>

Lragir.am-ը գրում է՝

Հուլիսի 11-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որը առաջինն է Զոհրաբ Մնացականյան-Մամեդյարով ֆորմատով: Հանդիպումը կազմակերպել են Մինսկի խմբի համանախագահները: Ընդդեմ իրավական կամայականությունների կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը հուլիսի 10-ին հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահները չեն աջակցի Արցախը բանակցային կողմ դարձնելու Երեւանի մտադրությանը, կամ լավագույն դեպքում դա կանեն լռելյայն, ավելի խորքային շերտերում:

Ալավերդյանն իրավացի է, ու նաեւ միանգամայն օբյեկտիվ է, որ համանախագահները հրապարակավ չեն աջակցում Երեւանի այդ մտադրությանը կամ հայտին: Բանն այն է, որ Երեւանը դեռ ինքը այդ մտադրությանը կամ հայտին չի տվել կոնցեպտուալ ձեւակերպում, ըստ այդմ համանախագահների մոտ առնվազն առկա է պարզ հարց՝ իսկ ինչի՞ն աջակցել, իսկ ո՞րն է լինելու հաջորդ քայլը, իսկ Երեւանը որքանո՞վ է հաստատուն լինելու իր այդ հայտում:




Քոչարյանի զոհերը

Ավելին, խնդիրն ըստ էության ոչ թե այն է, որ համանախագահները պետք է աջակցեն Երեւանի այդ նախաձեռնությանը կամ հայտին, այլ նրանց նախաձեռնությունն ունի Երեւանի աջակցության՝ լիարժեք ու հաստատուն աջակցության կարիքը:





Բանն այն է, որ Արցախը սուբյեկտ դարձնելու դե ֆակտո հայտը եկել է Մինսկի խմբի համանախագահներից, ապրիլի քառօրյա պատերազմից հետո, Վիեննայի օրակարգով: Շփման գծում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրման օրակարգը այլ բան չէ, քան Արցախի սուբյեկտության յուրօրինակ ճանաչման առաջարկ կամ նախաձեռնություն, որովհետեւ դրանք ի վերջո պետք է միջազգային մանդատի ներքո տեղադրվեն հենց արցախ-ադրբեջանական սահմանին, դրանով իսկ կատարելով յուրօրինակ սահմանազատիչ դեր:

Դա է նաեւ պատճառը, որ Ադրբեջանը դրանք համարում է ստատուս-քվոյի դե ֆակտո ճանաչում եւ հրաժարվում այդ հարցի քննարկումից եւ մեխանիզմների ներդրումից:


Հայաստանի նախորդ իշխանության պահվածքն այդ հարցում հարաբերական եւ ինչ որ առումով անհասկանալի էր: Սերժ Սարգսյանը Սանկտ-Պետերբուրգից հետո միանգամայն համարժեք հայտարարեց, որ եթե Ադրբեջանը մի ձեռքով նստելու է բանակցության, մյուսով կրակելու է, ապա բանակցությունը չունի որեւէ իմաստ: Բայց, մոտ մեկ տարի անց Սարգսյանը գնաց Ժնեւի հանդիպմանը, թեեւ հայտարարեց, որ դրանում որեւէ խոսք չի եղել կարգավորման մասին:

Այդ դեպքում ինչի՞ մասին էր եղել խոսքը: Այն ժամանակ համարձակվել էի ենթադրել, որ գուցե ավելի շատ խոսվել է Հայաստանում ու Ադրբեջանում ներքին զարգացումների, Սերժ Սարգսյանի եւ Ալիեւի իշխանության հարցերի մասին, քանի որ երկուստեք կար իշխանության անցման շրջանի խնդիրը, իսկ դա անկասկած իր անմիջական ազդեցությունն է թողնում նաեւ Արցախի խնդրի վրա:

Այդուհանդերձ մի բան նկատելի էր, որ Երեւանն այդպես էլ միարժեք ու հստակ չի պնդել Վիեննայի օրակարգի իրագործումը, որպես բանակցությունը վերսկսելու պայման: Մյուս կողմից, անշուշտ պետք է տարբերակել բանակցություն եւ հանդիպում հասկացությունները, սակայն տվյալ պարագայում դրանք ըստ էության տեխնիկական հարցեր են դառնում, իսկ կարեւորը այն է, թե կոնցեպտուալ տեսանկյունից Հայաստանը որքանով է հստակ եւ միարժեք պնդում Վիեննայի օրակարգի իրագործման անհրաժեշտությունը:



Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո արել է այդ առնչությամբ մի քանի էական հայտարարություն, ներառյալ մայիսի 9-ին Ստեփանակերտում հնչեցրած խոսքերը, սակայն Հայաստանը ունի այդ տեսանկյունից իր օրակարգը առավել որոշակիացնելու խնդիր: Դա չի նշանակում, որ դրանից հետո համանախագահները անմիջապես կհայտարարեն, որ Արցախը պետք է լինի կողմ: Այստեղ ի վերջո քաղաքական գործընթացի, քաղաքական թեմատիկայի եւ բովանդակության, հարաբերության օրակարգի հարց է:

Բայց հենց դա է հարցը՝ Հայաստանի խոսելիքն ու օրակարգը Մինսկի խմբի համանախագահների հետ, որովհետեւ Բաքվի հետ Հայաստանը խոսելիք չունի բացարձակապես, ընդ որում ոչ թե կամայականորեն, այլ Բաքվի ռազմավարությունից ու մարտավարությունց բխող օբյեկտիվությամբ: Հայաստանի խոսելիքը համանախագահ եռյակի, Բրյուսելի, Իրանի, նույնիսկ Անկարայի հետ է, բայց ոչ Բաքվի:

Ի դեպ, Բրյուսելում հուլիսի 11-ին լինելու է նաեւ Փաշինյանը, իսկ մինչ այդ էլ նա Իրանի նախագահի անունից ստացել է Իրան այցելելու հրավեր:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->