղվում են նաեւ Սերժ Սարգսյանի գրասենյակի աշխատակիցները: Պետք է գտնեն տարածք, որը հավանաբար պետությունը կգնի»,- ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Ընդգծվածը տարածքի այլ շինություններից մեկն է, որը երեւում է առանց տարածք մտնելու


«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ի՞նչ սկզբունքերով ու չափորոշիչներով է որոշվում պաշտոնաթող նախագահին տրվելիք բնակարանը, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Որպես ելակետային հիմք ընտրել ենք նախորդ երկու նախագահներին տրամադրված տները՝ չափսերով եւ մնացած այլ պայմաններով: Պարտադիր պայման չկա»:

Անդրադառնալով ԱԱԾ ընդունելությունների տանը նշենք, որ այն հսկայական տարածք է: Շքեղ 4 հարկանի շինությունը գտնվում է պարսպապատ ծառախիտ այգում: Շինությանը կից բարձրադիր վայրերից մեկից հնարավոր եղավ լուսանկարել շինության տարածքը, որտեղ ընդունելությունների տանը կից կա մեկ այլ շինություն, իսկ դրա հարեւանությամբ՝ լողավազան: Ընդունելությունների տնից հեռու՝ նույն տարածքում, առկա են նաեւ այլ շինություններ:

Սերժ Սարգսյանը նախկինում էլ է ցանկացել այս հսկայական տարածքն առկա շենք-շինություններով իրենով անել: Սակայն, չգիտես ինչու, վերջին պահին մտափոխվել է եւ ցանկացել է, որպես ՀՀ 3-րդ պաշտոնաթող նախագահ, պետությունից վերցնել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող այն շքեղ առանձնատունը, որը իրեն է սպասարկել նախագահության 10 տարիներին: Ի դեպ, այդ առանձնատունը ամրացված է 6-րդ մասնաշենքում, որը ներառում է նաեւ սպասարկման տարածք՝ 1.5365 հեկտար: Այս տարածքը համարժեք է երեք ֆուտբոլային դաշտի:

«Շատ շնորհակալ եմ այդպիսի որոշման համար, բայց այսօր ես եմ կառավարության ղեկավարը եւ ես եմ նստած նիստը անցկացնողի բազկաթոռին: Սա այլ իրավիճակ է: Ուստի, ես որոշում եմ կայացրել հրաժարվել այդ տան նկատմամբ սեփականության իրավունքից հենց առաջին նիստի ժամանակ, որը ես կանցկացնեմ: Այսինքն՝ այսօր: Հիմա Հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ»,- ապրիլի 19-ին, մասնավորապես, ասել էր Սերժ Սարգսյանը:

Միանգամայն պարզ է, որ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը ձեւական բնույթ էր կրում եւ ինչ-որ չափով փորձում էր հանգստացնել այդ օրերին իր հրաժարականը պահանջող հարյուր հազարավոր քաղաքացիներին: Եթե նա չցանկանար, որ այդ առանձնատունը իրեն տրվի, ապա սեփական դիմումով չէր դիմի կառավարությանը՝ այդ տունը իրեն տալու պահանջով:

Ի դեպ, փոփոխված օրենսդրությամբ՝ հանրապետության պաշտոնափող նախագահն այլեւս չունի նման արտոնություններ: Պաշտոնավարման ավարտից հետո բնակարանով ապահովվելու է ՀՀ վարչապետը, ինչպես նաեւ պետությունն ապահովելու է նրա գրասենյակի ֆինանսավորումն եւ անձի անվտանգության պահպանումը:

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin